Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐՆ ԻՆՊԵՍ ՈՐ Է

Հուլիս 13,2006 00:00

Տավուշի
մարզի սահմանամերձ այս գյուղը շուրջ 140 տարեկան է Ընդամենը
40 տարով երիտասարդ է տեղի դպրոցը, որ ժամանակին կրել է հեղափոխական Հովսեփ Պողոսյանի
անունը: Այժմ դպրոցի դիմաց դեռ կանգնած է հեղափոխականի արձանը, ինչպես նաեւ խրոխտ
պիոներների մի արձանախումբ: Այսօր դպրոցն այլեւս չի կրում Հ. Պողոսյանի անունը, որովհետեւ
դպրոցի տնօրինությանը պատճառաբանել են, թե «Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի
Հովսեփ Պողոսյանի անվան դպրոց» արտահայտությունը չի տեղավորվի կնիքի վրա: «Ժամանակավրեպ»
արձաններից հետո երկրորդ բանը, որ աչքի է զարնում, «Ազգային հերոսներ» վերտառությամբ
պլակատն է՝ Վիկտոր Համբարձումյանի, Կարեն Դեմիրճյանի, Քըրք Քըրքորյանի, Մոնթե Մելքոնյանի,
Վազգեն Սարգսյանի, Մովսես Գորգիսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջինի եւ այլոց նկարներով:
Նախկին Փառքի անկյունում դեռ պահպանվել է հատակին՝ ԽՍՀՄ քարտեզի տեսքով խճանկարը:
1992-ից Վերին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենն է Հրանտ Մխիթարյանը, ով իրեն մասամբ
հանրապետական է համարում: Իսկ մի ուսուցչուհի էլ ասաց, որ ինքն էլ ծպտված ԱԻՄ-ական
է: Դպրոցի ուսուցիչները տեղեկացրին, որ իրենց կոլեկտիվը բազմակուսակցական է (ՀՅԴ,
ՕԵԿ, ԱԻՄ եւ այլ կուսակցությունների անդամ ուսուցիչներ ունեն- Գ. Հ.): Բայց, ինչպես
տնօրենը ներկայացրեց, «բարձրագույնավարտ, կիրթ մարդիկ են, երբեք քաղաքական հողի վրա
չեն վիճում»: Ըստ տեղացիների, իրենց գյուղում ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, ԱԺՄ-ի շտաբներ կան, սակայն
առավել ակտիվ են հարապետականները: Գյուղապետը՝ Գեւորգ Չոբանյանը եւս ՀՀԿ անդամ է:
Դպրոցի զինղեկ Սամվել Եսայանը նշեց, որ աշակերտները սիրով են հաճախում իր
դասերին: Գուցե հետաքրքրությունը նրանով է պայմանավորված, որ Վերին Կարմիրաղբյուրը
սահմանամերձ գյուղ է, բացի դրանից երեխաներին գրավում է զենքի հետ աշխատելը: «Հիմնականում
աղջիկները անընդհատ հետաքրքրվում են՝ երբ է բացվելու ռազմական ուսումնական հաստատություն
աղջիկների համար, այնքան են այդ հարցը տվել, որ դիմել եմ մեր զինկոմիսարիատ, անգամ
պաշտպանության փոխնախարարին»,- ասաց զինղեկը: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վոլոդյա
Ոսկանյանն էլ հավաստիացրեց, որ ամենապարտաճանաչը իր սաներն են: Միայն ափսոսաց, որ
հեռու լինելու պատճառով հնարավոր չի լինում Տավուշի մարզի սպորտային մրցումներին
մասնակցել: Անգլերենի ուսուցչուհի Ռաիսա Թումանյանը պատմեց, որ գյուղում հնագիտական
թանգարան կար, որ հիմնադրվել էր 70-ականներից՝ հայրենագիտական խմբի հենքի վրա: Այժմ
բոլոր նյութերը վնասվել են, իսկ գյուղի նախկին եկեղեցին ընդամենը սեփականաշնորհված
տարածք է: Հետաքրքրվեցինք, թե ինչ թերթեր են հասնում գյուղ: Պարզվեց՝ «Հայաստանի
Հանրապետություն», ուշացումով՝ «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Ազգ», «Հայ զինվոր»
թերթերը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել