Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԺՔՐՈՋ «ՏԱԿԸ ՓՈՐԵԼ ԵՆ»

Փետրվար 13,2007 00:00

\"\"Խոհարարը, թիկունքին ունենալով հրամանատարի աջակցությունը, զորամասում «շեֆություն» է անում:

Մինչ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը զբաղված է Հանրապետական կուսակցության գործերով, նախարարության ենթակայությամբ գործող զորամասերում հրամանատարներն ինչ ուզում՝ անում են: Երեւանի սպառազինության զորամասի հրամանատար Գարուն Աբգարյանի հրամանով՝ վերջերս աշխատանքից ազատվել է զորամասի բուժկետի պետ, ենթասպա Գայանե Օհանյանը:

43-ամյա Գայանեն երկար տարիներ աշխատել է ՀՀ զինված ուժերում՝ որպես բուժաշխատող, բարձրորակ մասնագետ: Նա միշտ պաշտոնի բարձրացում է ստացել: Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները միշտ հիացել են նրա աշխատանքով եւ նույնիսկ ամեն առիթի վստահեցրել են, որ սահմանամերձ գոտում իր հայրենանվեր աշխատանքից այնքան գոհ են, որ իրեն կարելի է հերոսի կոչում տալ: «Հերոսի կոչումն այն էր, որ ինձ մի շաբաթում վարկաբեկեցին, այնպես արեցին, որ ես այլեւս ոչ մի տեղ չեմ կարող աշխատանք գտնել»,- բողոքեց «Առավոտի» խմբագրություն եկած Գայանե Օհանյանը:

Բանն այն է, որ Գայանեն պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հրամանով 2006-ի օգոստոսին նոր աշխատանքի է անցել՝ Պռոշյան-սովխոզի մերձակայքում գտնվող Երեւանի սպառազինության զորամասում՝ որպես բուժկետի պետ: Սակայն այդ պաշտոնում աշխատել է ընդամենը 1 շաբաթ. զորամասում, Գայանեի խոսքերով՝ այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ նրան պարզապես այնտեղից վռնդել են՝ խիստ բացասական բնութագրով: «Զորամասի ողջ «դվիժենին» այնտեղի ավագ խոհարար, մայոր Աիդա Սերոբյանի ձեռքում էր, ինքն էր՝ բոլորի շեֆը: Նա ժամանակին կռվել է ու լիքը թափով ծանոթներ ունի, զորամասի հրամանատար Գարուն Աբգարյանի հետ քավոր-սանիկ են, դրա համար էլ խառնվում էր բոլորի գործերի մեջ, նա էր բոլոր հիվանդներին պառկեցնում, դուրս գրում, ախտորոշում ու դեղորայք նշանակում, թեեւ ընդամենը խոհարար էր: Ես միայն ստորագրողի դերում էի, ինքը հիվանդներին ընդունում-ճանապարհում էր, բայց ինչ պատասխանատվություն լիներ՝ ինձ վրա էր մնալու: Տարրական բաներ չգիտեին. օրինակ՝ միրֆուլանի քսուքը սնկի դեմ պայքարելու շատ լավ միջոց է, իսկ զորամասում այդ մասին տեղյակ չէին, ժամկետանց դեղերի մեջ էին գցել, զորամասերում սունկը շատ տարածված է, երբ խորհուրդ տվեցի, որ կարող են այն օգտագործել՝ երեւի խանդեց՝ տակս փորեց»: 1 շաբաթ Երեւանի զորամասում աշխատելուց հետո հանկարծ զորամասի հրամանատար Գարուն Աբգարյանի հրամանով Գայանե Օհանյանին զորացրում են ու ազատում աշխատանքից, որպես ենթասպա՝ հրամանատարի հրամանները չկատարելու համար: Գայանեի ներկայացմամբ՝ «Ես անգամ չգիտեմ, թե ինչ հրամանի մասին է խոսքը, որ չեմ կատարել: Այդ օրերին, երբ ինձ ազատեցին, շատ խառն էի, մայրաքաղաքում վարձով տուն էի փնտրում, մի կողմից՝ 11-ամյա երեխայիս էի փորձում դպրոցում տեղավորել, մյուս կողմից էլ մայրս ինֆարկտ ստացավ: Նախօրոք Աիդայի հետ պայմանավորվել էինք, որ երկու-երեք օր իմ փոխարեն առավոտյան շուտ կգա եւ հիվանդներին տիրություն կանի: Սակայն ամեն ինչ իմ դեմ շուռ տվեցին ու աշխատանքից ազատեցին: Մինչդեռ իրավունք չունեին միանգամից հենց այդպես զորացրել, նախ պետք է նկատողություն տային՝ առաջին, երկրորդ, երրորդ անգամ, որից հետո նոր կարող էին զորացրել»:

Գ. Օհանյանը պատմում է, որ մինչ մայրաքաղաքի զորամաս տեղափոխվելը, երկար տարիներ աշխատել է Քելբաջարի զինվորական հոսպիտալում՝ որպես վիրահատարանի ավագ բուժքույր, այնուհետեւ՝ Վարդենիսի կայազորային հոսպիտալում, աշխատել է նաեւ դեղատան պետ ու երբեւէ, իր խոսքերով՝ որեւէ նկատողություն չի ստացել, վերադասները իրենից միշտ գոհ են մնացել:

Գայանեի խոսքերով՝ «այժմ սպառազինության զորամասի հրամանատարի տված բացասական բնութագրով ես չեմ կարող ոչ մի այլ աշխատանք գտնել, ինձ ոչ ոք գործ չի տա, բացի այդ, եթե որպես զինծառայող բարձր թոշակ պետք է ստանայի, հիմա դրանից էլ եմ զրկվելու եւ այդ ամենը՝ մեկ-երկուսի քմահաճույքի պատճառով»:

Գայանեն 5 ամիս է՝ տան վարձը չի տվել: Նա փողոցում հայտնվելու վտանգի առջեւ է կանգնած. տղան ծառայում է բանակում, իսկ 11-ամյա աղջիկը՝ Լուսինեն, շուտով պետք է վիրահատվի: Գ. Օհանյանը վստահ է, որ պաշտպանության նախարարը զորամասում կատարվող անօրինականությունների մասին տեղյակ չէ, ուստի հույս ունի, որ նախարարը կլսի իրեն ու կվերականգնի իրեն աշխատանքում:

Երեկ բողոքի առնչությամբ նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ խնդրով կզբաղվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել