Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ ֆրանսուհու ֆիլմում

Նոյեմբեր 16,2006 00:00

Ֆրանսիացի ռեժիսոր, լրագրող Մայթե Ջարդինը ֆիլմ է նկարել Հայաստանի մասին՝ «Մեր Արմենիա» վերնագրով, որը, սակայն, հայաստանյան ոչ մի հեռուստաալիք չի համաձայնել ցուցադրել:

«Համոզված եմ, որ շատերը ընդամենը ֆիլմի առաջին հատվածն էին նայում, որտեղ Գյումրիի երկրաշարժյան տխուր պատկերներ էին: Ոմանք էլ հավանաբար չեն կարողացել ընկալել ասելիքը՝ ֆրանսերեն: Բոլորը ֆիլմս ցուցադրելու համար զգալի գումար են պահանջել ինձնից, մինչդեռ ֆրանսիական հեռուստաալիքներից ոչ մեկը նման բան չի արել»,- պատմեց ռեժիսորը:

«Մեր Արմենիա» ֆիլմը ներկայացնում է Գյումրին, Աշոցքը եւ հատկապես ՀՀ վայրերը, որոնք զբոսաշրջիկների աչքից գրեթե միշտ վրիպում են: «Սա մի ֆիլմ է, որը Հայաստանը չճանաչող մարդկանց կարող է իրազեկել ձեր գանձերի մասին: Հայաստան եկած թե հայ, թե օտարերկրացի զբոսաշրջիկին ընդամենն առաջարկվում է այցելել Էջմիածին, Գառնի, Գեղարդ եւ իջեւանել երեւանյան հյուրանոցում: Իմ ֆիլմում անդրադառնալով Հայաստանի հայտնի տեսարժան վայրերին, փորձել եմ ցույց տալ հայ մարդու ապրելակերպը, կենցաղը, սովորույթներն ու ազգային ծեսերը: Կարճ ասած՝ այն ամենը, ինչ տեսել ու զգացել եմ հայաստանյան առաջին ուղեւորությանս ժամանակ: Այդ ժամանակ մեկ շաբաթ բնակվել եմ Գյումրիից ոչ հեռու գտնվող Բենիամին գյուղում: Երբ վերադարձա Ֆրանսիա, դեռ ճամպրուկներս չբացած, անմիջապես նստեցի համակարգչի մոտ ու սկսեցի շարադրել հայաստանյան տպավորություններս: Վախենում էի, որ ինչ-որ բան կմոռանամ: Մոտ 5-6 էջից կազմված իմ գրառումները ուղարկեցի ֆրանսիացի բոլոր ծանոթներիս, որոնք միաբերան ասացին, որ դա ֆիլմի սցենար է»,- պատմեց Մայթեն: Նկատենք, որ նրա ֆիլմը տարբերվում է այլ օտարերկրացիների այն աշխատանքներից, որոնցում, որպես կանոն, Հայաստանը ներկայացվում է աղքատ, տխուր, դեռեւս չկայացած պետություն, որի քաղաքացիները սոցիալական ծանր կացության մեջ են: Տպավորություն է ստեղծվում, որ նման ֆիլմերը նկարահանվում են միայն դրսից օգնություն կորզելու նպատակով:

Մայթեի «Մեր Արմենիա» ֆիլմի հերոսները արվեստագետներ են, հնագետներ, հասարակ գյուղացիներ, մարդիկ, որոնք շքեղության մեջ չեն ապրում, բայց կյանքից էլ չեն դժգոհում:

Հարցին, թե ֆրանսուհուն հատկապես ի՞նչն է գրավել Հայաստանում, Մայթեն պատասխանեց. «Մարդկային ջերմ վերաբերմունքը, որի պակասը եվրոպական երկրներում խիստ զգացվում է: Մարդիկ այնտեղ մտածում են միայն փող վաստակելու ու այն մսխելու մասին: Երբ քրոջս հետ կրկին Գյումրի էի այցելել, ջրի հերթ կանգնած մի կին հիշեց ինձ, անմիջապես թեւանցուկ արեց ու հրավիրեց իրենց տուն սուրճ խմելու: Քույրս զարմանքից կորցրել էր իրեն. նման բան Ֆրանսիայում չեք հանդիպի: Ինձ էլ էին սկզբում նման երեւույթները զարմացնում: Այստեղ ապրելը կարծում եմ ավելի հեշտ է, քան Ֆրանսիայում: Իմ երկրում մարդիկ կորցրել են մարդկային կարեւոր որակները»: Հայաստանին սիրահարված Մ. Ջարդինը այժմ հաստատվել է մեր երկրում ու արդեն Ֆրանսիա է մեկնում իբրեւ զբոսաշրջիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել