Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի արկղերը դատարկ են մնացել

Հունվար 18,2007 00:00

«Շեֆից բողոքելու կուլտուրա» Հայաստանում դեռ չկա

Մեկ տարի առողջապահության, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններում գործեցին էթիկայի հանձնաժողովներ, որոնց գոյության մասին շատերն այդպես էլ չիմացան: Դրանք ստեղծվել էին Քաղաքացիական ծառայության խորհրդի նախաձեռնությամբ՝ աշխատանքային հարաբերություններում էթիկայի նորմերի վերաբերյալ նախարարության աշխատակիցների եւ հասարակ քաղաքացիների բողոքները լսելու համար: Եթե նախարարության որեւէ պաշտոնյա կամ հենց նախարարն իր ստորադաս աշխատակցի հետ «մուննաթով» էր խոսում, աշխատավայրում նրան շահագործում էր կամ պարզապես «շեֆություն» էր անում, տվյալ աշխատակիցը կարող էր այդ ամենի մասին անանուն բողոք գրել ու գցել նախարարության միջանցքում տեղադրված բողոքի արկղի մեջ: Արդյունքում՝ իր պաշտոնեական դիրքը չարաշահող պաշտոնյայի հարցը պետք է քննվեր հանձնաժողովում: Սակայն մեկ տարվա ընթացքում 3 նախարարությունում էլ բողոքի արկղի մեջ որեւէ նամակ չի գցվել: Ինչն էլ հիմք է տվել Քաղծառայության խորհրդին Էթիկայի հանձնաժողովների գործունեությունը դադարեցնել:

Մեր գերատեսչություններում այնքան լավ են աշխատել, որ ոչ քաղաքացիները, ոչ էլ նախարարությունների աշխատակիցներն իրենց վերադասից չե՞ն բողոքել՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան, Քաղծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասաց. «Հանձնաժողովների լուծարման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ քաղծառայողներն ու քաղաքացիները չցանկացան համագործակցել մեզ հետ, եթե ասենք, որ աշխատանքային հարաբերություններում էթիկայի նորմերի խախտման դեպքեր չեն լինում, ապա դա այդպես չէ, պարզապես քաղաքացիներն ու քաղծառայողները անտարբերություն ցուցաբերեցին»:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Բորիս Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք քաղաքացիներից նամակ-բողոքներ ստանում են, դժգոհություններ լինում են նաեւ «թեժ գծի» միջոցով. «Մեր մոտից քաղաքացիները հիմնականում բավարարված են գնում, չի եղել մի դեպք, որ պաշտոնյան քաղաքացու հետ կոպիտ վարվի, գուցե աշխատակցի կողմից ժպիտ չի եղել, բայց քաղաքացիները դրանից չեն դժգոհել: Չեմ բացառում նաեւ այն փաստը, որ իրազեկման ձեւն այնպես չի եղել, որ քաղաքացիները հստակ իմանային, թե որն է էթիկայի կանոնների խախտում եւ բողոքեին, բայց միանշանակ կարող եմ ասել, որ մեզ մոտ մթնոլորտն առողջ է»: Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանն էլ նման հանձնաժողովների իմաստը չի տեսնում. «Հանձնաժողովի գոյությունն ինձ հիշեցնում էր Խորհրդային միության պրոֆկոմները, դրա կարիքը չկա, եթե նախարարությունում ինչ-որ տարաձայնություն է լինում՝ շատ հանգիստ հարցը լուծում ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել