Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒղին պատվաբեր է ու փառավոր»

Հունիս 08,2006 00:00

«Ա.
Խաչատրյան» համերգասրահում այսօր կկայանա հոբելյանական համերգ՝ նվիրված Հայաստանի
պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 80-ամյակին: Երեկոն խոստանում է
պարգեւների առատություն: ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերով կպարգեւատրվեն նվագախմբի
որոշ արտիստներ: Կոնցերտմայստեր, բազմավաստակ երաժիշտ Յուրի Պողոսյանին կհանձնվի
ոսկե մեդալ, իսկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը
կստանա արվեստի վաստակավոր գործչի կոչում: Սիմֆոնիկ երաժշտությունը յուրաքանչյուր
ազգային արվեստի ամենակարեւոր եւ բովանդակալից բնագավառներից է, ուր հեղինակները,
հատկապես հանճարներն ու տաղանդավորները, ընդհանրացնում են ժամանակը, դրա գեղարվեստական
խնդիրները, պահանջները եւ, անշուշտ, երաժշտության ազգային ուղղվածությունը: Եվ այս
ամենը ունկնդրին հասցնողը, բնականաբար, նվագախումբն է: Հայաստանի ֆիլհարմոնիկ
նվագախմբի անցած ուղու, նրա դերի ու նշանակության մասին լայն հասարակությանը ծանոթացնելու
նպատակով զրույցի հրավիրեցինք անվանի երաժշտագետ, պրոֆեսոր Արաքսի Սարյանին: «Սիմֆոնիկ
երաժշտության զարգացման համար անվիճելի է նվագախմբի դերը: Եվ այն, որ մենք այսօր
նշում ենք Հայաստանի ֆիլհարմոնիկի 80-ամյակը, ապացույցն է այն բանի, որ նա իր անչափ
կարեւոր դերն է կատարել հայ սիմֆոնիկ երաժշտության առաջընթացի գործում»,- զրույցի
սկզբում նշեց տիկին Սարյանը: Շարունակելով խոսքը, երաժշտագետը տեղեկացրեց, որ Ֆիլհարմոնիկը,
առաջին համերգից սկսյալ, խոշոր իրադարձություն դարձավ 20-րդ դարի հայ ազգային մշակույթի
կազմավորման առաջընթացի եւ առաջավոր լինելու խնդրում: «Մենք երախտագիտությամբ ենք
հիշում Ալեքսանդր Սպենդիարյանին՝ որպես ազգային սիմֆոնիզմի հիմնադիր եւ Հայաստանում
սիմֆոնիկ կատարողական արվեստի կուլտուրայի ներդրման հեղինակ: Նրա մկրտությամբ սիմֆոնիկ
նվագախումբն անցավ փառավոր ուղի՝ ստեղծելով, բնականաբար, փառահեղ պատմություն»,-
ասաց Ա. Սարյանը: Մեր զրուցակիցը նշեց, որ տարիների ընթացքում հատկապես պետք
է հիշատակվեն Ֆիլհարմոնիկի դիրիժորական վահանակի մոտ կանգնած այն մեծ դիրիժորների
անունները, որպիսիք էին Արշակ Ադամյանը, Միքայել Մալունցյանը, Ալեքսանդր Մելիք-Փաշաեւը,
Միքայել Թավրիզյանը, Սուրեն Չարեքյանը, վաղամեռիկ Դավիթ Խանջյանը, Օհան Դուրյանը,
Արամ Քաթանյանը: Տիկին Սարյանը նշեց նաեւ 90-ականների սկզբից Լորիս Ճգնավորյանի կատարած
մեծ աշխատանքը. «Մեր կյանքի դժվար տարիներին Ճգնավորյանը շարունակեց սիմֆոնիկ երաժշտության
խորհուրդը հաղորդել հայ ունկնդրին»: Ընդհանրացնելով թվարկված դիրիժորների
մեծ ավանդը սիմֆոնիկ երաժշտության պրոպագանդման գործում, տիկին Սարյանը նշեց, որ
նրանցից յուրաքանչյուրը հայ դիրիժորական կատարողական արվեստ բերեց համաշխարհային
ու հայ սիմֆոնիկ երկերի անհատական ինքնատիպ մեկնությունները: «Իր ստեղծագործական
ավանդներով ու, կրկնում եմ, փառավոր պատմությամբ ստեղծված են շատ ամուր, պատկառազդու
հիմքեր Ֆիլհարմոնիկի նոր ձեռքբերումների եւ առաջընթացի համար, ինչի իրագործումը միշտ
պատվաբեր է եղել ու, վստահ եմ, որ կլինի այդպիսին եկող, նորընծա դիրիժորների համար:
Վստահ եմ նաեւ, որ այս գիտակցությամբ ու պատասխանատվությամբ է ներկայանում ու ստեղծագործում
նվագախմբի այսօրվա գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը»,-
համոզված է երաժշտագետը: Զրույցի ավարտին Ա. Սարյանը իր ու կոլեգաների անունից հայտնեց
հետեւյալ ցանկությունը. «Թող որ Ֆիլհարմոնիկը շարունակի լինել ազդակ հայ սիմֆոնիկ
երաժշտության հետագա ձեռքբերումների ու առաջընթացի համար»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել