Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմիտրովի հողերն անջրդի են

Հուլիս 21,2006 00:00

Ասորիները
ջուր, գյուղտեխնիկա եւ մշակույթի տուն չունեն Արարատի մարզի Դիմիտրովը ասորիներով
բնակեցված գյուղ է, ունի 1250 բնակիչ: Ասորիների խնդիրները գրեթե չեն տարբերվում
հարեւան հայաբնակ գյուղերի խնդիրներից: Դիմիտրովի գյուղապետ Անդրյուշա Լաչինյանի
ներկայացմամբ, առաջնահերթ լուծման կարոտ է խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը. «Մեր գյուղում
խմելու ջրի վիճակը շատ վատ է: Խողովակները 30-40 տարվա են, ամբողջ համակարգը պիտի
փոխվի, ուզում ենք հարցը լուծել, բայց փող չկա»: Այս տարի ոռոգման ջրի ուշացումների
պատճառով գյուղացիները մեծ վնասներ են կրել՝ բերքը լավ չի աճել, եղածն էլ երաշտն
է փչացրել: Ըստ գյուղապետի, Դիմիտրովի 300 հեկտար մշակելի հողերից 3 հեկտարը
չի մշակվում հենց ջուր չլինելու պատճառով: Գյուղի ճանապարհները եւս անմխիթար վիճակում
են, տեղ-տեղ նույնիսկ անանցանելի: Ա. Լաչինյանի ներկայացմամբ, գյուղի բյուջեն կազմում
է ընդամենը 14 մլն դրամ, որից 4 միլիոնը դոտացիաներն են. «Այդքան չնչին գումարով
համայնքի խնդիրները չենք կարող լուծել»: Ասորիներն իրենց ազգային ավանդույթներն ու
մշակույթը չմոռանելու համար ծրագրել են ազգային պարի խումբ ստեղծել, սակայն գյուղում
մշակույթի տուն չկա: Բնակիչների խոսքերով, «մի փոքրիկ կլուբ է, որտեղ էլ երեխաները
հավաքվում են՝ մշակույթ-մշակույթ են խաղում»: Գյուղի մանկապարտեզի շենքը վերանորոգման
կարիք ունի, երեխաների ժամանցը կազմակերպվում է անտանելի պայմաններում, փոքրիկների
համար չկան հարմարություններ: Դիմիտրովցիները նաեւ դժգոհեցին, որ գյուղնշանակության
տեխնիկան իրենց չի բավականացնում: Գյուղում աշխատում է ընդամենը չորս տրակտոր. «Օրերով
ընկնում ենք տրակտորիստի հետեւից, որ գա հողը վարի, մեկ էլ իմանում ենք՝ արդեն խարաբա
ա եղել, մինչեւ կողքի գյուղերից ճարում-բերում ենք՝ արդեն ուշ է լինում: Ստիպված
հինը սարքում՝ յոլա ենք գնում, ռիսկ էլ չենք անում վարկով նոր տեխնիկա առնենք. բա
որ չկարողանանք տակից դուրս գանք»: Դիմիտրովի դպրոցում ասորերենը դասավանդվում
է որպես օտար լեզու: Ասորերենի դասերին ըստ ցանկության կարող են մասնակցել նաեւ հայերն
ու գյուղում բնակվող եզդիները: Բնակիչների խոսքերով, այս գյուղը հարեւան գյուղերի
հետ համեմատած՝ «շատ ավելի վատ վիճակում է, քանի որ հարեւան գյուղապետերն ամեն ծակուծուկում
բարեկամ ու ծանոթ ունեն եւ կարողանում են իրենց գործերն առաջ տանել»: ԳՐԻՇԱ
ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31