Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՇԱԼԻ ՎԵՑՅԱԿԸ

Հունիս 06,2006 00:00

Երեկ
ուշ երեկոյան վաղ առավոտյան Թուրին-Փարիզ-Երեւան չվերթով շախմատի 37-րդ համաշխարհային
օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը վերադարձավ հայրենիք:
Օլիմպիադայի ամբողջ ընթացքում «Առավոտը» մանրամասն լուսաբանել է մեր գրոսմայստերների
փայլուն մրցելույթները: Հիմա, երբ ամեն բան արդեն ետեւում է եւ մեր հրաշալի վեցյակը
պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է Օլիմպոսի գագաթ, «Հրաշալի է, կեցցեք, տղաներ»
բառերից բացի, գնահատանքի այլ խոսքեր դժվար է գտնել: Ասենք միայն, որ այսուհետեւ
Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Սմբատ Լպուտյան, Կարեն Ասրյան,
Արտաշես Մինասյան անունները ոսկե տառերով են գրվելու հայկական սպորտի տարեգրությունում:
Որ Հայաստանի տղամարդկանց հավաքականն այլեւս անհասանելի է մրցակիցների համար,
պարզ դարձավ արդեն 11-րդ տուրից հետո, երբ մեր ընտրանին 3:1 հաշվով պարտության մատնելով
Չեխիայի թիմին, ամբողջ 3,5 միավորով առաջ պոկվեց մոտակա մրցակիցներից: Սակայն առջեւում
դեռ երկու տուր կար եւ, ինչպես ասում են, աչքով չտալու համար մերոնց նախապես հաղթող
չէինք հռչակում, այլ սպասում էինք չեմպիոնական տիտղոսը պաշտոնապես ձեւակերպելուն:
Ունենալով միավորների անհրաժեշտ պաշար, վերջին երկու տուրերում մեր հավաքականից
պահանջվում էր ավելորդ ռիսկի չդիմել: Եվ նրանք հենց այդպես էլ վարվեցին: 12-րդ եւ
13-րդ տուրերում ոչ-ոքի անելով, համապատասխանաբար, Ֆրանսիայի եւ Հունգարիայի հավաքականների
հետ՝ Հայաստանի ազգային հավաքականը վաստակեց 36,0 միավոր եւ անկախ մյուս հանդիպումներում
գրանցվելիք արդյունքներից, իր համար ապահովեց օլիմպիական «ոսկին»: Ասենք նաեւ, որ
Հայաստանը մասնակից 150 երկրներից միակը եղավ, որ անցկացված 13 տուրերում թիմային
ոչ մի պարտություն չկրեց: Եվ այսպես, շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի
տղամարդկանց մրցաշարի ամփոփիչ մրցաշարային աղյուսակի լավագույն տասնյակը հետեւյալ
տեսքն ունի. Հայաստան 13 10 3 0 36,0 Չինաստան 13 8 1 4 34,0 ԱՄՆ
13 9 3 1 33,0 Իսրայել 13 9 3 1 33,0 Հունգարիա 13 7 4 2 32,5 Ռուսաստան
13 7 2 4 32,0 Ֆրանսիա 13 7 5 1 32,0 Ուկրաինա 13 8 2 3 32,0 Բուլղարիա
13 7 2 4 32,0 Իսպանիա 13 7 4 2 32,0 Մենք օլիմպիադայի երկու հանգստյան
օրերին շախմատասեր ընթերցողներին ներկայացրել էինք, թե տվյալ փուլում հայ գրոսմայստերներից
ով ինչպիսի մարզական արդյունք է ցույց տվել: Ստորեւ ներկայացնում ենք նրանց վերջնական
ցուցանիշները: Լ. Արոնյան 11 4 6 1 7,0 Վլ. Հակոբյան 12 6 6 0 9,0
Կ. Ասրյան 10 1 8 1 5,0 Ս. Լպուտյան 3 2 1 0 2,5 Գ.. Սարգսյան
13 7 6 0 10,0 Արտ.Մինասյան 3 2 1 0 2,5 Թուրինում իրեն լիովին արդարացրեց
նաեւ մեր աղջիկների՝ Լիլիթ Մկրտչյան, Էլինա Դանիելյան, Նելլի Աղինյան, Սիրանուշ Անդրիասյան
քառյակը, որը նախորդ՝ Կալվիայում կայացած համաշխարհային օլիմպիադայում զբաղեցրած
11-րդ տեղից չորս քայլ վեր բարձրացավ ու 24,0 միավորով հանգրվանեց 8-րդ հորիզոնականում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել