Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դիտորդները գոհ են նաեւ Ուկրաինայի ընտրություններից

Ապրիլ 01,2006 00:00

ՕԵԿ պատգամավոր Մեխակ Մխիթարյանը որպես դիտորդ հետեւել է Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին:

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միայն երեկ ազդարարեց մարտի 26-ին կայացած քվեարկության նախնական արդյունքները: Ընդ որում՝ վերապահում արվեց, թե այդ տվյալները դեռ չունեն իրավական ուժ: Ըստ այդմ, զուտ նախնական արդյունքներով՝ Յանուկովիչի «Ռեգիոնների կուսակցությունը» ստանալու է խորհրդարանի 186 տեղերը, Յուլիա Տիմոշենկոյի դաշինքը՝ 129 մանդատ, իսկ Յուշչենկոյի «Մեր Ուկրաինան»՝ 81 տեղ: 33 տեղ բաժին է հասել Սոցիալիստական կուսակցությանը, իսկ կոմկուսին էլ՝ 21:

Հայ դիտորդները միայն հինգշաբթի գիշերը վերադարձան Ուկրաինայից: Նրանք այս ընտրություններում ներկայացրել էին տարբեր կազմակերպություններ: Գուրգեն Արսենյանն ընդգրկված էր Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելության կազմում, Հովհաննես Մարգարյանը եւ Ռաֆիկ Գրիգորյանը՝ ԱՊՀ դիտորդական խմբում, Սամվել Նիկոյանը մասնակցում էր որպես ԵԱՀԿ դիտորդ: Մեր զրուցակից Մեխակ Մխիթարյանը որպես դիտորդ էր ներգրավված Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի կողմից: Եվ Ուկրաինայի ընտրություններն այսպես գնահատեց. «Կազմակերպական մակարդակով այդ ընտրություններն անցան, իմ պատկերացմամբ, անթերի, բարձր մակարդակով, արդար ու թափանցիկ: Աշխատանքի ծավալներն ահռելի էին, եւ դժվար է զուգահեռներ տանել մեր ընտրությունների հետ՝ զուտ կազմակերպական իմաստով: Ռադայի ընտրություններին զուգահեռ՝ նույն օրն անցկացվում էին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում նաեւ՝ քաղաքապետերի ընտրություններ: Սակայն որեւէ դժգոհություն չեղավ ընտրությունների ելքից. բոլորը կարծում էին, որ դա իսկապես ժողովրդի ընտրությունն է»:

Մեխակ Մխիթարյանն առանձնահատուկ նշեց նաեւ ժողովրդի վերաբերմունքն այդ ընտրությունների նկատմամբ. «Ակտիվությունն ուղղակի ապշեցուցիչ էր: Մենք առիթ ունեցանք լինելու ոչ միայն Կիեւում, այլ նաեւ Չերկասսկի, Վլադիմիրսկի, Բելոցերկովսկի մարզերում: Եվ գրեթե բոլոր տեղամասերում նույն իրավիճակն էր՝ հերթեր քվեարկելու համար, որ, իհարկե, թերություն է: Սակայն այդ տեղամասերում չտեսա որեւէ ընտրողի, որին տնից բերած լինեին մեքենայով: Նույնիսկ զարմանալի էր: Քվեարկության էին գալիս խանդավառությամբ: Հատկապես տարեց մարդիկ գալիս էին շքանշանները փակցրած: Իսկապես տոնական մթնոլորտ էր: Ոստիկանները հսկում էին քվեարկության ընթացքը, բայց առիթ չեղավ, որ միջամտեն»:

Հայաստանում այս ընտրությունների կապակցությամբ հնչած առաջին իսկ գնահատականն էր, թե դրանք ձախողում էին «նարնջագույն հեղափոխության զավակների» համար: Մեր հարցին, թե իր տպավորությամբ, ուկրաինացիներն իրո՞ք հիասթափություն են ապրում հեղափոխության առաջնորդներից՝ պրն Մխիթարյանը պատասխանեց. «Որոշակի դժգոհություն կար հատկապես Ուկրաինայի նախագահի կուսակցության նկատմամբ: Իսկ Յուլիա Տիմոշենկոն, ընդհակառակը, բավական մեծ հեղինակություն է վայելում, եւ, օրինակ, Կիեւում ձայների մեծամասնությունը նրանն էր: Յանուկովիչը հիմնականում շահեց ռեգիոնների շնորհիվ»:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել