Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈԼԱՐՆԵՐԸ ԴԵՌ ՊԱՀԵՔ

Հունիս 01,2006 00:00

Այժմ դոլարները հավաքելու ժամանակն է, բայց վաղ թե ուշ հավաքողները կսկսեն դրանք վաճառել՝ ավելի թանկ գնով:

Վերջին 15-20 օրերի ընթացքում դոլարի կուրսն իջավ ավելի քան 20 դրամով: Ամսվա սկզբին այն տարբեր փոխանակման կետերում 445-450 էր, իսկ երեկ արդեն՝ 425-428: Հասարակությունը դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի նվազման այսպիսի տենդենցների հետեւանքով խուճապի մեջ է: Ոչ ոք չգիտի՝ վաղը կամ մեկ շաբաթ հետո դոլարի կուրսն ինչքանով է իջնելու կամ բարձրանալու, մանրի՞ դոլարը, թե՞ հնարավոր է հետո ավելի իջնի: Անհասկանալի է ընդհանրապես, թե ինչ է կատարվում փոխարժեքի հետ, ո՞ր կանոններին է այն ենթարկվում՝ տնտեսագիտակա՞ն, քաղաքակա՞ն, թե՞ անհատական: Իհարկե, թե՛ Կենտրոնական բանկը, թե՛ միջազգային կազմակերպություններն ու անկախ տնտեսագետները դոլարի կուրսի անկման մասին տարբեր մեկնաբանություններ են տալիս, բայց շարքային քաղաքացին բացարձակապես չի կարող գլուխ հանել այդ բացատրություններից: «Մենք կանխատեսումներով չենք զբաղվում». այսպես են պատասխանում թե՛ ԿԲ-ից, թե՛ հանրապետության բոլոր բանկերից այն անհանգիստ քաղաքացիներին, ովքեր հետաքրքրվում են, թե «ի՞նչ եք ասում, վաղը դոլարը ավելի՞ է իջնելու, թե՞ բարձրանալու է, ինձ դրամ է պետք, մանրե՞մ, թե՞ հետո կտուժեմ»:

Ավելի պարզ պատկերացնելու համար, թե որքա՞ն են տուժում քաղաքացիները՝ ասենք, 100 դոլար մանրելով՝ կորուստը կազմում է մոտ 2000 դրամ. նախորդ ամիս կարող էր մանրել 44500 դրամով, հիմա՝ 42500-ով: Կենտրոնական բանկը դեռ չի հաշվարկել, թե մայիս ամսին բոլոր փոխանակման կետերում եւ բանկերում ընդհանուր առմամբ որքան դոլար է դրամի վերածվել: Այդ ցուցանիշները պարզ կլինեն 1 շաբաթից ու այդ ժամանակ ավելի հստակ կարելի է խոսել, թե կորուստներն ինչ ծավալների են հասել:

Իսկ թե ինչո՞ւ է դոլարի կուրսը իջել՝ տնտեսագետների կարծիքները տարբեր են: «AEPLAC» կազմակերպության տնտեսագետ Արտաշես Շաբոյանի դիտարկմամբ՝ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում. «Սա շատ զարմանալի երեւույթ է, դժվար է ասել՝ կոնկրետ ինչի հետեւանքով է կուրսն այդքան ընկել, բայց սա եվրոյի ու դոլարի պայքարը չէ, քանի որ եվրոյի կուրսն էլ է իջնում, գուցե ներքին առաջարկ-պահանջարկի խնդիր է կամ սեզոնային երեւույթներ են, որովհետեւ անցյալ տարվա մայիսին նորից կարծեմ դոլարն էժանացել էր: Ամեն դեպքում որեւէ կոնկրետ բացատրություն տալ դժվար է, մեր տնտեսության մեջ եվրոն պետք է գերիշխող դիրք ունենար, որովհետեւ մեր առեւտրում եվրոպական մասը գերիշխում է, մինչդեռ ոչ եվրոն է իր դիրքերը կայունացնում, ոչ դոլարը»: Սեզոնային երեւույթ ասվածը, թերեւս, կարդարանար այն դեպքում, երբ խոսքը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների մասին լիներ, երբ բոլորը պատրաստվում են Նոր տարվան. այդ ժամանակ իսկապես փոխարժեքի կուրսը սկսում է խիստ տատանվել, բայց մայիս ամիսը, կոպիտ ասած, «ամենաանշառ» ամիսն է՝ գնումների առումով, ուստի այս դեպքում այն անիմաստ է կապել դոլարի կուրսի անկման հետ: Մայիսն առանձնանում է նրանով, որ այն, ըստ մեր մեծերի, դժբախտացնում է նորապսակներին, բայց դժվար թե այն նաեւ դոլարի կուրս իջեցնելու ձիրք ունենար:

«Առավոտի» հետ զրույցում մի շարք տնտեսագետներ փոխարժեքի տատանումները կապեցին քաղաքականության եւ առաջիկա ընտրությունների հետ: Ավելի վաղ նման կարծիք էր հայտնել նաեւ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: Բայց «AEPLAC»-ի մասնագետների կարծիքով՝ «դժվար թե դրա տակ քաղաքական աստառ լինի»:

ԿԲ-ն դոլարի փոխարժեքի նվազումը բացատրում է շուկայական բնույթի գործոնների ազդեցությամբ. «Տվյալ ժամանակահատվածում տնտեսության կողմից բանկերին վաճառվող դոլարի ծավալները զգալիորեն գերազանցում էին դոլարի առքին: Մեր գնահատականով՝ վերջինս կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով, մասնավորապես, 2006-ի առաջին եռամսյակի ընթացքում նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ տրանսֆերտներն աճել են 26 տոկոսով»: Այսինքն՝ ԿԲ-ն վստահեցնում է, որ ինքը կապ չունի այդ տատանումների հետ: Սակայն Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի «Միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում» ամբիոնի վարիչ, տ.գ.թ., պրոֆեսոր Ալբերտ Արշակյանի կարծիքով՝ դոլարն իջնում է հենց ԿԲ-ի քաղաքականության հետեւանքով. «Իրենք դոլարի կուրսն իջացնում են, որ դոլարները հավաքեն, դա շատ պարզ է եւ տրանսֆերտների հետ կապ չունի, իրենք իրենց հակասում են, քանի որ տրանսֆերտների ծավալը տարեցտարի նվազում է, ոչ թե ավելանում, անցյալ տարի տրանսֆերտներն ավելի շատ էին, բա ինչո՞ւ դոլարը այդքան շատ չէժանացավ»: Տնտեսագետները դոլար ունեցողներին խորհուրդ տվեցին այն չվաճառել մինչեւ հունիսի 15-ը, քանի որ հնարավոր է՝ դոլարն այս ընթացքում իջնի մինչեւ 410 դրամի, իսկ հունիսի 15-ից հետո այն միանգամից կբարձրանա մինչեւ 440-ի:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել