Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՔՐԵԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՄ

Հուլիս 21,2006 00:00

Ըստ
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի, սա պետք է լինի ընդդիմադիր ուժերի նպատակը –
Պարոն Դեմիրճյան, ինչպե՞ս եք բացատրում Հայաստանի ներքաղաքական իրավիճակն այս պահին.
արդեն ակնհայտ է, որ իշխանության մաս կազմող կուսակցությունները եւ քաղաքական ուժերը
շատ ավելի ակտիվ են նախապատրաստվում առաջիկա ընտրություններին, քան ընդդիմադիր դաշտը:
Ինչո՞ւ է այդպես: – Նախընտրական տարի է, եւ ընտրություններին պատրաստվում
են բոլորը: Ակնհայտ է, որ իշխանությունը փորձելու է բոլոր ճիգերը գործադրել վերարտադրվելու
համար: Սակայն սա իրատեսական խնդիր չէ, որովհետեւ երկրում այս տարիների ընթացքում
որեւէ դրական տեղաշարժ տեղի չի ունեցել: Ինչքան ուզում են որոշ պաշտոնյաներ մտնեն
այս կամ այն կուսակցություն, նոր կուսակցություններ ստեղծեն եւ այլն, սակայն վերարտադրությունն
այլեւս իրատեսական չէ, որովհետեւ այս տարիների ընթացքում ոչ մարդկանց կյանքի պայմաններն
են փոխվել, ոչ դժգոհությունն է պակասել եւ ոչ էլ՝ անարդարությունները: Անօրինականություններից
եւ «բեզպրեդել»-ից երկիրը պարզապես շնչահեղձ է լինում, հանցագործները ազատ ման են
գալիս, եւ այս պայմաններում ակնհայտ է, որ ժողովուրդն այս իշխանության ներկայացուցիչներին
ձայն չի տալու, չնայած նրանց բոլոր ջանքերին: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը,
ապա ընդդիմությունը դեռ իր խոսքը կասի, միանշանակ կասի: Կոնկրետ ՀԺԿ-ն հիմա ավելի
շատ զբաղված է ներկուսակցական հարցերով, կառույցների ամրապնդմամբ, եւ պատրաստվում
ենք աշնանը կայանալիք մեր կուսակցության հերթական համագումարին: – Իսկ ընտրությունների
դուք կգնաք միայնա՞կ, թե՞ դաշինքով: – Այդ հարցը դեռ որոշված չէ, եւ վաղ է
այդ մասին խոսել, սակայն ՀԺԿ-ն միայնակ պատրաստ կլինի մասնակցել ընտրություններին:
– Այսօր արդեն վերլուծություններ են արվում, որ գործող ընդդիմությունը չի
կարող հայտնվել 2007-ի խորհրդարանում. դուք համամի՞տ եք այս կարծիքին: – Ինչ
վերաբերում է այդ «վերլուծություններին» կամ որոշ քաղաքական դուրսպրծուկների կանխատեսումներին,
ապա դրանք նորություն չեն՝ միշտ եղել են, եւ չարժե դրանց ուշադրություն դարձնել:
«Գելափի» հարցումների համաձայն՝ ՀԺԿ-ն խորհրդարան մտնելու խնդիր չունի: Նույն «Գելափի»
հարցումների համաձայն՝ հասարակության ընդամենը 7 տոկոսը որեւէ պարագայում ՀԺԿ-ին
ձայն չի տա: Ինչ վերաբերում է կեղծ հարցումներին, որոնց միջոցով ոմանք փորձում են
ցույց տալ, թե իրենց վարկանիշը բարձր է, ուրիշներինը՝ ցածր, մենք երբեւիցե ոչ դիմել
ենք եւ ոչ էլ դիմելու ենք նման էժանագին հնարքների: Իրական պատկերը մենք շատ լավ
պատկերացնում ենք, սթափ ենք գնահատում այն եւ զբաղված ենք կոնկրետ աշխատանքով: –
Ընդդիմության մասով ասվու մ է նաեւ, որ այն երբեք ավելի թույլ եւ պասիվ չի եղել:
Ինչո՞վ եք բացատրում այս պասիվությունը: – Ավելորդ չեմ համարում հիշեցնել,
որ այդ նույն ընդդիմությունը հաղթել է 2003-ին՝ թե նախագահական, թե խորհրդարանական
ընտրություններում, ազնիվ պայքարում կհաղթի նաեւ հիմա: Այլ հարց է, որ այսքան անարդարություններից
եւ կեղծիքներից հետո հասարակությունը պարզապես չի հավատում, որ այս երկրում հնարավոր
է մի բան փոխել քաղաքակիրթ եղանակներով: Իսկ իշխանության հավաստիացումներին արդար
ընտրությունների մասին, բնականաբար, հասարակության ճնշող մեծամասնությունը չի հավատում,
ինչը փաստում են նաեւ նույն «Գելափի» հարցումները: Եվ այստեղ «Ընտրական օրենսգրքի»
բարեփոխումը տասներորդական նշանակություն ունի: Արդեն զավեշտական է դարձել ամեն անգամ
ընտրության արդյունքները կեղծել եւ խոսել «ԸՕ»-ի բարեփոխումների մասին: Եվ խնդիրը
մնում է նույնը, ինչ որ առաջ էր, եւ սա ամբողջ հասարակության խնդիրն է՝ կեղծիքների
դեմն առնել եւ թույլ չտալ անօրինական մեթոդներով իշխանությունների վերարտադրություն:
Ես համոզված եմ, որ դա լուծելի խնդիր է: – Ընդդիմությունը կարծես առանձնապես
համախմբված չէ, այդ դեպքում հնարավո՞ր է քայլեր իրականացնել: – Ընդդիմադիր
կուսակցությունները կգտնեն համագործակցության արդյունավետ մեխանիզմներ: Այսօր շատ
է խոսվում գաղափարական միավորումների ստեղծման անհրաժեշտության մասին, դա կարեւոր
է, բայց առաջին հերթին, կարծում եմ, առողջ քաղաքական ուժերը պետք է համախմբվեն եւ
համախմբեն հասարակությանը քաղաքական դաշտի քրեականացման դեմ պայքարում: Երկրում վխտում
է կրիմինալը, եւ դրա վերջը պետք է տրվի: – Սակայն իշխանությունները չեն թաքցնում,
որ ամեն ինչ անելու են իրենց վերարտադրության համար: – Մենք էլ ամեն ինչ պետք
է անենք իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար, որովհետեւ նման իշխանության
վերարտադրությունը պարզապես դժբախտություն կլինի ժողովրդի համար: – Ինչո՞վ
եք բացատրում, որ այսօր իշխանության ճամբարում եւս շատացել են նախագահացուները: –
Նախ, քանի մոտենում են ընտրությունները, այնքան ավելի սրվում է իշխանության համար
պայքարը հենց իշխանության ներսում: Ցավն այն է, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ,
որոնք անմիջականորեն պատասխանատու են երկրում տիրող ամենաթողության եւ ապօրինությունների
համար, իրենց բուն աշխատանքային պարտականությունները թողած զբաղված են քաղաքական
խարդավանքներով: Սակայն, ինչպես արդեն ասացի, իշխանության որեւէ թեկնածու որեւէ շանս
չունի ժողովրդի վստահության քվեն ստանալու: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել