Լրահոս
Օրվա լրահոսը

Ցամաքային ներխուժում

Հուլիս 20,2006 00:00

Ցամաքային
ներխուժում Երեկ առավոտյան Իսրայելի ցամաքային զորքերը մուտք
են գործել Հարավային Լիբանան՝ «Հըզբոլլահի» ամրությունները ոչնչացնելու նպատակով:
Ըստ այդմ, նախատեսվում է գործողությունների ընթացքում կետային հարվածներ հասցնել
լիբանանյան գրոհայինների դիրքերին: Ինչպես հաղորդում է «AP»-ն, իսրայելական
հետեւակի առաջադրանքն է փնտրել եւ գտնել Իսրայել ներթափանցելու համար նախատեսված
թունելներ եւ զենք: Իսրայելական հրամանատարության հաղորդմամբ, չի բացառվում, որ հետագայում
առավել մասշտաբային ցամաքային գործողություններ ծավալվեն: Իսկ մինչ այդ, CNN-ը հաղորդել
է, թե երեքշաբթի Իսրայելում եւ Լիբանանում զոհվել է առնվազն քսան մարդ: Հետաքրքիր
տեղեկատվություն է հաղորդում բրիտանական «Գարդիան» թերթը՝ պնդելով, թե ԱՄՆ-ը Իսրայելին
«եւս մեկ շաբաթ կտրամադրի»՝ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը առավելագույն վնասներ
հասցնելու համար: Դիվանագիտական աղբյուրները թերթին հավաստիացրել են, որ գոյություն
չունի ավելի երկար ժամկետով չմիջամտելու հարց, մասնավորապես այն մտավախությամբ, թե
տեւական հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Սանկտ Պետերբուրգում
G8-ի գագաթաժողովին, ինչպես նաեւ Բրյուսելում անցկացված եվրոպական ԱԳ նախարարների
հանդիպման ժամանակ Վաշինգթոնի եւ Լոնդոնի ներկայացուցիչները համատեղ դեմ են արտահայտվել
կրակն անհապաղ դադարեցնելուն: Ավելի ուշ բրիտանացի պաշտոնյաներից տեղեկություն է
ստացվել, որ ԱՄՆ-ը թույլ կտա Իսրայելին Լիբանանը ռմբակոծել այնքան ժամանակ, քանի
դեռ «Հըզբոլլահի» ենթակառուցվածքը լիովին չի ավերվել: Երեկ Իսրայելի վարչապետ
Օլմերտը իսրայելցի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լիբանանի
հետ պատերազմը նախաձեռնել են Իրանի իշխանությունները: Նա վստահ է, որ հարձակումն
ու իսրայելցի զինվորականների առեւանգումը «Հըզբոլլահ» շիա մահմեդական շարժումը կանխավ
համաձայնեցրել էր Թեհրանի հետ, որն իր հերթին ցանկանում էր շեղել համաշխարհային հանրության
ուշադրությունը իր միջուկային ծրագրից: Մինչդեռ իրանական «Հըզբոլլահ» խմբավորումը,
որ կապված է լիբանանյան նույնանուն շարժման հետ, հայտարարել է ողջ աշխարհով մեկ Իսրայելի
եւ ԱՄՆ-ի շահերին դիմակայելու իր պատրաստակամության մասին: «Հըզբոլլահի» ներկայացուցիչը
հայտարարել է, թե խմբավորումը երկու հազար ուսումնավարժ կամավորներ ունի, որ կարճ
ժամանակահատվածում համալրել են կազմակերպության շարքերը: Ըստ նրա, գրոհայիններին
անհրաժեշտ է սոսկ Իրանի հոգեւոր առաջնորդի համաձայնությունը. «Եթե Ամերիկան ուզում
է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, մենք դա ողջունում ենք»,- ասել է «Հըզբոլլահի»
ներկայացուցիչը: Իրանական «Հըզբոլլահը» պնդում է, թե ենթարկվում է Իրանի հոգեւոր
առաջնորդին: Այնուամենայնիվ, իրանական կառավարությունն ասում է, որ խմբավորման գործողությունները
չեն արտացոլում պետական քաղաքականությունը: Ըստ «Նոյյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել