Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՏԱՐՎԱ ՄԱՐԴ

Դեկտեմբեր 25,2006 00:00

\"\"Երեկ «Հայելի» ակումբի հյուրը ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, որ ակումբի հարցումների արդյունքում ճանաչվել է Տարվա մարդ: Վարչապետին ուղղված հարցերը մի քանի խմբի կարելի է բաժանել:

Հանրապետական-«Բարգավաճ»

Հարցերի հիմնական բլոկը հենց այս ոլորտին էր վերաբերում, եւ լրագրողները փորձում էին պարզել, թե ինչո՞ւ, ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, Անդրանիկ Մարգարյանը իր կուսակցության գործերը չի գովազդում:

«Բարգավաճը» նոր է քաղաքական ասպարեզ մտնում, հետաքրքրությունը նոր կուսակցության նկատմամբ, բնականաբար, շատ ավելի մեծ է լինում, նոր մարդիկ են գալիս քաղաքականության մեջ եւ որոշակի հույսեր են կապում նրա հետ: Բայց ժամանակը ցույց կտա, մինչեւ ընտրությունները կերեւա, թե այդ վարկանիշները որքան մնայուն կլինեն»,- ի պատասխան այս կուսակցության մասին հարցին՝ ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

«Բարգավաճը», որպես նոր կուսակցություն, վարչապետի կարծիքով, բնականաբար պետք է ավելի ակտիվ լիներ իրեն դրսեւորելու հարցում: «Բարգավաճի» բաժանած կարտոֆիլի եւ տուկի թելի մասին հարցին ի պատասխան ասաց. «Ոչ թե կուսակցությունն է բաժանում, այլ բարեգործական հիմնադրամը, կուսակցությունները բաժանելու իրավունք չունեն՝ ըստ օրենքի: Սխալը ուղղվեց, սա ուղղակի կուսակցության գործունեության եւ կառավարության գործունեության ներկայացման մոտեցումների տարբերություն է, դա բացատրվում է նրանով, որ իրենք նոր լինելով՝ որպես քաղաքական ուժ, ցանկացած իրենց գործունեություն, թեկուզ փոքր, ավելի մեծ ներկայացման ցանկություն ունեն: Կարտոֆիլի սերմ կամ ցանկացած բարեգործություն որ անում են, կառավարության արածի երեւի 0,00001 տոկոսի չափով են անում: Կառավարությունը դա պարտավոր է անել, եւ պետք էլ չէ, որ կառավարությունը իր արածը այնպես գովազդի, ինչպես բարեգործական մի հիմնադրամ իր արածը գովազդում է: Մեզ համար անհարմար էլ է մի քանի տոննա կարտոֆիլի սերմ բաժանելու հետ համեմատել այն խնդիրները, որ լուծում է կառավարությունը»:

Վարչապետն ասաց նաեւ, թե բնական է համարում, որ մարդիկ ստացած բարեգործության համար շնորհակալություն են հայտնում, բայց «ուրիշ բան է, որ այդ պահին նկարում են եւ այդ շնորհակալությունը ցույց են տալիս, բարեգործները պետք է աշխատեն այդ շնորհակալությունները իրենց սրտում պահել կամ իրենց ժողովի ժամանակ քննարկեն եւ ոչ թե ամբողջ ժողովրդին ներկայացնեն: Ամեն մեկը իր գործելաոճն ունի, Աստված իրենց հետ»:

Ա. Մարգարյանը խնդրեց, որ իրեն իր կուսակցությանը եւ կառավարությանը վերաբերող հարցեր տան՝ «ոչ թե ուրիշ կուսակցությունների գործունեության վերաբերյալ: Ամեն մեկը իր գործելաձեւն ունի, մեկ այլ կուսակցություն համերգներ է կազմակերպում հեռուստատեսությամբ, մեկը ուխտագնացություններ է կատարում, մոմ են վառում, մյուսը իր ծրագրային-գաղափարական գրքերն է տպում-բաժանում, ես հակված եմ մեր մասին խոսել: Մեր կուսակցությունն այսօր զբաղված է ներքին-կազմակերպչական աշխատանքով»:

Գյուղապետի սպանություն

Վարչապետն ասաց, որ ցավում է սպանության համար, նաեւ նշեց, որ ոմանք այդ սպանությունը փորձում են քաղաքականացնել: Վարչապետի ներկայացմամբ, այսօր 950 համայնքներից 50-55 տոկոսի գյուղապետերը հանրապետականներ են. «Սպանելու արժեքը եւ մի գյուղապետ ունենալու արժեքը իրար հավասար չեն, սարուձորի տարբերություններ կան, եւ Հանրապետականը իր պատմության մեջ այնպիսի հետք չի թողել, որ վրեժխնդրություն ունենար, մեր կուսակցությունը այդպիսի ավանդույթներ չունի, եւ մեր գաղափարախոսությունը ու մեր մարդիկ այդպիսի կերպար չունեն»: Նաեւ տեղեկացրեց, որ ինքը խնդրել է ՀՀ նախագահին, որ նա հանձնարարի ոստիկանությանը շատ արագ բացահայտել սպանությունը: «Բնականաբար, ոստիկանությունն էլ շահագրգռված է որպես հանցագործություն բացահայտելուն, բայց քանի որ որոշ ուժեր ցանկանում են սրան քաղաքական երանգ տալ, կապել Արմավիրի մարզի ՀՀԿ կառույցի հետ, սա ուղղակի համարում եմ մեր կուսակցության դեմ սեւ PR»,- ասաց ՀՀԿ նախագահը:

Սերժ Սարգսյան

Վարչապետն ասաց որ Սերժ Սարգսյանը առաջ էլ էր տարբեր այցեր ունենում, պարզապես հիմա բոլորը սեւեռվել են այդ այցերի վրա. «Բայց դրանք սովորական միջոցառումներ են, որ մինչ այդ էլ էր գնում, ուղղակի այժմ սեւեռվել եք նրա ցանկացած քայլի վրա»: Հարցին՝ հնարավո՞ր է՝ նա այդպիսով պատրաստվում է արտահերթ ընտրությունների, վարչապետն ասաց. «Չէ, չեն լինելու արտահերթ ընտրություններ, մտքներիցդ հանեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել