Լրահոս
Օրվա լրահոսը

770 ԲՈՂՈՔ՝ 100 ՕՐՈՒՄ

Հունիս 01,2006 00:00

Երեկ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրավիրել էր մամուլի ասուլիս՝
նվիրված իր 100-օրյա գործունեությանը: Նախ նա ներկայացրեց լրատվության եւ
հասարակայնության հետ կապերի բաժնի նոր ղեկավարին՝ Գրիգորի Գեւորգյանին, ապա տեղեկացրեց,
որ իր գործունեության ընթացքում պաշտպանի գրասենյակը ստացել է 770 բողոք, որից 320-ը՝
բանավոր: Ըստ հերթականության պրն Գրիգորյանը նշեց այն մարմիններին, որոնցից ամենաշատ
բողոքներն են ստացվել՝ դատարաններ, Երեւանի քաղաքապետարան, ոստիկանություն, թաղապետարաններ,
դատախազություն, մարզպետարաններ, անշարժ գույքի կադաստրի գրասենյակներ, իր տեղեկացմամբ՝
մոտ 80%-ը: Օմբուդսմենի մամուլի պատասխանատուն ամփոփեց պատկերը նաեւ ըստ առաջադրված
հարցերի. աշխատանքային հարաբերություններ, բնակարանային անձեռնմխելիության, հողօգտագործման,
նպաստների եւ սեփականության հետ կապված հարցեր: Արմեն Հարությունյանն էլ իր
հերթին նշեց, որ որոշ դեպքերում իրենք գործ են ունեցել անկատար օրենքների հետ: Մասնավորապես
բերելով 1000 դրամով կենսաթոշակների բարձրացման օրինակները, նա հայտարարեց, որ այդպիսով
կենսաթոշակառուները ըստ էության զրկվել են 6-7 հազար դրամ նպաստից: Հարցադրումների
գերակշիռ մասը վերաբերել է Գլխավոր եւ Հյուսիսային պողոտաների բնակիչների բողոքներին:
Նա ասաց, որ ՍԴ որոշումից հետո գործընթացը շարունակվում է եւ որ «քաղաքացիները չեն
տեսնում շոշափելի արդյունք»: Իրավապաշտպանին նաեւ մտահոգել էր, որ դատարանի վճիռները
ԴԱՀԿ-ի կողմից չեն կատարվում: Ա. Հարությունյանն ասաց, որ իրենք ունեցել են 14 այցելություններ՝
նաեւ մարզեր, եւ իր մարտավարության մեջ որդեգրելու է, որ իրավապաշտպանը չպետք է գործի
միայն մայրաքաղաքում: Լրագրողներից մեկի հարցին, թե «Ժառանգություն» կուսակցության
նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հետ կապված ի՞նչ քայլեր են ձեռնակվել, պրն Հարությունյանն
ասաց, որ իրենց գրասենյակում ստացվել է «հաղորդում հանցագործության մասին» տիպի բողոք
եւ իրենց առաջարկն է, որ այն ուղարկվի իրավասու մարմինների: «Առավոտի» այն հարցին,
թե մասնակցելո՞ւ են արդյոք Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի
դատարանում ընթացող «Մարդու իրավունքներ 96» կուսակցության՝ ընդդեմ ՀՀ պաշտպանի հայցի
քննությանը, օմբուդսմենն ասաց, որ քաղաքացի Ռուբեն Թորոսյանը դիմել է դատարան, բողոքարկել
պաշտպանի ապրիլի 7-ի որոշումը՝ «բողոքը չքննարկելու մասին»: Ռ. Թորոսյանը հաղորդագրություն
էր ուղարկել նաեւ ԶԼՄ-ներ, որն ավարտվում էր հետեւյալ կանխատեսմամբ. «ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանը մոտ ժամանակներս նորից կկանգնի դատարանի առջեւ», քանի որ, ըստ նրա, պաշտպանը
հրաժարվել է քննել 2003թ. ընտրախախտումների վերաբերյալ բողոքը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ
բլոկի օտարման հետ առնչվող մարդու իրավունքների ոտնահարման հարցերը եւ սահմանադրական
փոփոխությունների հանրաքվեում կատարված օրինախախտումներին առնչվող հարցերը: Ըստ Ա.
Հարությունյանի, պաշտպանի որոշումները վարչական ակտեր չեն, իրավունքի սահմանափակում
չեն առաջացնում, հետեւաբար ենթակա չեն բողոքարկման: Եվ որ «ստացված բողոքը պաշտպանի
կողմից ընդունվում է քննարկման, երբ բողոքում վկայակոչված է իրավունքի խախտում»:
Պարզապես հարգելով դատարանին, որի վարույթում էր գտնվում գործը, նա ուղարկել էր գրավոր
պատասխան: Մեր հաջորդ հարցին, թե արդյոք 100 օրվա ընթացքում ազատազրկման վայրերից
դիմումներ ստացվել են, Ա. Հարությունյանն ասաց, որ «Գորիս» քրեակատարողական հիմնարկից
դատապարտյալին ծեծի ենթարկվելու կապակցությամբ երկու անգամ բողոք է ստացել եւ միջնորդություն
են ուղարկել հիմնարկ՝ նրան տեղափոխելու համար: Մեկ այլ բողոք կապված էր ցերեկվա ժամերին
կալանավորներին անկողնուց օգտվելն արգելելու հետ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930