Լրահոս
Օրվա լրահոսը

«Միսս ինտերնետ Հայաստան. գարուն 2006»

Հուլիս 01,2006 00:00

Կինոռեժիսոր Խաչատուր Մարգարյանի մտահղացմամբ, «Armenia Travel Guide» ծրագրի ինտերնետ կայքում կազմակերպվել էր «Միսս ինտերնետ Հայաստան. գարուն 2006» մրցույթը:

Մայիսի 31-ին այն ավարտվեց եւ արդյունքներն ամփոփվեցին օրերս: Երկու փուլով անցկացված մրցույթին մասնակցել են 300 աղջիկ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից եւ նույնիսկ Չինաստանից: Առաջին փուլի հաղթողների համար նախատեսված էր մրցանակ («Armenia Travel Guide»-ի խտասկավառակ եւ հավաստագիր)՝ համացանցային հանդիսատեսի համակրանքին արժանանալու համար: Ինտերնետ-հաճախորդների ձայներով՝ այդ պատվին արժանացել էին Տաթեւիկ Հայրապետյանը՝ Կիեւից, ուկրաինուհի Նատալյա Գավրուշենկոն՝ Նովոռոսիյսկից, Քրիստինե Գրիգորյանը՝ Աստրախանից: Նրանք Հայաստանում չէին, եւ կազմակերպիչները խոստացան մրցանակները ուղարկել հասցեատերերին:

Մրցույթի երկրորդ փուլ էր անցել 7 հայուհի՝ Նաիրա Կարապետյանը, Նաիրա Բուդաղյանը, ծածկանունով՝ Կիտին, եւ պարզապես Անահիտը, Աստղիկն ու Ջուլիան (չէր ներկայացել Նաիրա Գասպարյանը): Շաբաթ օրը Վիվարո բուքմեյքերական սրահներից մեկում ներկաները հնարավորություն ունեցան մի փոքր ավելի մոտիկից ծանոթանալ աղջիկների հետ եւ իրենց քվեարկություններով առանձնացնել առաջին երեք հաղթողներին:

Միջոցառման գլխավոր հովանավոր «Վիվարո» ընկերության կողմից նախ հատուկ մրցանակներ շնորհվեցին քիմիկոս Անահիտ Պալասյանին, ուղեկցորդուհու մասնագիտություն ընտրած Նաիրա Բուդաղյանին եւ չբարդույթավորված Կիտիին՝ Քրիստինա Զամինյանին, որն անտարբեր չէ բեմարվեստի նկատմամբ: Միջոցառման հովանավոր «Այսօր» շաբաթաթերթի մրցանակը շնորհվեց Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողուհի Ջուլիային: Կազմակերպիչները, այդ թվում՝ «Տուն եւ կահավորանք» ամսագիրը, վեց մասնակիցներին նվիրեցին իրենց ամսագիրը եւ խտասկավառակ: Եվ, վերջապես, «Միսս ինտերնետ Հայաստան. գարուն 2006» մրցույթի հաղթողներ ճանաչվեցին Ջուլիան (3-րդ տեղ), Նաիրա Կարապետյանը (2-րդ) եւ Նաիրա Բուդաղյանը (1-ին): Նրանց շնորհվեցին թագեր, հուշարձանիկներ:

Մրցույթը, կազմակերպիչների հավաստմամբ, կանցկացվի բոլոր սեզոնների համար եւ մասնակիցները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց ողջ շուքը՝ տաք եւ ցանկության չափ բաց ամառային հագուստներով: Այդ ամբողջ նախաձեռնության մեջ Խ. Մարգարյանին ոգեւորել էր հայ տղաների արձագանքը. «Շատերը բանաստեղծություններ էին ձոնել մասնակիցներին, նույնիսկ Սայաթ-Նովայից էին մեջբերումներ արել՝ դուն կրակ, հագինդ՝ կրակ…»:

Է. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել