Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածուների պակաս չի լինի

Հունիս 16,2006 00:00

Խոսքը 2008թ. նախագահի ընտրությունների մասին է

Հայաստանի ներքաղաքական դաշտի ապագա վերաձեւումների մասին խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ մեկը մյուսի ետեւից ստեղծվեցին նոր կուսակցություններ: Քաղաքական դաշտի ներկայացուցիչների ասելով՝ այդ մեկնաբանությունների առանցքը նույնն է՝ այս կուսակցությունները ստեղծվում են ՀՀ նախագահականի կամ առնվազն Սերժ Սարգսյանի հրահանգով կամ «դաբրոյով» եւ նպատակ ունեն 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ստանալիք քվեների փոքր չափաբաժիններով համալրել ԱԺ-ն ու 2008թ.-ին իշխանությունը Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին փոխանցելու խնդիրն անցնցում անցկացնել: Ընդ որում, նորություն չէ նաեւ այն կարծիքը, թե 2008թ. Ռ. Քոչարյանի հետնորդը ՀՀ նախագահի պաշտոնում լինելու է հատկապես Սերժ Սարգսյանը, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնն այդ դեպքում կարող է զբաղեցնել Ռ. Քոչարյանը:

Այս օրերին քաղաքական գործիչների շրջանում քննարկվում է ապագային առնչվող մեկ այլ տարբերակ եւս, որին, ճիշտ է՝ շատ քիչ, բայց մամուլում արդեն անդրադարձել են: Խոսքը 2008թ.-ի ՀՀ նախագահական ընտրություններում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի թեկնածության առաջադրման մասին է: Ճիշտ է, վերջերս այդ հարցադրմանն անդրադառնալով՝ պարոն Օսկանյանը դա նոր անեկդոտ էր համարել, բայց մեր աղբյուրները, որոնք չցանկացան իրենց անունը հրապարակել մամուլում, օրերս համոզում էին, թե այդպիսի տարբերակն ավելի քան ռեալ է: Նրանց փոխանցմամբ, առաջիկա խորհրդարանական ու ապա նաեւ նախագահական ընտրություններում հիմնական ու ամենաթեժ պայքարն ընթանալու է հենց իշխանությունների տարբեր թեւերի՝ Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի միջեւ: Ռ. Քոչարյանն իր խաղադրույքը, մեր աղբյուրների ասելով, դնելու է «Բարգավաճ Հայաստանի», «Դաշինքի», ՀՅԴ-ի վրա, իսկ Ս. Սարգսյանը՝ ՀՀԿ-ի ու «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության վրա: Մեր զրուցակիցների ասելով, իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ Ռ. Քոչարյանը մի նեղ շրջանակում տեղի ունեցած խոսակցության ժամանակ կարծիք է հայտնել, թե չպետք է թույլ տալ, որ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունն ԱԺ մտնի: Ավելին, ըստ այլ աղբյուրների, վերջերս հենց Ռ. Քոչարյանի գիտությամբ կամ հրահանգով ՀՀ ԱԱԾ-ն ձեռնամուխ է եղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ ունեցած իր «կոմպրոմատներն» ի մի բերել՝ նրա առաջիկա պաշտոնանկությունը հարթ անցկացնելու համար: Ի դեպ, մեր տեղեկություններով, Ա. Հովսեփյանի անունը «ՄՀՀ»-ի հետ կապող լուրերը շրջանառության մեջ են դրվում հատկապես ՀՀ նախագահի աշխատակազմի միջոցով, եւ այս դեպքում չի բացառվում, որ «Նոր երկիր» կուսակցություն հիմնադրած Արտաշես Թումանյանի ճակատագրին արժանանա նաեւ Աղվան Հովսեփյանը:

Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի հետնորդին, ապա մեր աղբյուրները վստահեցնում էին նաեւ, որ Ռ. Քոչարյանն այդ հարցում հակված է հենց Վարդան Օսկանյանի ընտրության տարբերակին՝ համարելով, որ նա ընդունելի կլինի թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի համար, բացի այդ, նա լիովին տիրապետում է ԼՂ կարգավորման բանակցային պրոցեսին եւ կարող է հարցի լուծումը հասցնել տրամաբանական ավարտի:

Իսկ Ս. Սարգսյանին նա կարող է համոզել, թե նա իր թիկունքն է ու ճիշտ կլինի, որ մնա որպես պաշտպանության նախարար եւ լինի իր՝ որպես ՀՀ վարչապետի հենարանը:

Եթե այս կանխատեսումները զուգահեռենք նաեւ օրերս մամուլում հայտնված այն տեղեկատվության հետ, թե՝ հեռուստաընկերություն ունեցող օլիգարխներից մեկն արտահայտվել է Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի փոխադարձաբար «խանդոտ» տեսարանների մասին, դա կարող է, թերեւս, վկայել մեր աղբյուրների ունեցած տեղեկություններում ճշմարտության հատիկ լինելու մասին: Իսկ որ Վ. Օսկանյանի հավանական ընտրությունը ՀՀ նախագահի պաշտոնում Ս. Սարգսյանի համեմատությամբ ավելի անվտանգ է Ռ. Քոչարյանի համար՝ նախեւառաջ նրա հավակնությունների ու տնտեսական շահերի հավանական բախման բացակայության պատճառաբանությամբ՝ ենթադրելի է:

Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել