Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ

Հունիս 08,2006 00:00

Բուհ
ընդունելու հարցում աշխատաշուկայի պահանջներն առաջնային չեն Այս օրերին արդեն
շրջանառության մեջ կդրվի «Դիմորդ 2006»-ը: Դեռեւս 2005-ի նոյեմբերին կառավարությունը
հաստատել է 2006 թ. ընդունելության քննությունների եւ 2006-2007 ուստարվա մասնագիտությունների
ցանկը՝ ըստ բուհերի: Կառավարության կողմից հաստատվել են նաեւ բուհերի անվճար եւ վճարովի
տեղերը: Ի դեպ, ձեւակերպումների հետ կապված փոփոխություն կա. անցյալ աշնանը հաստատված
ուսանողական նպաստների տրամադրման կարգի համաձայն, անվճար տեղերն այսուհետեւ կկոչվեն
պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցման (անվճար)
տեղեր: Եվ տարկետման իրավունքով վճարովի տեղեր, որտեղ ընդունվողները կարող են օգտվել
մասնակի զեղչի իրավունքից: Ըստ այդմ՝ կունենանք 4142 անվճար տեղ, որից միայն ԿԳՆ
ենթակայության տակ գտնվող բուհերին՝ 3537: Սրա մեջ մտնում են 70՝ սփյուռքահայության
տեղերը, 60՝ ԼՂՀ-ին հատկացված նպատակային, պետական պայմանագրերով նախատեսված տեղերը
եւ պահուստային տեղերը, որտեղ ընդունվում են օրենքով պաշտպանված կատեգորիաները՝ 1-ին
եւ 2-րդ կարգի հաշմանդամները, զոհված ազատամարտիկների երեխաները: Վճարովի տեղերի
թիվը 5573 է, ինչը 25-ով պակաս է նախորդ տարվանից: Անվճարների թիվը մնացել է անփոփոխ:
Մի քանի ամիս առաջ ՄԱԿ-ի փորձագետների խումբը բուհերի շրջանավարտների շրջանում իրականացրել
էր մի ուսումնասիրություն եւ պարզել, որ վերջիններիս թիվը չի համապատասխանում աշխատաշուկայի
պահանջներին: Այս արդյունքները հիշեցրինք ԿԳՆ մասնագիտական կրթության վարչության
պետ Ռուբեն Գասպարյանին: Նա նշեց, որ ընդհանրապես տեղերը հատկացվում են՝ ելնելով
մի քանի պահանջից: Նախ՝ հաշվի է առնվում գերատեսչությունների ու ընդհանրապես գործատուների
կարծիքն այս հարցում: «Միայն շուկայի պահանջարկի վրա չենք կարող հիմնվել: Պետք է
հաշվի առնել, որ կա նաեւ բուհի բնականոն գործունեությունը պահպանելու խնդիր. բուհը
գիտական ներուժ պետք է վերարտադրի, իսկ դա կարող է անել կադրեր ընդունելով, եւ վերջապես՝
կա հասարակական պահանջարկը: Եվ հասարակական պատվերի ազդեցության ներքո են նաեւ ձեւավորվում
այս տեղերը»,- ասում է պրն Գասպարյանը՝ ավելացնելով, որ բուհի հնարավորությունները
բավարարում են այդքան երեխայի բնականոն կրթությունն ապահովելուն, եւ ներկայացված
թվերը համապատասխանում են նորմերին: Մեր հարցին, արդյոք քանակն այդ դեպքում որակի
վրա չի՞ ազդում, Ռ. Գասպարյանը պատասխանեց. «Միեւնույն է, գործատուն աշխատանք կտա
այն մարդուն, ով կոնկրետ գիտելիքներ ունի»: Պրն Գասպարյանը հաստատեց այն իրողությունը,
որ այսօր մի քանի էլիտար ֆակուլտետներ պահում են ողջ բուհը, եւ հաճախ հանդուրժելի
է դառնում շուկայի պահանջներին անհամապատասխան թվով ուսանողների ներգրավումը՝ իհարկե
բուհի պայմաններին համապատասխան: Եվ դրանք հիմնականում հումանիտար ֆակուլտետներն
են, որովհետեւ եթե այստեղ կարելի է աշխատասիրության շնորհիվ առաջ գնալ, տեխնիկական
մասնագիտությունների դեպքում աշխատասիրությունը չի փրկի: 2006 թ. բուհական
ընդունելության կանոններում, ըստ Ռ. Գասպարյանի, էական փոփոխություն չի գրանցվել:
Գնահատումը կլինի տասնորդական միավորների պահպանմամբ: Անգլերեն լեզվի գրավոր քննության
գնահատման չափանիշներում կատարվել է հետեւյալ փոփոխությունը. 6-րդ առաջադրանքում
ընդգրկված է գործող շտեմարանի 5-րդ առաջադրանքը՝ տրված բառերով կազմել նախադասություններ:
Ընդգրկվում է 5 նախադասություն, յուրաքանչյուր ճիշտը գնահատվում է 0.4 միավոր: Մակբայի
սխալ տեղադրման կամ բարդ ստորադասական նախադասության միայն մի մասը ճիշտ կազմելու
դեպքում գնահատականն իջնում է 0.2 միավոր: Ընդհանուր գնահատականը 2 միավոր է: Մի
նորություն եւս. օժանդակ գրականության երաշխավորված ցանկից Կրթության ազգային ինստիտուտի
մասնագիտական քննարկումների արդյունքում հանվել է Փառանձեմ Մեյթիխանյանի հոմանիշների
բառարանը, որն անցյալ տարի ոչ միանշանակ ընդունվեց մասնագետների կողմից, սակայն,
այնուամենայնիվ, երաշխավորվեց նույն Կրթության ազգային ինստիտուտի կողմից: Հիշեցնենք,
որ տիկին Մեյթիխանյանն անցյալ տարի հայոց լեզվի հանձնաժողովներից մեկի նախագահն էր,
իսկ այս տարի հավանաբար չի լինի: Պրն Գասպարյանը, սակայն, այս հանգամանքը չկապեց
գրքի չերաշխավորվելու հետ: Ռուսաց լեզվի եւ գրականության ցանկում ավելացվել է բարձր
դասարանների դպրոցական քրեստոմատիաները: Բուհերում այս տարի կունենանք նոր
մասնագիտություններ. Մանկավարժականում՝ շտկող մանկավարժություն, մանկավարժություն
եւ սոցիոլոգիա, սոցիալ-մշակութային գործունեություն, հատուկ հոգեբանություն, տարրական
կրթության մանկավարժություն եւ մեթոդիկա, որտեղ այս տարվանից ուսուցումը կկազմակերպվի
նաեւ ռուսերեն: ՀՊՃՀ Գյումրիի մասնաճյուղում կավելացվի տեղեկատվական ինֆորմացիոն
համակարգեր մասնագիտությունը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել