Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է

Հոկտեմբեր 06,2006 00:00

\"\"Ասում է Աջափնյակի համայնքապետ առաջադրված Ռուբեն Հովսեփյանը

– Կարելի՞ է գնահատել, որ Ձեր առաջադրումը զուտ քաղաքական պայմանավորվածությունների հետեւանք էր: Այսինքն, եթե չլիներ Արման Սահակյան-Արծրուն Խաչատրյան հակամարտությունը որեւէ կերպ հարթելու խնդիրը՝ չէի՞ք ունենա Աջափնյակին առնչվող ծրագրեր:

– Այս համայնքը միշտ հարազատ է եղել ինձ: Բայց ինձ չեմ տեսել իբրեւ համայնքապետի թեկնածու: Արծրուն Խաչատրյանի եւ Արման Սահակյանի չառաջադրվելու որոշումը հայտնի դառնալուց հետո՝ համայնքի բնակիչ իմ ընկերներն ու հարազատներն են համոզել, որ առաջադրեմ թեկնածությունս:

– Մտադիր եք ընտրվելու դեպքում շարունակե՞լ այն գործունեությունը, որը վարում էր Արծրուն Խաչատրյանը, թե՞ որդեգրվելու են սկզբունքորեն այլ մոտեցումներ:

– Որտեղ էլ որ աշխատել եմ՝ չեմ շարունակել նախորդի գործունեությունը, եւ եթե համընկել էլ է կատարված աշխատանքն ու իմը՝ զուտ համընկնում է եղել: Ամեն մեկն ունի իր ծրագրերը եւ պատասխանատվության սեփական աստիճանը: Ընտրարշավի ընթացքում ավելի հանգամանալից կներկայացնեմ ծրագրերս: Իսկ եթե ընտրվեմ՝ մեկ տարվա աշխատանքից հետո պարզ կդառնա ձեր հարցի պատասխանը:

– Ձեր քարոզարշավն ընթանալու է դասական կանոններո՞վ, թե՞ այն անիմաստ եք համարում: Քանի որ արդեն կասկածներ կան, թե փորձելու եք ազդեցության այլ լծակներ գործածել՝ ահաբեկելու եք ու ընտրակաշառք բաժանելու:

– Սովորական քարոզարշավ է լինելու՝ հանդիպելու եմ բոլոր տեղամասերի բնակիչների հետ, ծրագրերս ներկայացնելու եւ այլն:

Ինձ մոտիկից ճանաչողները գիտեն, որ նման կասկածներն ուղղակի անհիմն են: Էությամբ այդպիսին չեմ: Բացի այդ՝ վստահ եմ, որ խախտումներով ընտրված թաղապետը չի էլ կարողանա լիարժեք աշխատել:

– Ինչքա՞ն է Ձեր ընտրվելու հավանականությունը, երբ Աջափնյակի բնակիչ չեք եւ համայնքում գրեթե ճանաչված չեք: Թե՞ հույսը դրել եք Աջափնյակում զգալի տոկոս կազմող ապարանցիների աջակցության վրա:

– Այո, ես բնակվում եմ Մալաթիայում՝ հայրական տանս: Սակայն հիշեցնեմ, որ Աջափնյակն ու Շահումյանը նախկինում նույն համայնքն էին: Ես 10 տարի աշխատել եմ այս համայնքում: Բացի այդ՝ շատ կապված եմ Աջափնյակի հետ. այստեղ շատ են իմ ընկերները, բարեկամներն ու հարազատները:

Ընտրությունն էլ մի փորձություն է, որի ընթացքում ամեն մարդ արժանանում է իր ապրելակերպի համաձայն գնահատականի: Ինձ թվում է, այնպիսի կյանքով չեմ ապրել, որ ինձ ճանաչողները չկարողանան ինձ նորմալ ներկայացնել եւ Աջափնյակի բնակիչներն իրենց ձայները չտան ինձ: Ինչ վերաբերում է ապարանցիների աջակցությանը՝ հույս ունեմ, որ նրանք էլ իրենց քվեները կտան ինձ: Առաջադրվելուցս հետո բազմաթիվ զանգեր եմ ստացել անգամ անծանոթ մարդկանցից՝ հորս են ճանաչել, եւ զանգել՝ շնորհավորել են, ինձ հետ հանդիպում կազմակերպելու ցանկություն հայտնել: Այս ամենի արդյունքը կերեւա ընտրությունների ժամանակ:

– Ձեր առաջադրման վերաբերյալ բոլոր լուրերի կողքին անպայման նշվում է, որ գլխավոր դատախազի եղբայրն եք: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ երեւույթին, որ կարծես ժառանգականության սկզբունքն է արմատավորվել մեր իրականության մեջ՝ ընտրատարածքները կամ համայնքները փոխանցվում են եղբորը, հորը եւ որդուն:

– Ժառանգականության թեմաներով խոսելու փոխարեն՝ նշեմ, որ Աղվան Հովսեփյանի՝ գլխավոր դատախազ լինելն ինձ ամբողջ կյանքում առավել պարտավորեցրել է: Սա է վկայում ապրածս կյանքն ու աշխատանքային գործունեությունս: Ես ապրում եմ այնպես, որ ինձ համար չամաչեն ծնողներս, եղբայրներս ու քույրերս:

– Գուցե արդեն բացահայտե՞ք ընտրվելու դեպքում տարվելիք կադրային քաղաքականությունը: Քանի որ շատ սրվեց Արման Սահակյան-Արծրուն Խաչատրյան հակամարտությունը, հնարավո՞ր է, որ փորձեք մեղմել այն՝ համայնքապետարանում օգտագործելով երկուսի հնարավորություններն էլ:

– Համայնքապետի պաշտոնը քաղաքական է համարվում, սակայն իմ կարծիքով, սա առավել աշխատանք է, քան քաղաքականություն: Եվ համայնքապետարանի աշխատակիցներն, անկախ նրանից, թե ում կողմնակիցն են՝ պիտի լինեն համայնքին նվիրված, աշխատող մարդիկ: Սահակյանների ընտանիքին, բոլորին էլ շատ հարգում եմ: Արման Սահակյանի հետ հնարավորինս կհամագործակցեմ՝ շատ ուրախ եմ, որ մարդիկ համայնքին առնչվող ծրագրեր ունեն: Կխորհրդակցեմ նաեւ Արծրուն Խաչատրյանի հետ եւ կշարունակեմ այն լավ գործերը, որոնք արվել են: Մի խոսքով, համագործակցելու եմ բոլոր նրանց հետ, ովքեր Աջափնյակը տեսնում են ավելի լավ ու բարգավաճ:

– Կանխատեսումներ կան, թե քանի որ Աջափնյակում առաջադրված բոլոր թեկնածուներն էլ ապարանցիներ են՝ ի վերջո, դուրս կգան ընտրարշավից: Ցանկանո՞ւմ եք ընտրվել անմրցակից: Եվ ինչպե՞ս եք գնահատում Ձեր մրցակիցների հնարավորությունները:

– Ինձ չի թվում, թե կհանեն իրենց թեկնածությունները. դրանք ընդամենը խոսակցություններ են: Ես նախապատրաստվում եմ ընտրապայքարի:

3 թեկնածուներից 2-ին չեմ ճանաչում: Իսկ Նորիկ Գալստյանի հետ 30 տարվա ընկերներ ենք եւ շատ եմ հարգում նրան: Եթե նա հաղթեց՝ մեծ ուրախությամբ կսեղմեմ նրա ձեռքը: Ինձ թվում է՝ նույն կերպ է մտածում նաեւ նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել