Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄՊՅՈՒՏԵՐՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՇԱՌՎԻ

Փետրվար 13,2007 00:00

\"\"Ըստ ԳԹԿ տնօրեն Վանյա Բարսեղյանի, այս տարի շրջանավարտների քննությունների արդյունքները «չեն կեղծվի»՝ ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառման շնորհիվ:

Այս տարի միջնակարգ դպրոցի շրջանավարտները պետական ավարտական եւ բուհերի ընդունելության քննությունները կհանձնեն նոր՝ միասնական համակարգով: Յուրաքանչյուր շրջանավարտ ինքը կորոշի՝ ընտրել ավարտական կամ միասնական քննություն: Դրանք տարբերվելու են առաջադրանքների բարդությամբ: ՀՀ ԿԳ նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Վանյա Բարսեղյանը «Առավոտին» հավաստիացրեց, որ հանրապետության ողջ տարածքում միասնական չափանիշներով միատեսակ քննությունների կազմակերպումն ու անցկացումը ժամանակակից տեխնոլոգիաների եւ համակարգչային ծրագրերի կիրառմամբ նվազագույնի կհասցնի սուբյեկտիվ գործոնի դերը: Այսինքն, այդ կերպ կփորձեն «կոռումպաթափ» անել համակարգը: Այս տարի շրջանավարտին քննության վայր թույլատրելու են ոչ թե անձը հաստատող փաստաթղթով եւ կանչելու են ըստ ցուցակի, այլ երեխան ընդամենը ներկայացնելու է գծիկավոր կոդով պլաստիկ քարտ, որի վրա գրված է լինելու անուն-ազգանուն, քննության վայրի հասցեն: «Պլաստիկ քարտը հնարավորություն է տալու, որպեսզի լազերային սկաները ընթերցի-ճանաչի այն, որից հետո համակարգչի էկրանին հայտնվելու են քննություն հանձնողի լուսանկարն ու տվյալները: Այնուհետեւ նրան թույլատրելու են քննական շենք: Այս գործընթացը թղթային տարբերակով իրականացնելը ժամանակատար եւ երկարատեւ ու ավելորդ լարվածություն առաջացնող պրոցես էր: Քարտային տարբերակը այդ ամենը բացառում է»,- ասում է ԳԹԿ տնօրենը: Մինչ քննություն հանձնելը, շրջանավարտները պետք է հայտագրվեն՝ իրենց ձեռքով լրացնելով դիմումի ձեւը, որը վերածվելու է համապատասխան ֆայլի՝ էլեկտրոնային տարբերակի: Այս ամենը կատարվելու է ինֆորմատիկայի ուսուցչի մասնակցությամբ եւ տնօրենի ղեկավարությամբ: Եթե դպրոցի կոմպյուտերը միացված է ինտերնետին, աշակերտների տվյալները միանգամից կարող են ուղարկվել ԳԹԿ, եթե ոչ՝ համապատասխան կրիչով տեղափոխվել: Ընդ որում, եթե երեխան սկզբում դիմումում նշել էր, թե ուզում է ավարտական քննություն հանձնել, հետո միտքը փոխել, նրան հնարավորություն է տրվում նոր դիմում-հայտ ներկայացնել՝ միասնականի համար:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են վարվելու նախորդ տարիների շրջանավարտները: Պրն Բարսեղյանը տեղեկացրեց, որ նրանք իրենց բնակության վայրին մոտ գտնվող ցանկացած դպրոցում կարող են ստանալ դիմումի ձեւը եւ միասնական քննություն հանձնել: ԳԹԿ տնօրենը հայտնեց, որ հատուկ ներդրված համակարգչային ծրագիրը հնարավորություն է տալիս ճշտելու՝ նույն երեխան մեկ այլ դպրոցում էլ հայտ լրացրե՞լ է, թե՞ ոչ: Մյուս կողմից՝ դա անիմաստ է, որովհետեւ ողջ հանրապետության շրջանավարտները նույն օրը, նույն ժամին են քննություն հանձնելու: Նրանք, ովքեր այդ օրը ֆիզիկապես ի վիճակի չեն լինի քննության ներկայանալ, բանակից զորացրվածների հետ միասին խիստ կենտրոնացված քննության կմասնակցեն ուրիշ օր:

Կոդավորվելու են ոչ միայն դիմում-հայտերը, այլեւ շրջանավարտների աշխատանքները, ե՛ւ քննությունների ընթացքին հետեւողները, ե՛ւ դրանք ԳԹԿ համակարգիչներ մուտք անող օպերատորները, ըստ Վ. Բարսեղյանի տեղյակ չեն լինելու, թե ում աշխատանքի հետ գործ ունեն. «Քննությունից հետո բոլոր աշխատանքները, ձեւաթղթերը կտեղափոխվեն գնահատման եւ թեստավորման կենտրոն, սկաներային տարբերակով մուտք կարվեն համակարգիչ, ուր կաշխատեցվի գնահատման ծրագիրը: Ծածկագրված վիճակում ստուգվելուց հետո միայն կաշխատեցվի կոդերի վերծանման ծրագիրը եւ դրանք կվերածվեն անուն-ազգանուններով ցուցակների ու կառաքվեն դպրոցներ»:

Թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը անդրադառնալով միասնական քննությունների նոր կարգին, գոհունակություն հայտնեց այդ առիթով: Նա նաեւ նշեց. «ՀՅԴ-ն, որ այսօր կրթության քաղաքականության պատասխանատուն է, եթե նախորդ տարիների նման աչքակապությամբ զբաղվի եւ չհետեւի աշխատակարգի իրականացմանը, ապա կփչանա այս հրաշալի գաղափարը: Ինչքա՜ն լավ կլիներ, եթե ընտրությունները լինեին քննություններից հետո, եւ մենք տեսնեինք՝ սա դաշնակցության ազնիվ խո՞սքն է, թե՞ հերթական խոսակցությունը ընտրություններում դիվիդենդներ շահելու համար: Թասիբի հարց է, թող գոնե մեկ անգամ, իր հարյուրքանիամյա պատմության մեջ ՀՅԴ-ն ի շահ պետականության կարեւոր գործ անի»: Ա. Բախշյանը նաեւ առաջարկում է, որ քննությունների ժամանակ յուրաքանչյուր 15 աշակերտին հսկող մարդիկ աշխատեն ոչ թե հասարակական, այլ վճարովի հիմունքներով, իսկ խախտումներ թույլ տալու դեպքում՝ նույնիսկ տուգանվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել