Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱՅՆ» ՈՒ «LG»-Ն ԿՆՈՐԱՑՆԵՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵՍԱԿԱՆԻՆ

Հունվար 16,2007 00:00

20-ամյա «Արայն» արդեն 10 տարի է՝ համագործակցում է կորեական «LG» ընկերության հետ

Այս տարի «Արայ ընկերությունների խումբը», որը հայտնի է ԱՊՀ Մերձավոր-արեւելյան երկրներում աուդիո-վիդեո եւ կենցաղային տեխնիկայի համաշխարհային արտադրողներին ներկայացնող խոշոր առեւտրային ցանցով կազմակերպություն, կտոնի ծննդյան 20-ամյակը:

Տարեդարձի առիթով «Արային» արդեն շնորհավորել են կորեական «LG» ընկերության ներկայացուցիչները, որոնք օրերս Հայաստան են այցելել «Արայի» հետ համագործակցության ցանցը ընդլայնելու, ինչպես նաեւ հայաստանյան շուկայի պահանջարկին ծանոթանալու նպատակով: «Արայն» Հայաստանում ունի 7 վաճառասրահ, որից մեկը «LG» ապրանքանիշի մասնագիտացված վաճառասրահն է: Օրերս հրավիրված մամուլի ասուլիսում Միջին Արեւելքում եւ Աֆրիկայում «LG» ընկերության նախագահ Կիմ Կի Վանը ասաց, որ առաջիկայում պատրաստվում են էլ ավելի ընդլայնել համագործակցությունը «Արայի» հետ. «Արայ» ընկերությունը մեր լավագույն բարեկամներից է՝ կայուն մարքեթինգ եւ զարգացման լուրջ հիմքեր ունի»:

Ի դեպ, «Արայի» մասնաճյուղերից մեկը գործում է Գյումրիում եւ, ինչպես նշեց ընկերության նախագահ Արմեն Պետրոսյանը, շուտով եւս մեկ սրահ կբացվի Վանաձորում:

Իրական ապրանքանիշերի լավագույն տեսականին ներկայացնող «Արայ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը լրագրողներին հայտնեց, որ արդեն 10 տարի է՝ ինչ ընկերությունը համագործակցում է «LG» -ի հետ, որն առաջնորդվում է «Կյանքը հիասքանչ է» կարգախոսով: Նա ավելացրեց. «Կորեական այս ֆիրմայի նկատմամբ վստահությունն այնքան մեծ է, որ որոշ ապրանքատեսակների հիմնական բաղադրիչների համար արդեն 3-5 տարվա երաշխիք են հատկացնում սպառողին: Հայաստանում այսօր մեծ պահանջարկ ունեն «LG» օդորակիչները, սառնարաններն ու լվացքի մեքենաները»: Կիմ Կի Վանը նշեց, որ մոտ ապագայում Հայաստանում ներկայացվող «LG»-ի տեսականին էլ ավելի կթարմացվի: Շուտով Հայաստան կներմուծվեն նորագույն սերնդի «LG» բջջային հեռախոսներ, ինչպես նաեւ համակարգչային տեխնիկա, որոնք արդեն վաճառվում են այլ երկրներում: Կիմ Կի Վանը, ժամանակ չկորցնելով, փորձեց լրագրողներից պարզել, թե հատկապես ինչ արտադրանմուշների պահանջարկ կա Հայաստանում եւ հայերը որքան են պատրաստ դրանց համար վճարել:

Անդրադառնալով «LG» ընկերության առաջիկա ծրագրերին՝ Կիմ Կի Վանը ասաց. «Մեր նպատակն է շուկայում լինել առաջատարը: Պլանավորել ենք նորամուծություններ կատարել ընկերության թե՛ մարքեթինգի, թե՛ արտադրության ոլորտում: Ցանկանում ենք սպառողին ներկայացնել բարձր տեխնոլոգիաներով օժտված համակարգիչներ, սառնարաններ եւ այլ արտադրատեսակներ: Իսկ այս ամենը հնարավորինս ամբողջական ներկայացնելու համար պատրաստվում ենք ստեղծել ավելի հարմարավետ վաճառասրահներ: Հավանական է, որ մոտ ապագայում եւս մեկ մասնագիտացված վաճառասրահ էլ բացենք Երեւանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել