Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ

Հուլիս 07,2006 00:00

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐՆ
ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ «Ե՛վ Ղարաբաղի, եւ Հայաստանի մոտ կա անհանգստություն,
եւ բոլոր կետերը չէ, որ ընդունելի են մեզ համար». այսպես է ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի
Պետրոսյանի հետ համատեղ ասուլիսում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը երեկ
մեկնաբանել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե Հայաստանի համար
ընդունելի են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները: Աշոտ Ղուլյանը, սակայն, դրական
է գնահատել այն փաստը, որ «միջնորդների առաջարկներից դատելով՝ կարգավորումը համապարփակ
բնույթ է կրելու»: Պատասխանելով Lragir.am-ի հարցին, թե կա՞ արդյոք ձեւավորված ղարաբաղյան
դիրքորոշում եւ ինչո՞ւ այն բացահայտ չի արտահայտվում՝ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի
Պետրոսյանը նշել է, որ Ղարաբաղի իշխանությունները նպատակահարմար չեն գտել դիրքորոշում
արտահայտել Մինսկի խմբի հայտարարության վերաբերյալ, քանի որ ԼՂՀ-ն չի մասնակցում
բանակցային գործընթացին. «Իսկ Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը պայմանավորված
է մի քանի կարեւոր հանգամանքներով: Նախ՝ Ղարաբաղը զինադադար կնքելիս իր վրա պարտավորություններ
է վերցրել եւ պատասխանատու է նաեւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու
համար: Երկրորդ՝ մասնակցությունը հնարավորություն կտա Ղարաբաղին անմիջականորեն պաշտպանել
սեփական շահերը: Երրորդ՝ դրանով կվերականգնվի բանակցությունների բնական ձեւաչափը:
Մենք իրավունք ունենք եւ պարտադիր պետք է մասնակցենք բանակցություններին»: Գեորգի
Պետրոսյանը նաեւ ասել է, որ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները առաջացրել
են նոր իրավիճակ, եւ դեռ հայտնի չէ, թե ինչպիսի ձեւաչափով կվերսկսվի բանակցային գործընթացը:
Մեկնաբանելով հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ զորքերի տեղակայման
հնարավորությունը՝ ԼՂՀ արտգործնախարարը նշել է. «Մենք զգուշորեն ենք վերաբերվում
խաղաղարարների հնարավոր տեղակայմանը»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել