Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ «ԷԼԻՏԱՐԸ»՝ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Հունիս 28,2006 00:00

Այս
մեկն օրինական է, բայց նորից խանգարում է Վերջին շրջանում մայրաքաղաքի այս
կամ այն թաղամասում կառուցվող «էլիտար» շենքերը, որպես կանոն, կամ քաղաքաշինական
նորմերին չեն համապատասխանում, կամ հարեւանների բնական լույսն են փակում, կամ էլ
կանաչ տարածքների ու երեխաների խաղահրապարակի հաշվին են կառուցվում: Տուժողների
բողոքներն էլ սովորաբար չինովնիկների կողմից շատ օպերատիվ պատասխան են ստանում՝ «գլխի
տակ փափուկ բարձ դնելու» դասական գործելակերպով: Արաբկիր համայնքի Արամ Խաչատրյան
փողոցում երկրորդ «էլիտար» շենքն է կառուցվում: Կառուցապատողը պարսկահայ է՝ Վարուջ
Ղանբարի անունով: Շենքերից մեկն արդեն պատրաստ է: Երկրորդի էլ հիմքն է փորվում: Եթե
առաջինի շինարարության ժամանակ հարակից շենքերի եւ սեփական տների բնակիչները էական
դժգոհություններ չունեին, քանի որ շենքը, ըստ էության, իրենց չէր խանգարելու, ապա
Արամ Խաչատրյան 12/1 հասցեում կառուցվող երկրորդ «էլիտարը», բնակիչների խոսքերով,
լուրջ վնասներ է հասցնելու՝ չնայած նախագծի համաձայն նորակառույցն «անշառ», անվնաս
երեք հարկանի բնակելի տուն է լինելու: Բնակիչները էլիտարի հասցնելիք վնասների
հետ կապված մտավախությունն այսպես բացատրեցին. «Նախորդն էլ էին ասում 2-3 հարկանի
շենք է լինելու, բայց արի ու տես՝ կառուցեցին վեց հարկանի բազմաբնակարան շենք: Ընդ
որում, շինարարության ընթացքում ոչ մի ցուցանակ այդպես էլ չփակցրին, որպեսզի բնակիչներն
չիմանան, թե իրականում ինչ է կառուցվում, քանի հարկ է ունենալու եւ ինչ տարածք է
զբաղեցնելու»: Դատելով կառուցվելիք շենքի նախագծից եւ տարածքից, նախ նորակառույցի
պատուհանները նայելու են անմիջապես դիմացի բազմաբնակարան թիվ 10/5 շենքի ննջասենյակների
պատուհաններին եւ քանի որ շենքերի միջեւ հեռավորությունը ընդամենը մի քանի մետր է,
ապա «էլիտարցիները» ակամայից ականատես են լինելու դիմացի շենքի բնակիչների հանվել-հագնվելու,
անկողին մտնել-ելնելու եւ այլ ինտիմ մանրամասներին: Բացի այդ, «էլիտարը» գրավելու
է շենքի բակը, փակելու է բնակարանների բնական լույսը: Իսկ 10/5 շենքում արեւ է ընկնում
հենց այն կողմից, որտեղ վեր է խոյանում նորակառույցը: Շենքը խանգարելու է նաեւ հարակից՝
12/2 սեփական տանը: «Էլիտարը» կառուցվում է սեփական տան անմիջապես հարեւանությամբ՝
կիպ-կպած եւ մեկ սանտիմետր անգամ տարածություն չի մնում: Շենքի պատն ու սեփական տան
պատը ընդհանուր է լինելու, ինչն էլ հարուցել է բնակիչ Վանյա Աղեկյանի զայրույթը.
«Ինձ ով է հարցրել, որ նման նախագծով շինարարություն է անում: Շենքի պատն իմ բակի
մեջ է լինելու եւ բարձրությունը խանգարելու է, որ տունս, բակս արեւ ընկնի: Բացի այդ,
շենքի պատուհանները մեր բակին են նայելու»: Ի դեպ, կառուցված «էլիտարը» Վ. Աղեկյանին
արդեն վնաս է պատճառել. նրա տան հետեւի մի հատվածը շենքին կից է եւ այդ պատճառով
էլ տունը խոնավ է, «ինչ դնում ենք՝ բորբոսնում է, ստիպված այդ մասը չենք օգտագործում»:
«Էլիտար» երկու շենքերի նախագծի հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա պնդում էր, որ քաղաքաշինական բոլոր նորմերը պահպանված
են, քանի որ «նախագիծը բազմաթիվ ինստանցիաներով է անցնում մինչեւ վերջնական հաստատվում
է եւ դրա համար ճարտարապետները գլխով են պատասխանատու»: Ըստ Բարսեղյանի, կառուցվողը
բազմաբնակարան շենք չէ, ինչպես բնակիչներն են անհանգստանում, «այլ ընդամենը երեք
հարկանի բնակելի տուն է եւ ամեն հարկում մի ընտանիք է ապրելու»: Ինչ վերաբերում է
սեփական տան բնակչի բողոքներին, Տ. Բարսեղյանի ներկայացմամբ, ընդհանուր պատը «խուլ
է լինելու եւ այդ կողմից պատուհան չի ունենալու: Իսկ հարեւանի կարծիքը հաշվի չի առնվել,
քանի որ, մեր հաշվարկներով, 2,5 ժամ արեւի լույսը տուն թափանցելու է, ինչը նորմատիվային
խախտում չէ»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել