Լրահոս
Օրվա լրահոսը

Դասական երաժշտությունն Արցախում հարգի է

Հուլիս 01,2006 00:00

Օրերս «Ա. Խաչատրյան» համերգասրահում երաժշտասեր հասարակայնությանը ներկայացավ Արցախի պետական կամերային նվագախումբը:

Մինչ Երեւան ժամանելը, նվագախումբը Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ Սբ. Հովհաննես Մկրտչին նվիրված ուխտ է կատարել դեպի Մարտակերտ, որտեղ հանդես գալուց հետո ուղեւորվել Բերձոր: Կոլեկտիվի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Գեւորգ Մուրադյանի հետ մեր հանդիպումը պայմանավորված էր Երեւան քաղաքի երաժշտական դպրոցներում տարեցտարի լարային երաժշտական գործիքներով (ջութակ, թավջութակ, ալտ) նվագել ցանկացող սաների թվաքանակի կրճատումով եւ, ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների, հայոց բանակում Արցախի պաշտպանության նախարարի գիտությամբ արտոնություններ են սահմանված պարտադիր զինծառայության անցած երաժիշտների համար:

Զրույցի սկզբում պարոն Մուրադյանը հայտնեց, որ իրենց հաջողվել է Արցախում ստեղծել մթնոլորտ, որի շնորհիվ ժողովուրդը գիտակցում է դասական երաժշտության անհրաժեշտությունը. «Արցախի երաժշտական ուսումնարանի տնօրինության հետ համատեղ բացել ենք քոլեջ, որտեղ այսօր ուսանում են 20-ից ավելի ջութակահարներ, թավջութակահարներ, ալտահարներ: Ես ցավում եմ, եթե Երեւանում միջոցներ չձեռնարկվի, ապա լարային գործիքները կարող են հայտնվել Կարմիր գրքում: Ավելին, այժմ աշխատում ենք Երեւանից հրավիրել փողային գործիքների մասնագետներ՝ վարպետության դասեր անցկացնելու համար: Վարչապետ Անուշավան Դանիելյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, մշակույթի նախարար Կամո Աթայանի թույլտվությամբ, բանակում ծառայող երաժիշտները շաբաթական երեք օր հաճախում են կամերային նվագախմբի փորձերին»: Հիշեցնենք, որ մինչ կամերային նվագախմբի հիմնադրումը, Արցախում չեն եղել լարային գործիքների դասարաններ: Նվագախմբի 20 անդամից 12-ը Երեւանից է, 8-ը՝ Արցախից: Պարոն Մուրադյանի հավաստմամբ, նվագախումբն արդեն համերգներ է ունեցել Արցախի շրջաններում, գյուղերում: Որպես մենակատարներ՝ կոլեկտիվի հետ հանդես են եկել ինչպես տեղի երաժիշտները, այնպես էլ ճանաչված անուններ, այդ թվում՝ ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը: Աշնանը նախատեսվում է նվագախմբի համերգը ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի մարզերում՝ «Արցախյան օրեր» ծրագրի շրջանակներում:

Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է նվագախումբը ելույթներ ունենալ արտերկրում, Գ. Մուրադյանը պատասխանեց. «Մենք դեռ ծրագրեր ունենք Հայաստանում ու Արցախում, հետո նոր՝ դրսում: Ընդ որում, արդեն կան հրավերներ: Շտապելու անհրաժեշտություն չենք տեսնում»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել