Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՀՀ-ՈՒՄ «ՎԻՆԵԳՐԵՏ» Է

Ապրիլ 22,2006 00:00

«Նոր
Հայաստան» կազմակերպության «Սեւ ու սպիտակ» ակումբում երեկ ասաց ՀՀԿ խմբակցության
պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ «Քաղաքական ընտրանին եւ ազգային անվտանգությունը» թեմայով
իր ելույթում: Ներկայացնում ենք հատվածներ նրա բանախոսությունից: «Իմ
հարցադրումներն այսօր վերաբերելու են հետեւյալին. ի՞նչ է ենթադրում ազգային անվտանգությունը,
ի՞նչ պետք է անել ազգի, պետության համար, որտե՞ղ պետք է անել, ե՞րբ պետք է անել,
ինչպե՞ս պետք է անել: Սակայն, ըստ իս՝ ամենակարեւոր հարցադրումներից մեկն է, թե ո՞վ
պետք է անի: … Քաղաքական ընտրանի կոչվածն, ինքն իրենով, ձեւակերպմամբ, ի
սկզբանե կոչված էր պատասխանել այդ «ո՞վ պետք է անի» հարցին: … Քաղաքական
համակարգի անկատարությունը, որը մեզանում կա, եւ դա ակնհայտ է, քանի որ կուսակցություն
հասկացությունը, որը քաղաքակիրթ քաղաքական համակարգի հիմնասյունն է, «3 կետերից մեկը»՝
հասարակության մեջ վարկաբեկված եզր է: Կուսակցական լինելը, առհասարակ այս կամ այն
կուսակցությանը պատկանելն իր մեջ կրում է որոշակի պիտակավորում հասարակության որոշակի
շերտերում: … Քաղաքականությամբ Հայաստանում զբաղվում են իրականում բոլորը,
ովքեր մի քիչ պարապ են մնացել. միգուցե ասեք՝ նաեւ ես: Ամերիկյան մի ասացվածք կա,
որը հնչում է մոտավորապես այսպես՝ «շատ ցավալի է, որ բոլոր այն մարդիկ, որոնք գիտեն,
թե ինչպես պետք է աշխատել նախագահ՝ վարսավիրներ կամ վարորդներ են աշխատում»: Այս
մոտեցումը մեզանում նույնպես արդիական է: Եվ քաղաքականությունը դուրս է մնում մասնագիտական
որոշակի օրինաչափություններից: … Ի՞նչ խճանկար է իրենից ներկայացնում քաղաքական
ընտրանին ներկայիս Հայաստանում: Այն, նախ եւ առաջ՝ նախկին կոմկուսակցական նոմենկլատուրան
է, որը կարողացել է ժամանակին վերաձեւավորվել: Եվ եթե ժամանակին խոսում էր կոմունիստական
կուսակցության առաջնորդների մասին՝ ըստ ԽՍՀՄ սահմանադրության 6-րդ հոդվածի, հիմա
կարող է նույն տոնով ու եռանդով խոսել մարդու իրավունքների եւ եվրաինտեգրացիայի մասին:
Որեւէ մեկին չեմ ակնարկում, թեեւ ակնարկս բավական թափանցիկ է: Երկրորդ տեսակը մարդիկ
են, ովքեր տնտեսական դաշտում հասնելով որոշակի հաջողությունների, կամ տնտեսական դաշտում
հաջողություններ պայմանավորելու նպատակով մտնում են քաղաքականության մեջ: Քաղաքական
ընտրանու երրորդ խումբ հատվածը մարդիկ են, որոնք քաղաքականության մեջ են հայտնվել
նորագույն պատմության ընթացքում, անցել արցախյան ազատամարտը, ժողովրդի եւ պետության
հետ ապրել այս ամբողջ ընթացքը եւ նույնպես գտնվում են քաղաքական դաշտում, թեպետ իրենց
դերը փոքրացել է 21-րդ դարի շեմի Հայաստանում: Չորրորդ խումբը նոր հոսանքներ
են, որոնք կարող են հարել քաղաքական տարաբնույթ ուղղությունների: Այսպես կոչենք՝
«նոր սերունդ» հասկացությունը, որտեղ բոլոր այն մարդիկ են, ովքեր հետաքրքրվել են
քաղաքականությամբ՝ տարիքային համապատասխան ցենզը հաղթահարելուց հետո: …
Քաղաքական դաշտը Հայաստանում մի կաթսա է, «վինեգրետ», որտեղ եփվում են տարաբնույթ,
երբեմն՝ իրարամերժ բաղադրիչներ: Բնականաբար, տարիների ընթացքում այդ կաթսայի մեջ
ավելացնում են ինչ-որ բաղադրիչներ: Եվ կախված նրանից, թե որ բաղադրիչն է գերակշռում
քաղաքական այս կաթսայում՝ այդպիսին էլ տվյալ ժամանակահատվածում երկրի պատկերն է:
Մտահոգությունս այն է, որ կարծես «ազգային» հասկացությունը դարձել է քննարկման
առարկա լոկ: Այսինքն՝ ազգայինի մասին խոսում են շատ-շատերը, այդ ուղղությամբ աշխատում
ոմանք, իրականում մտահոգված են է՛լ ավելի քիչ մարդիկ: Քաղաքական ընտրանին մեր նման
երկրում պետք է լինի ազգային: … Հակառակ դեպքում՝ մենք մեծ վտանգի առջեւ
ենք, քանի որ տեղեկատվական պատերազմները եւ որոշ տեխնոլոգիաներ շատ հեշտ են թափանցում
մանավանդ մեր նման երկրներ, որտեղ մշակված չէ տեղեկատվական հակապայքարի մեթոդաբանությունը,
որտեղ ուղեղների լվացումը կատարվում է շատ հեշտ, որտեղ հասարակությունն ինքը կարծես
հանել է բոլոր պատնեշները եւ սպունգի նման պատրաստ է կլանել ցանկացած միջավայր, որտեղ
ընկղմվել է ինքը: Միջավայրը ստեղծում է տեղեկատվական դաշտը, եւ հասկանալի է, որ լրատվական
աղբի այն տարափը, որ հեղեղում է մեր ԶԼՄ-ները, հիմնականում՝ էլեկտրոնային, չի կարող
չթողնել իր հետքը: … Հիմնական պայքարը հիմա հոգիների համար չէ. արտաքին
ու ներքին քաղաքական դաշտում պայքար է գնում մարդկանց ուղեղների, գորշ նյութի՝ կեղեւի
համար: Շատ դժվար է տեսնել այդ պայքարը: Կարելի է ծիծաղի առարկա դառնալ, եթե դրա
մասին շատ հաճախ խոսես, կասեն՝ ցնդած է: Քանի որ դրա խրամատը չի երեւում՝ չերեւացող
պայքարի խրամատներ են: Եվ ցավոք, դրա հակաթույնը մեզանում չունի մշակման միտում՝
քաղաքական ընտրանու պատրաստման առումով»: Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել