Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԵՆ

Ապրիլ 05,2006 00:00

ԱՆԴՐԵՆ ՍԿՍՈՒՄ Է ՆԱԽԱԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ «ԱՐՇԱՎԸ» Երեկ Հանրային ռադիոյի մամլո սրահում Հ1-ի արտաքին հարաբերությունների կապերի պետ, «Եվրատեսիլ-2006» մրցույթի հայկական պատվիրակության ղեկավար Դիաննա Մնացականյանը եւ երգիչ Անդրեն հանդիպում ունեցան լրագրողների հետ: Ըստ էության, տեղեկացվեց ընդամենը հետեւյալը. Անդրեն մինչ մրցույթ մեկնելը պատրաստվում է ելույթ ունենալ «Եվրատեսիլի» անդամ 7 պետություններում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ֆրանսիայում, Կիպրոսում եւ այլն, իսկ օրերս երգիչը կմեկնի Մոսկվա, որտեղ հանդես կգա ռուսական էստրադայի ճանաչված դեմքեր Իրինա Ալեգրովայի, Իոսիֆ Կոբզոնի եւ այլոց հետ: Կմասնակցի նաեւ անդամ պետությունների TV-ներում կազմակերպված թոք-շոուներին: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերը բանախոսներին: – Ասեկոսեներից խուսափելու համար հնարավոր չէ՞ր երգի եւ երգչի ընտրությունը կատարել թափանցիկ: Օրինակ՝ այնպես, ինչպես կատարվեց Ռուսաստանում: Դ. Մնացականյան.- Ըստ «Եվրատեսիլ» մրցույթի անցկացման կարգի, նշված ընտրությունները կարող են կատարվել փակ եւ բաց քվեարկությամբ: Մենք Հայաստանի մասնակցության մասին տեղեկացանք բավական ուշ՝ դեկտեմբերի 26-ին եւ Հ1-ը ընտրեց փակ քվեարկության տարբերակը: – Հայ երգիչը ելույթներ կունենա, ինչպես տեղեկացրիք՝ «Եվրատեսիլի» անդամ 7 երկրում, իսկ Հայաստանում կտեսնե՞նք որեւէ երկրի ներկայացուցչի: Դ. Մնացականյան.- Ավելի մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում: Բանակցային փուլը դեռ ընթացքի մեջ է: Այս պահին կարող եմ ասել, որ Հայաստան կայցելեն Կիպրոսի, Իսրայելի, Մոսկվայի՝ «Եվրատեսիլում» հանդես եկող կատարողները: – Կազմված է նաեւ Անդրեի «աջակցող խումբը», որում ընդգրկված են երգչի գործընկերներն ու Հ1-ի ներկայացուցիչները: Հնարավոր չէ՞ր ընդգրկել նաեւ Անդրեի երկրպագուներից: Դ. Մնացականյան.- Այդ խմբում ընդգրկված է 25 հոգի, իսկ ֆանատները կամ ցանկացողները կարող են գալ իրենց ծախսերով: Հ1-ը իր ֆինանսական կարողություններով չի կարող համեմատվել BBC-ի, OPT-ի եւ մյուս աշխարհահռչակ հեռուստաընկերությունների հետ: – Մեզ հասած տեղեկություններով, «Երատեսիլում» հանդես եկող երգիչը զրկված է իր քմահաճույքներով այս կամ այն համերգին մասնակցելուց: Դուք ապրիլի 5-ին այլ երգիչ-երգչուհիների հետ ընդգրկված եք Ազգային օպերային թատրոնում կայանալիք համերգում եւ պտտվում են լուրեր, թե համերգի կազմակերպիչները պարծենալով ձեր մասնակցությամբ, ասում են իբր համաձայնել եք՝ մեկ երգի համար պահանջելով 500 դոլար: Անդրե.- «Եվրատեսիլի» կանոնադրությամբ նման բան չկա: Մրցույթից հետո միայն հաղթողը երկու շաբաթ իրավունք չունի որեւէ համերգային շրջագայության: Ինչ վերաբերում է երեւանյան համերգին, ապա չեմ պատրաստվում հոնորարներիս չափը հրապարակել, քանի որ չեմ կարծում, որ դա է այսօր հետաքրքրում հանդիսատեսին: – Եվրատեսիլյան երգի տեքստի հայկական տարբերակը կա՞ արդեն: Եթե ոչ, գոնե տեղեկացրեք, թե ինչի մասին է երգը եւ թարգմանեք կրկներգը: Անդրե.- Երգն իմ սրտով է ու, ամենակարեւորը՝ սիրո մասին է: Կրկներգի թարգմանությունը հետեւյալն է. ապրեմ թե մահանամ՝ առանց քո սիրո: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել