Լրահոս
Օրվա լրահոսը

Կոսովոն Չեռնոգորիա չէ

Հունիս 28,2006 00:00

Այդ հարցում ԵԽԽՎ-ում լորդ Ռասել Ջոնսթոնին սխալ հանեցին

Ստրասբուրգում շարունակվում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Նստաշրջանի երեկվա նիստում հատուկ կարեւոր խնդիրներ՝ նվիրված Ադրբեջանին կամ մեզ, չեն քննարկվել, սակայն հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի ներկայացմամբ, լիագումար նիստում ամբողջ օրվա ընթացքում քննարկվել է գաղտնի բանտերի հարցը, որի հետ կապված Հայաստանը առանձնապես հետաքրքրություն չուներ: «Ա1+»-ի փոխանցմամբ էլ՝ քաղաքական հարցերի հանձնաժողովի զեկուցող Պիտեր Շյոդերը նույն հարցի ներկայացման ժամանակ հայտարարել է. «Ահաբեկչության դեմ պայքարը չպետք է լինի մարդու իրավունքների ոտնահարմամբ»,- նաեւ ավելացնելով, որ դրանով եվրոպացիները պետք է տարբերվեն ամերիկացիներից: «Ահաբեկչության դեմ պայքարը կարեւոր գերակայություն է, սակայն մեր բոլոր գործընկերները պետք է հարգեն միջազգային իրավունքի գերակայությունը»,- ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի ընթացքում մի քանի անգամ հիշեցրեց ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը: Ելույթ ունեցողները մի քանի անգամ հայտարարել են, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ն ոտնահարում է մարդու իրավունքները: Ըստ Ֆրանսիայի ներկայացուցչի, պետք է պայքարել ահաբեկչության դեմ, բայց ոչ ահաբեկիչների զենքով: Քաղաքական հարցերի հանձնաժողովում երեկ քննարկվել է Չեռնոգորիայի անկախության հարցը եւ դրա հետեւանքները: Այս հարցով պատրաստվում է նաեւ զեկույց, որը երեկ քննարկվեց մոնիտորինգի հանձնաժողովում, իսկ հինգշաբթի կլսվի լիագումար նիստում: Զեկուցող լորդ Ռասել Ջոնսթոնը փորձել է մի քանի վիճելի բաներ ասել, մասնավորապես՝ քանի որ Չեռնոգորիայի հարցը լուծվեց, հավանաբար դրանով կհեշտացվի նաեւ Կոսովոյի հարցի լուծումը, սակայն ներկաները ընդվզել են այս հայտարարության դեմ՝ ասելով, թե դրանք տարբեր հարցեր են եւ պետք չէ միմյանց խառնել:

Երեկ ադրբեջանցիները շարունակել են արծարծել անտառների հրդեհման թեման եւ մամուլի ասուլիս են հրավիրել՝ փորձելով առավել հնչողություն տալ հարցին, սակայն այս ամենի գագաթնակետը կլինի ուրբաթ օրը, երբ կլսվի «Հրդեհվող անտառներ» թեմայով զեկույցը, որը ընդհանրապես անտառներին է վերաբերում: Առաջիկայում սպասվում է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ռենե վան դեր Լինդենի եւ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի հանդիպումը, որի ժամանակ ԱԺ նախագահը Ռենե վան դեր Լինդենի հետ կխոսի Ադրբեջանի քարոզչական ոչ կոռեկտ պահվածքի եւ վերջին ռազմատենչ հայտարարությունների մասին: Ադրբեջանի լիազորությունների հարցով զեկուցողներն արդեն պատրաստել են տեղեկատվական փաստաթուղթ՝ մայիսի 25-28-ին Ադրբեջանի այցի վերաբերյալ: Այս փաստաթղթում խոսում են նաեւ Ղարաբաղի հարցի լուծման սկզբունքների մասին՝ նշելով նաեւ հանրաքվեն: Այս կապակցությամբ մոնիտորինգի հանձնաժողովի ադրբեջանցի երկու պատգամավորները աղմուկ են բարձրացրել, թե այդ հարցերը զեկուցողներին չեն վերաբերում:

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել