Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակասությունները մնում են»

Հունիս 06,2006 00:00

«Հակասությունները
մնում են» Երեկ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը շարունակել
են նախօրեին Բուխարեստում սկսված բանակցությունները: «Մեդիամաքսին» տված հեռախոսային
հարցազրույցում նախագահի մամլո քարտուղար Վ. Սողոմոնյանը նշել է, թե Քոչարյանի եւ
Ալիեւի հանդիպման առաջին արարը տեւել է մոտ 4 ժամ, ձեռնպահ մնալով, սակայն, մանրամասներ
հաղորդել արդյունքների մասին: Հանդիպումը տեղի է ունեցել Լեհաստանի դեսպանատանը եւ
ավարտվել Երեւանի ժամանակով կեսգիշերից մի փոքր անց: Այն բանից հետո, երբ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հեռացել են դեսպանատան շենքից, համանախագահները
մնացել եւ առանձին բանակցել են եւս մեկ ժամ: Խոսելով նախագահների հանդիպման մասին՝
ՄԽ ամերիկացի համանախագահ Մաննը «Ազատություն» ռ/կ-ին, մասնավորապես, ասել է. «Դա
հարցերի մանրամասն քննարկում էր: Նախագահները շուրջ 45 րոպե տեւողությամբ հանդիպում
ունեցան նաեւ համանախագահների հետ: Մենք չմշակված ծրագիր ունենք հանդիպելու նաեւ
վաղը (այսինքն՝ երեկ- խմբ): Բանակցություններում լավ մթնոլորտ էր տիրում: Կրկնեմ,
լավ մթնոլորտ եւ մանրամասն քննարկում: Տեսնենք, թե հետո ինչ կլինի»: Ռուս համանախագահ
Մերզլյակովը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կհամեմատի այս բանակցությունները
Ռամբույեի հետ, ասել է. «Կարծում եմ, սա լիովին այլ կարգի հանդիպում էր»: Ռոբերտ
Քոչարյանը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել բանակցությունները՝ նշելով, թե «մամուլի
հետ խոսելու համաձայնություն չկա, այդ պատճառով հարմար չէ, որ ինքը մեկնաբանություններ
անի»: Իսկ Ադրբեջանի նախագահն ընդհանրապես չի ցանկացել խոսել լրագրողների հետ: Երեկ
ավելի ուշ հայտնի դարձավ, որ մոտ մեկ ժամ շարունակվելուց հետո ավարտվել է նաեւ Քոչարյան-Ալիեւ
բուխարեստյան հանդիպման երկրորդ արարը, որը նախորդի օրինակով նույնպես չի մեկնաբանվել
դրա անմիջական մասնակիցների կողմից: Խոսել է միայն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը,
որը «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին ասել է, թե «հակասությունները մնում են»: Մեկ-երկու
նախադասություն էլ հնչեցրել է ՄԽ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը՝ ասելով, թե
իրենք «շարունակում են հավատալ, որ 2006 թվականը մնում է իբրեւ հնարավորությունների
պատուհան»: Այդուհանդերձ, ՍՀ բուխարեստյան ֆորումում Քոչարյանի եւ Ալիեւի
ունեցած ընդգծված իրարամերժ ելույթներից կարելի է եզրակացնել, որ առնվազն նրանց առաջին
հանդիպման արդյունքներով ոչ մի համաձայնություն էլ ձեռք չի բերվել: «ԼՂ ժողովուրդը
իրագործել է իր ինքնորոշման իրավունքը: Դա արվել է միջազգային օրենքի համաձայն: Հանրաքվեի
արդյունքները հետագայում պաշտպանվեցին պատերազմում, որը պարտադրվել էր այդ ժողովրդին:
Արդեն 15 տարի ԼՂ Հանրապետությունը շարունակում է ապացուցել իր անկախության իրավունքը՝
իր ձեռքբերումներով եւ պետականության կառուցմամբ: Այնտեղ մեծացել է մի ամբողջ սերունդ,
որն իրեն համարում է այդ պետականության կրողը եւ պաշտպանը»,-մասնավորապես ասել է
Քոչարյանը: Մինչդեռ Ալիեւն ասել է, թե «Ադրբեջանը ոչ մի դեպքում չի զիջի իր տարածքային
ամբողջականության հարցում»: Ըստ՝ «Մեդիամաքսի» եւ «Ազատություն»
ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել