Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ էր սպառնում լրագրողին

Մայիս 04,2006 00:00

Ո՞վ էր սպառնում լրագրողին «Լիսկայի» թիկնապահ Զարզանդը Այս տարվա փետրվարի վերջերին բջջային հեռախոսիս վրա, այսպես կոչված՝ «փակ համարից» զանգ եկավ: Զանգողն ինձ անհայտ մի տղամարդ էր, որ սեփական անունով հանդես գալու համարձակություն չուներ, բայց սպառնալու համար, պարզվեց, շատ «քաջ» էր: Նա նախ ճշտեց ինքնությունս ու հետո հայհոյանքների եւ սպառնալիքների տարափ տեղաց՝ «էդ որ մարդկանց վրա անհատական բան ես գրում՝ չե՞ս մտածում, որ…»: Ասաց ու հեռախոսն անջատեց: Շատ երկար ժամանակ չպահանջվեց համարը ճշտելու համար՝ Զարզանդ Նիկողոսյան: Հայտնի չէր, թե նա ի՞նչ կապ կարող էր ունենալ իմ որեւէ հրապարակման հետ: Այդուհանդերձ, օրեր անց փորձեցի հիշյալ Զարզանդի համարով ինքս զանգել. չվերցրեց: Ավելի ուշ հերթական զանգիս պատասխանեց մի տարեց, բարբառով խոսող տղամարդ, որը հայտարարեց, թե՝ համարը վաղուց արդեն՝ մոտ 5 ամիս, իրենն է ու այդ համարում ոչ մի Զարզանդ էլ չկա: Չհավատացի, բայց հետամուտ էլ չեղա, որովհետեւ տարեց անծանոթին զգուշացրել էի, որ այդ համարից ինձ սպառնացել են, ու ես մտադիր եմ դիմել իրավապահներին: Ընդամենը մեկ-երկու օր անց ինձ հանդիպման հրավիրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Պարզվեց՝ հանդիպման անհրաժեշտությունը պայմանավորված էր «Չորրորդ իշխանություն» թերթում հրապարակված ու Սյունիքի մարզպետին առնչվող մի հրապարակմամբ, որը մարզպետի մատուցմամբ, իբր, գրվել էր իմ հեղինակությամբ, բայց այլ ստորագրությամբ: Միայն օրերս ինձ համար պարզ դարձավ, թե ինչու էր պարոն Խաչատրյանը շտապել հանդիպել ինձ հետ: Բանն այն է, որ օրերս Գորիսում՝ «Տիգրան Մեծ» ռեստորանում տեղի ունեցած կրակոցների մասին հրապարակված տեղեկատվության մեջ մատնանշված Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդը, ինչպես պարզվեց, նույն ինքը՝ ինձ սպառնացող Զարզանդ Նիկողոսյանն էր: Իսկ Սյունիքի մարզպետի ու իմ հանդիպման անհրաժեշտությունն առաջացել էր, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ նա հասկացել էր՝ գործին կարող են միջամտել իրավապահները, իսկ դա կարող է ավելորդ գլխացավանքի առիթ դառնալ հենց իր՝ մարզպետի համար: Ի դեպ, որ ինձ սպառնացողը նույն այդ Զարզանդն է եղել՝ հաստատեց նաեւ հենց մարզպետ Ս. Խաչատրյանը՝ մի «ճշտում» անելով. «Քեզ մի անգամ ա հայհոյել, քեզ շատ չի հայհոյել»: Իհարկե, ես նման խոստովանություն չէի ակնկալում, ուստի հարցրի, թե ինքը տեղյա՞կ է եղել այդ զանգի մասին: «Մեր հանդիպումից հետո խոսակցություն բացվեց, ու էդ տղան ազնվորեն ասեց, որ իրեն ասել էին, որ էդ նյութը դու ես գրել ու ինքը քեզ հայհոյել է: Բայց հետո հերքվեց, չէ՞, որ էդ նյութը դու ես գրել»,- շատ հանգիստ պարզաբանեց պարոն Խաչատրյանը՝ ի պատասխան մեր հարցադրմանը հավելելով, թե ինքը նախապես տեղյակ չի եղել հիշյալ զանգի մասին, ինչը, մեղմ ասած, շատ կասկածելի է: Համաձայնեք, դժվար է հավատալ, որ իր մարզում ծայրաստիճան լկտիացած մարզպետի թիկնապահն ինքնագլուխ կարող է զանգել լրագրողի ու իր շեֆի «թասիբին» կանգնելու համար աջ ու ձախ սպառնալ ու հայհոյել, հետո հետին թվով շեֆին տեղյակ պահել: Հստակ էր, որ ինչպես թիկնապահ Զարզանդը համարձակություն չէր ունեցել ներկայանալու, այնպես էլ պարոն Խաչատրյանը համարձակություն չունեցավ հայտարարելու, որ իր հրահանգով կամ գիտությամբ էր Զարզանդը որոշել լրագրողին սպառնալ: Ս. Խաչատրյանը դեռ փորձեց մխիթարել ինձ՝ «սրտիդ մոտիկ մի ընդունի»: Ասել է թե՝ մարզպետի համոզմամբ, իր դեմ գրելու համար լրագրողին կարելի է սպառնալ, բայց ափսոս, որ տվյալ դեպքում սպառնալիքը ճիշտ հասցեով չէր: Դժվար թե Զարզանդը պատժվի իր սպառնալիքների համար: Ակնհայտ է, որ այսօր երկրիս «հաբռգածների» համար դատ ու դատաստան չկա, որ հենց նմաններն են մեր իշխանությունների ու ոստիկանության հենարանը, նրանք են մեր երկրի «էլիտան»: Զարզանդներ եւ իր նման այլ թիկնապահ-սափրագլուխներ էլի պետք են գալու եթե ո՛չ լրագրողների դեմ բռնարարքներ կիրառելու, ապա գոնե ընտրությունների ժամանակ իշխանություններին սպասարկելու համար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել