Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՂԱՎՈՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

Հուլիս 25,2006 00:00

«Հաշվիչ-դրամարկղային մեքենաների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով թանգարաններում, թատրոններում ՀԴՄ-ների տեղադրումը խուճապ է առաջացրել մշակութային օջախների ղեկավարների շրջանում:

Տեղեկացնենք, որ ՀԴՄ-ների գները սկսում են 75.000 դրամից: Գաղտնիք չէ, որ թանգարանները հաստատ օգուտով աշխատող հիմնարկներ չեն, իսկ հայաստանյան թատրոններում էլ եզակի է անշլագ լինում: Հիշեցնենք նաեւ, որ մշակութային նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Դուրգարյանը ժամանակին մեզ հայտնել էր, որ ՀԴՄ-ներ մշակութային օջախները պետք է տեղադրեն իրենց արտաբյուջետային եկամուտների հաշվին: Այս թեմայով մեր հարցումները՝ մշակութային օջախների տնօրեններին ու գեղարվեստական ղեկավարներին, ավարտվում էին հետեւյալ արտահայտությամբ. «Կարծում ենք, սխալ է մեզ ՀԴՄ-ներ պարտադրելը: Ստեղծվել է մի աբսուրդ վիճակ: Մեղավորը, միանշանակ, մշակույթի նախարարությունն է: Երեք տարի է, ինչ օրենքն ընդունվել է, իսկ վերջինիս կիրառումը հաստատված էր 2006թ. հուլիսի 1-ից: Անշուշտ, ժամանակ կար վերանայելու օրենքը կամ առանձին կետեր, բայց նախարարությունը, ինչպես պարզվեց, ոչինչ չէր արել: Եթե նախարարությունը ցույց տա մի քաղաքակիրթ երկիր, որտեղ տոմսի հետ տրվում է ՀԴՄ-ի կտրոն, մենք մեր «զենքերը» վայր կդնենք»:

Ըստ մեզ հասած հավաստի տեղեկության, վերջերս նախարարությունում կայացել է հանդիպում, որին ներկա են եղել մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Մանասյանը, այլ պաշտոնական անձինք, մշակութային օջախների տնօրեններն ու հարկային տեսչության ներկայացուցիչը: Տնօրենների մեզ հաղորդած լուրերի համաձայն, հարկայինի ներկայացուցիչն էլ է եկել եզրահանգման, որ օրենքում կան ակնհայտ թերություններ: Հանդիպման ավարտին որոշվել է օրենքի նախագիծն իր փոփոխություններով ներկայացնել Ազգային ժողով սեպտեմբերին, մինչ այդ մշակելով այն:

Մշակութային օջախների ղեկավարները խնդրեցին շեշտել, որ իրենք ցանկություն չունեն խուսափել օրենքից. «Մենք էլ ենք ուզում ամեն ինչ ցիվիլ լինի, օրինակ, այնպես, ինչպես «Մոսկվա» կինոթատրոնում է: Տեղեկացնենք, որ հիշյալ կինոթատրոնում տեղադրված է մի քանի հազար դոլար արժողությամբ համակարգիչ, որն ընդամենը օպերատորի միջամտությամբ կատարում է հազար ու մի գործ: Օրինակ, մոնիտորի վրա պատկերված է կինոդահլիճը, թե ինչ գնով տոմս է գնվում, միանգամից մուտքագրվում է համակարգիչ, եւ այլն: Մյուս կողմից էլ մեզ ամեն րոպե կարող է իրավացիորեն անհանգստացնել հարկային տեսուչը, արձանագրել, որ կատարվել է օրենքի խախտում ու տուգանել»: Վերջինից պարզ է դառնում, որ օջախների ղեկավարները վստահ չեն, թե իրենց այս խնդրով չի անհանգստացնի հարկայինը: Դեռ կեսկատակ-կեսլուրջ էլ ասացին. «Փաստորեն, բոլոր դեպքերում օրենքը ընդունված է, մենք էլ՝ հանցագործ»: Նախարարությունը քաջատեղյակ է, որ, օրինակ, թատրոններում գործում է աբոնեմենտային համակարգը, այսինքն՝ այդ օջախներն աշխատում են լիազոր ներկայացուցիչների օգնությամբ, դպրոցներին հանձնում են աբոնեմենտները կամ տոմսերը եւ որոշակի ժամանակահատվածից հետո ստանում ֆինանսը: Իսկ սա տեւում է ոչ թե օրեր, այլ մի քանի ամիս: Այս առիթով տնօրենները փաստեցին, որ լիազորը միանգամից «չեկը չի կարող տալ»:

Կատակեցին նաեւ, որ լիազորները որոշել են տոմսեր առաքել՝ ՀԴՄ-ներ ունենալով իրենց ձեռքում: Էլ չխոսենք այն դեպքերի մասին, երբ դերասանի կամ երգչի հիվանդության պատճառով հետաձգվում է ներկայացումը ու նման շատ դեպքեր: Այդուհանդերձ, մշակութային օջախների տնօրենները լավատեսորեն են տրամադրված ու հուսով են, որ հարցը կլուծվի հօգուտ իրենց կամ. «օրենքում ուղղումները կկատարվեն բանականությանը մոտ, թե չէ ստացվում է՝ թերթ վաճառողը, վարորդը, որոնց աշխատանքը կապված է տոմսերի վաճառքի հետ, պետք է մի ձեռքում էլ պահեն ՀԴՄ-ներ»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել