Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՈՐ ԽԱՂԵՐ

Հուլիս 01,2006 00:00

Վերջերս
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության»
շրջանակներում սեմինար-խորհրդակցություն անցկացվեց 12 անդամ երկրների սպորտի նախարարությունների
ներկայացուցիչների մասնակցությամբ: Ընդորում, ժամանել էին միայն սպորտի նախարարները,
փոխնախարարները, փորձագետները: Խորհրդակցությանը Հայաստանից մասնակցում էին
Սպորտպետկոմի նախագահի տեղակալ Հարություն Յավրյանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը
եւ Սպորտպետկոմի միջազգային կապերի վարչության պետ Արտավազդ Ներսիսյանը: «Օրակարգի
առանցքային հարցը Թուրքիայի կառավարության նախաձեռնությամբ տվյալ երկրների երիտասարդության
շրջանում ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը ամրապնդելու, օլիմպիական խաղերին պատշաճ
մակարդակով նախապատրաստվելու եւ մասնակցելու նպատակով մարզական համալիր խաղեր կազմակերպելու
առաջարկի քննարկումն ու հաստատումն էր,- պատմեց պատվիրակության ղեկավար Հ. Յավրյանը:-
Թուրքիան ժամանակին ուսումնասիրել եւ եկել էր այն եզրակացության, որ երիտասարդական
որոշ տարիքային շերտերի համար եվրոպական չափանիշներին համապատասխանող համալիր մրցումներ
չեն կազմակերպվում: Դրա համար էլ մշակել էր նման խաղեր կազմակերպելու մի կանոնադրություն
եւ նախապես ուղարկել Սեւծովյան ավազանի անդամ բոլոր 12 երկրներ: Փաստաթղթում նախատեսվում
էր խաղերն անցկացնել չորս տարին մեկ եւ ՄՕԿ-ի հովանու ներքո: Խորհրդակցության ընթացքում
շուրջ երկու օր տեւած քննարկումների եւ բանակցությունների արդյունքում, որին, ի դեպ,
ակտիվ մասնակցություն ունեցավ Հայաստանը, կանոնադրության նախնական տարբերակն էական
փոփոխություններ կրեց: Եվ միայն վերջնական տեսք ստանալուց հետո այն ներկայացվեց հաստատման:
Փաստաթղթով որոշվեց չորս տարին մեկ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության
անդամ երկրներից մեկում անցկացնել երիտասարդական խաղեր՝ առնվազն յոթ մարզաձեւից:
Սա մարզաձւերի նվազագույն թիվն է: Ամեն անգամ ամփոփվելու են նախորդ խաղերի արդյունքները
եւ համատեղ որոշվելու, թե ի՞նչ մրցաձեւեր են ընդգրկվելու հաջորդ խաղերի ծրագիր: Դրա
համար անհրաժեշտ է, որպեսզի առնվազն չորս երկիր այս կամ այն մարզաձեւը հերթական խաղերի
ծրագիր մտցնելու հայտ ներկայացնի: Մենք նույնպես մեր ստորագրությունը դրել
ենք այդ փաստաթղթի տակ, քանի որ ծրագրում ընդգրկված են ոչ միայն այն մարզաձեւերը,
որոնք Հայաստանում ամուր հիմքերի վրա են դրված, այլեւ այնպիսիք, հատկապես՝ խաղային
ձեւերը, որոնց զարգացմանը մեծ կարեւորություն ենք տալիս: 2007 թ. սեպտեմբերին
կայանալիք առաջին խաղերի անցկացման վայր, որպես նախաձեռնության հեղինակի եւ կազմակերպչի,
ընտրվեց Իզմիրը: Բոլոր մարզաձեւերին անպայման մասնակցելու պարտադրանք չկա: Այնպես
որ, կարծում եմ, առաջին խաղերին, որը Եվրոպայի երիտասարդության օլիմպիական փառատոնից
հետո իր մասշտաբներով երկրորդ խոշոր մրցումն է լինելու, մենք կարող ենք մասնակցել
այն մարզաձեւերից, որոնցում ունենք հեռանկարային մարզիկներ եւ ում ցանկանում ենք
փորձարկել առաջիկա պատասխանատու մեկնարկներից առաջ»: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել