Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն քարոզարշավը սկսել է

Հունիս 06,2006 00:00

Հանրապետականներն աջ ու ձախ կոշիկ, համակարգիչ ու հեռուստացույց են բաժանում

Մոտ 3 տարվա ընդմիջումից հետո շաբաթ օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մի խումբ հանրապետականների հետ ոչ պաշտոնական այցով եկել էր Գյումրի: Նա եղավ Գյումրիի, Վանաձորի մանկատներում, դպրոցներում, ծննդատներում: Ըստ ՀՀԿ-ի տարածած հաղորդագրության, այցը կազմակերպել էր հանրապետականների կանանց խորհուրդը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Սակայն ակնհայտ էր, որ հանրապետականները քարոզարշավն արդեն սկսել են: Որքան էլ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը փորձում էր լրագրողներին համոզել, որ «ՀՀԿ-ն քարոզարշավի մեջ չի, եւ դա հատուկ է հատկապես նորաստեղծ կուսակցություններին, որոնք փորձում են արեւի տակ իրենց տեղը գտնել», այնուամենայնիվ, հանրապետականներից եղան մարդիկ, օրինակ՝ Գալուստ Սահակյանը, ով շրջագայությունը ազնվորեն որակեց քարոզարշավ:

Բացի Գյումրիի քաղաքապետից, վարչապետին դիմավորեցին մարզի իշխանությունները: Հատկապես մաքրվել էին այն փողոցները, որտեղով անցնելու էր վարչապետը: Ա. Մարգարյանին, բացի հաստիքովներից, «թիկնապահական» ծառայություն էին մատուցում նաեւ վարչապետի հետ շրջող շքախմբի անդամները, որոնք փորձում էին նրան հնարավորինս հեռու պահել բողոքավոր գյումրեցիներից: Այնուամենայնիվ, մարզային իշխանությունների համար որոշակի «տհաճ» միջադեպեր եղան:

Գյումրիի «Երեխաների տան» դիմաց հավաքված մի խումբ խեղճ ու կրակ մարդիկ վարչապետից պահանջում էին լուծել իրենց բնակարանային խնդիրը. «Ամոթ է, ամոթ, հազար տարվա մեջ ոչ տուն կառուցեցիք, ոչ էլ ձեւի համար մի աշխատատեղ ստեղծեցիք»:

«Բոլոր մարզերը իրար հետ վերցրած այնքան գործ չենք արել, որքան Գյումրիի համար»,- ի պատասխան անօթեւանների բողոքներին՝ ասաց վարչապետը: Նա ոչ մի բնագավառում, ոչ մի կոնկրետ ծրագիր չխոստացավ շիրակցիներին: Երեւի վարչապետը չէր էլ զգում, որ լրագրողների հետ ունեցած զրույցում տառացիորեն կրկնում էր նույն մտքերը, ինչ ասել էր երեք տարի առաջ. «Այսօր ես ավելի շատ որպես խնդիր տեսնում եմ աշխատատեղերի ստեղծման հարցը, քան թե բնակարաններինը, այ, եթե ես, ավելի շուտ՝ ես չէ, կառավարությունը կարողանա աշխատատեղեր ստեղծել, մարդը փող ունենա, ապա հույսը չի դնի միայն կառավարության միջոցներով կառուցվող բնակարանների վրա, օրինակ, ինչպես ծանոթանում եմ քաղաքաշինության, մարզպետարանի ու քաղաքապետարանի մեզ տրամադրած տեղեկատվությանը, անհատական բնակարանաշինության ծավալները գնալով մեծանում են, սա խոսում է այն մասին, որ տենդենց կա, հույս կա, որ ժողովուրդը կառավարության հետ զուգահեռ իր խնդիրը կլուծի»:

«Տակտիչնի էս հարցն էլ մեր վրա գցի՞ք, իբր թե երկնքից եք իջել ու չգիտե՞ք, թե առանձնատներ ովքեր են կառուցում: Մանկատներ ֆռֆռալու փոխարեն հլը մի օր էլ սխալվեք մի ժամով մեր դոմիկները եկեք»,- վարչապետի այցից հիասթափված դժգոհեցին անօթեւան գյումրեցիները:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել