Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 02,2007 00:00

Չնայած դեռ բավականին ժամանակ կա խորհրդարանական ընտրություններին, Նոյեմբերյան քաղաքում նախընտրական կրքերն արդեն բորբոքվում են:

Հետաքրքիրն այն է, որ դեռեւս հայտնի չեն տարածաշրջանն ընդգրկող թիվ 40 ընտրատարածքում առաջադրվող անձանց անունները, բայց նոյեմբերյանցիներն իրենց համար արդեն ընտրություն կատարել են:

Մեր այցելության եւ զրույցների ընթացքում արդեն իսկ ակնհայտ էր նոյեմբերյանցիների սերն ու համակրանքը արմատներով իրենց համերկրացի Արման Ամիրաղյանի նկատմամբ: Ինչպես ժողովուրդն է ասում՝ այս երիտասարդ գործարարին նոյեմբերյանցիները սիրուն աչքերի համար չէ, որ սիրում ու հարգում են: Մեծ է նրա ներդրումը քաղաքի, որոշ գյուղական համայնքների եւ ընդհանրապես տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը աջակցելու գործում: Եթե փորձենք ընդհանրացնել, ապա միայն 2006 թվականին ավելի քան 100 հազար դոլար է կազմում նրա ֆինանսական ներդրումը Նոյեմբերյան քաղաքի եւ տարածաշրջանի գյուղերի խնդիրների լուծման հարցում, ինչի շնորհիվ ինչ-որ չափով բարելավվել է բնակչության կենցաղը: Մասնավորաբար, հիմնովին վերանորոգվել է Նոյեմբերյան քաղաքի ջրամատակարարման պոմպակայանը՝ 4000-4500 դոլար արժողությամբ նոր պոմպ է տեղադրվել եւ առաջիկա տասնամյակների կտրվածքով կարգավորվել է քաղաքի ջրամատակարարումը: Նաեւ 500 մետր խողովակ է հատկացրել գերեզմանատուն տանող ջրատարը վերանորոգելու համար: Նոյեմբերյանի ենթաշրջանի Ոսկեպար, Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան եւ Դովեղ համայնքների դպրոցականներին հաճելի անակնկալ է մատուցվել. սեպտեմբերի 1-ի առթիվ Արման Ամիրաղյանը վճարել է 1-10-րդ դասարանցիների դասագրքերի ողջ գումարը, ինչպես նաեւ դպրոցականները գրենական պիտույքներ եւ մարզահագուստ են ստացել: Սրանից զատ, 37-ամյա գործարարը համայնքների առաջնային հոգսերը հոգալու համար խոշոր ֆինանսական նվիրատվություններ է կատարել: Օրինակ, Ոսկեպար գյուղում 350 հազար դրամ նվիրատվությամբ հիմնովին վերանորոգվել է համայնքի բուժկետը, Կոթիի համայնքին Ամիրաղյանը նվիրել է 2 հատ «Pentium 4» համակարգիչ, 250 հազար դրամով վերանորոգել է Բարեկամավանի դպրոցը եւ այլն:

Պարոն Ամիրաղյանը գտնում է, որ մարդուն անհրաժեշտ է ապրել ոչ միայն հացիվ: Թերեւս դա է պատճառը, որ նրա հովանավորությունից զուրկ չէ նաեւ մշակութային ոլորտը: Սեպտեմբերի 21-ին նա տոն պարգեւեց նոյեմբերյանցիներին, կազմակերպելով մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 15-ամյակին: Տոնակատարությանը մասնակցել է 10-15 հազար մարդ, այդ թվում նաեւ մայրաքաղաքում ուսանող նոյեմբերյանցիները, որոնց համար ապահովել է տրանսպորտային միջոցներ: Անկախության տոնակատարությանը հետեւել է Նոյեմբերյանին քաղաքի կարգավիճակ շնորհելու տասնամյա հոբելյանին նվիրված միջոցառումը, որին, պարոն Ամիրաղյանի շնորհիվ, կարողացել են մասնակցել երեւանաբնակ նոյեմբերյանցի ուսանողները: Հենց այդ միջոցառման ժամանակ էլ Արման Ամիրաղյանին՝ 9 այլ անձանց հետ, քաղաքապետի եւ ավագանու որոշմամբ շնորհվել է Նոյեմբերյանի պատվավոր քաղաքացու կոչում՝ համայնքում մեծ ներդրումներ կատարելու համար:

Մեզ հետ զրույցում պարոն Ամիրաղյանը նկատեց, որ պատվավոր քաղաքացու կոչումն իրեն էլ ավելի է պարտավորեցնում՝ ժողովրդին հուզող հարցերը լուծելու եւ տարածաշրջանի կայուն զարգացմանը նպաստելու համար:

Պարոն Ամիրաղյանը մեր երկրի ապագան տեսնում է երիտասարդության մեջ եւ դրանով է բացատրում իր հատուկ, ընդգծված վերաբերմունքը երիտասարդության նկատմամբ: Պատմում են, որ Ուսանողի օրվա առիթով պարոն Ամիրաղյանը «Մայամի» ռեստորանային համալիրում խնջույքի է հրավիրել բոլոր նոյեմբերյանցի ուսանողներին եւ հավաստիացրել, որ իր ուժերի ներածին չափով ընդառաջելու է երիտասարդ սերնդին: Նա մեծ ծրագրեր ունի նաեւ տարածաշրջանում գյուղատնտեսության եւ անասնապահության զարգացման հետ կապված: Գտնում է, որ կան համապատասխան նախադրյալներ, եւ լուրջ մոտեցում ցուցաբերելու դեպքում հնարավոր է հասնել առավելագույն արդյունքների: Դրա համար պետք են մասնագետներ, իսկ Նոյեմբերյանը նրանց պակասը չի զգում, եւ ներդրումներ, որ պատրաստ է անել Արման Ամիրաղյանը:

Մեր զրուցակիցը հատկապես է կարեւորում Նոյեմբերյանի տարածաշրջանը որպես սահմանամերձ եւ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող, գտնում է, որ այն պետք է լինի առավել զարգացած եւ ուժեղ, դրա համար պատրաստ է իր համերկրացիների կողքին լինելով նաեւ աջակցել՝ նպատակներին հասնելու համար:

Այսքանից հետո զարմանալի չէ, որ նոյեմբերյանցիները վստահ են, որ իրենց տարածաշրջանի ապագան կախված է հենց այսպիսի սրտացավ ու գործունյա մարդկանցից, եւ լիովին վստահելով Արման Ամիրաղյանին, ցանկանում են նրան տեսնել խորհրդարանում՝ իրենց շահը ներկայացնողի եւ պաշտպանողի դերում: Տարիներ շարունակ գործարարությամբ զբաղվելով, Արման Ամիրաղյանը գտնում է, որ կան բազում կուտակված հարցեր, որոնց ճիշտ օրենսդրական լուծումը կխթանի միջին եւ մանր բիզնեսի զարգացմանը, բնականաբար՝ նպաստելով ազգաբնակչության կենսամակարդակի աճին: Ուստի՝ պատրաստ է այստեղ եւս իր «ներդրումն» ունենալ:

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728