Լրահոս
Օրվա լրահոսը

«Փռվել է շուրջս գարուն»

Հունիս 06,2006 00:00

Ամառվա
շոգին երգեց Հայաստանի եւ հայերի լավ բարեկամ Իոսիֆ Կոբզոնը Հունիսի 2-ին
Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում կայացավ «Բրաբիոն՝ միջազգային ծաղիկ» փառատոնը,
որին մասնակցում էին նաեւ ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Իոսիֆ Կոբզոնը,
Դմիտրի Խառատյանը, Ստաս Պիեխան: Պրն Կոբզոնը «Լիմուզինով» շրջապտույտից, հայերեն
ու ռուսերեն ելույթներից հետո պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Նա ասաց, որ
Հայաստանի հետ բարեբախտաբար իրեն կապում է ոչ թե բիզնեսը, այլ՝ ստեղծագործական հարաբերությունները,
նաեւ սերն ու բարեկամությունը. «Փոխադարձ շնորհակալության զգացում կա, քանի որ ես
երբեք չեմ դավաճանել Հայաստանին, իսկ հայերն էլ իրենց հերթին միշտ աջակցել են ինձ:
Ինձ ձեր երկրի հետ երկար տարիների ընկերությունն է կապում եւ դա հայերի ողբերգության՝
Սպիտակի երկրաշարժից չի սկսել, այլ եղել է մինչ այդ»: Կոբզոնը կիսվեց «Եվրատեսիլի»
իր տպավորություններով. «Ձեզ համար էլ գաղտնիք չէ, որ դա ավելի շատ քաղաքական խաղ
էր, քանի որ յուրաքանչյուրն իր ազգի ներկայացուցչին կամ բարեկամին էր ձայն տալիս,
ինչը ոչ օբյեկտիվ էր»: Նա նշեց, որ մի շարք փառատոներում ղեկավարել է ժյուրին, սակայն
երբեք ոչ մեկին՝ հանուն ծանոթ-բարեկամական կապերի ձայն չի տվել: Հետաքրքրվեցինք,
թե ինչ կարծիքի է Կոբզոնը Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնող Անդրեի ելույթի մասին:
«Ես միշտ հավանել եմ այն կատարողներին, որոնք ներկայացնում են իրենց ազգային ստեղծագործությունները:
Օրինակ, Դիմա Բիլանը լավ երգեց, ափսոս անգլերեն էր երգում: Եթե դու ներկայացնում
ես Ռուսաստանը, լավ կլիներ ռուսերեն երգեիր»,- նշեց երգիչը: Համերգի ժամանակ
Ի. Կոբզոնը հայերեն եւ ռուսերեն երգում էր «Փռվել է շուրջս գարուն» եւ «Երեւանի սիրուն
աղջիկ» երգերը: Հետաքրքրվեցինք՝ արդյոք տիրապետո՞ւմ է հայերենին: «Դուք էլ լավ գիտեք,
որ հայերեն չգիտեմ, չնայած երգում եմ 80 լեզվով: Ես նաեւ այնպիսի սարսափելի լեզուներով
եմ երգել, ինչպիսիք են հունգարերենը, վիետնամերենը, չինարենը եւ այլն: Նման դեպքերում
թարգմանիչներ եմ հրավիրում: Իհարկե, Հայաստանի դեպքում նույնկերպ չեմ վարվում, քանի
որ բազմաթիվ հայ ընկերներ ունեմ»: Իսկ Հայաստանի հետ կապված ի՞նչ ծրագրեր
ունի: Կոբզոնը պատասխանեց, որ ամեն անգամ իր լավ բարեկամ Աշոտ Չոբանյանի (նկատի ունի
«Բրաբիոնի» տնօրենին) նոր անակնկալներին է սպասում, որը աստղերին մի անգամ կալանավայր
էր տարել նախաճաշելու. «Մենք կալանավորների հետ էինք նստել: Սկզբում հոգեւորականը
աղոթք կարդաց, որից հետո օգտվեցինք կալանավորների սպասքից եւ սննդից»: Մի անգամ էլ
ճաշել են մետրոյի կայարանում: «Մետրոյի վագոնների պատուհաններից ուղեւորները զարմացած
մեզ էին նայում՝ կարծելով, թե հոգեկան հիվանդներ ենք»,- վերհիշեց Կոբզոնը: Նաեւ նշեց,
որ աշխարհում ամենից շատ սիրում է ճաշել «Արտուշի մոտ» ռեստորանում. «Անցյալ տարի,
երբ պառկած էի գերմանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, ինձ այցի եկած
հայ ընկերոջս ասացի, որ այդ պահին ամենաշատը կուզենայի շուտ առողջանալ, որպեսզի նորից
ճաշեմ Արտուշի մոտ»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել