Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԻ

Մայիս 02,2006 00:00

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՏԱՆԳՎԱԾ Է Ասված է «Freedom house»-ի տարեկան զեկույցում Արդեն չորրորդ տարին անընդմեջ՝ 2002-ից ի վեր, երբ կասեցվեցին «Ա1+»-ի ու «Նոյյան Տապանի» հեռարձակումները, «Freedom house» միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ, մամուլի եւ խոսքի ազատության տեսանկյունից Հայաստանը դասվել է «ոչ ազատ»-ների թվին: Կազմակերպության հրապարակած տարեկան զեկույցի համաձայն, թեեւ ՀՀ Սահմանադրության 27 հոդվածով Հայաստանում ապահովվում է մամուլի եւ խոսքի ազատությունը, այդուամենայնիվ, գործնականում, մամուլի ազատությունը վերջին տարիներին վտանգի տակ է, իսկ «անկախ լրագրողները շարունակում էին հարձակումների ենթարկվել, չնայած այս տարի դեպքերն ավելի քիչ էին, քան նախորդ տարիներին»: Ըստ զեկույցի, Հայաստանում «զրպարտությունների» համար քրեական պատիժ նախատեսող օրենքները բարդ իրավական միջավայր են ստեղծել հետաքննող լրագրողների համար եւ խթանել են տարածված ինքնագրաքննությանը: Նկատի ունենալով այն, որ Հայաստանում կոռուպցիայի խնդիրներ կան, զրպարտությունը բնորոշվում է որպես քրեորեն հետապնդելի հանցանք, մինչդեռ ԶԼՄ-ներում կառավարության անդամին վիրավորանք հասցնելը նույնպես համարվում է քրեական հանցանք: Սա թվում է, թե հակասում է Եվրոպայի Խորհրդի 2004թ. փետրվարի քաղաքական բանավեճերի ազատության հռչակագրին, որին Հայաստանը միացել է, այսինքն՝ ընդունել է, որ ԶԼՄ-ներն իրավունք ունեն «տարածել բացասական տեղեկատվություն՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ հասարակական գործիչների մասին քննադատական կարծիքներ»: «Freedom house»-ի զեկույցում ասված է նաեւ, որ թեեւ Հայաստանում կան անկախ ու մասնավոր լրատվամիջոցներ ու Սահմանադրությունն էլ երաշխավորում է մամուլի եւ խոսքի ազատությունը, այդուհանդերձ, կառավարությունը շարունակում է սահմանափակել երկրում ԶԼՄ-ների լիակատար ազատությունը, մասնավորապես՝ նաեւ գովազդային քաղաքականության միջոցով: Նշվում է, որ պետության հովանու ներքո գործող Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, որ երկրի ամենաազդեցիկ լրատվության միջոցն է, ղեկավարվում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից. «Դրա արտադրանքը, այլ առաջատար մասնավոր հեռուստաալիքների համեմատ («Արմենիա», «ԱԼՄ», «Շանթ»), արտահայտում է պաշտոնական դիրքորոշումը: 2005 թ. նոյեմբերի սահմանադրական հանրաքվեի ժամանակ լրատվամիջոցների հիմնական մասը, ներառյալ` հանրային հեռուստատեսությունը, խթանում էին իշխանության «Այո» կարգախոսին, երբ նույն ընթացքում ընդդիմությունը հիմնականում հնարավորություն չուներ օգտվելու լրատվական միջոցներից: «Երկիր Մեդիան»՝ 2004 թ. հիմնադրված նոր հեռուստաալիքը, առաջինն էր, որ կապված էր քաղաքական կուսակցության հետ, այնուամենայնիվ, առաջարկում է իշխանավորների հանդեպ քննադատական լրատվություն»: Զեկույցում անդրադարձ կա նաեւ «Ա1+»-ին: «Հայաստանի հիմնական անկախ հեռուստաալիքը՝ «Ա1+»-ը, կորցրեց իր հեռարձակման իրավունքը 2002թ. ապրիլին, հայտերի վիճելի մրցույթի ժամանակ, եւ նրան այլեւս չհաջողվեց նորից ձեռք բերել հեռարձակման հաճախականությունը հաջորդ մրցույթների ժամանակ, թեեւ հեռուստաընկերությանը հաճախություն տրամադրելու հորդորով միջազգային շատ կառույցներ էին դիմել ՀՀ իշխանություններին»: «Հայաստանի մոտ 70 թերթեր ավելի տարբեր կարծիքներ են առաջարկում, քան հեռուստատեսությունները»,- նկատել են զեկույցի հեղինակները՝ միաժամանակ հավելելով, որ տպագրվող թերթերի տպաքանակը չափազանց ցածր է։ Կազմակերպության գնահատմամբ, չնայած թերթերում կարծիքների բազմազանությանը, «նրանք կախված են մասնավոր հովանավորողներից՝ հաճախ արտահայտելով քաղաքական եւ տնտեսական հետաքրքրություններ, ինչն ազդում է նրանց օբյեկտիվության վրա: Հայաստանի թերթերի կեսից ավելին տպագրվում է (իրականում տարածվում է- Ն. Մ.) «Հայմամուլ» կազմակերպության կողմից։ 2001-ին կառավարությունը հայտարարել է կազմակերպությունը մասնավորեցնելու իր ցանկության մասին, բայց այդ ժամանակից ի վեր վաճառել է միայն կրպակները՝ «Հայմամուլին» թողնելով տարածման կառավարումը (այսինքն` հնարավորություն տալով ազդել շրջանառության վրա)»,- ասված է զեկույցում: Կա նաեւ տեղեկատվության այլընտրանքային աղբյուրների հասանելիության նվազեցման միտում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել