Լրահոս
Օրվա լրահոսը

Չարագործը չի զղջում

Փետրվար 13,2007 00:00

Նոտարի սպանության նոր մանրամասներ

Ըստ նախաքննական ցուցմունքների, Վանաձորի նոտարական տարածքի նոտար Սոնյա Վերանյանին սպանած Կամո Պապյանը իր արարքը գնահատել է «որպես պատվեր Աստծո կողմից»: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 24-ի առավոտյան նա մտել էր գրասենյակ եւ որսորդական հրացանով 2 անգամ կրակելով՝ սպանել նոտար Սոնյա Վերանյանին: Իր նախաքննական ցուցմունքներից հետո Կ. Պապյանը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան, որտեղ ենթարկվում է հոգեբանական փորձաքննության:

1962թ. ծնված Կամո Պապյանը 2006թ. ամբուլատոր եւ ստացիոնար բուժման է ենթարկվել Լոռու մարզի հոգեբուժական հիվանդանոցում: Ըստ Լոռու մարզի դատախազության ավագ քննիչ Մովսես Մովսիսյանի, մարդասպանը տառապել է երկրորդ աստիճանի խրոնիկ ալկոհոլով, ինչի սրացման արդյունքում նրա մոտ առաջացել է հոգեկան անհավասարակշիռ վիճակ: Պապյանը երկար տարիներ, 1990-2000թթ. ապրել է Ռուսաստանում, Կրասնոդարի մարզում՝ ստանալով տեղի քաղաքացիություն: Այնտեղ ամուսնացել է, ունեցել երեխաներ: Անհայտ հանգամանքներում կինն անհետացել է, իսկ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործը մնացել է չբացահայտված: Հետագայում Պապյանը երեխաների հետ վերադարձել է Հայաստան, Վանաձորում արհեստանոց բացել եւ զբաղվել դերձակությամբ: Նրան ճանաչում են որպես կաշվե հագուստների վարպետ: Երեխաներին հիմնականում խնամել են Կամոյի մայրն ու քույրը՝ Անաիդա Պապյանը՝ իր հայրական, հետագայում Անաիդայի ժառանգած տանը: Կամոն ապրել է իր արհեստանոցում: Այնուհետեւ երեխաներին տատն ուղարկել է ԼՂՀ՝ քեռու մոտ:

Պապյանի հարաբերությունները իր ընտանիքի հետ՝ հարթ չեն եղել: Վիճաբանությունների շարժառիթը ծնողների տան ժառանգության հարցն էր: Կամոյի հայրը՝ Համլետ Պապյանը 1991թ. իրենց տան մի հատվածը նվիրել է դստերը, գործարքը հաստատել է նախկին նոտար Պավել Անտոնյանը: 1996-ին աղջկան նվիրվել է տան մյուս հատվածը, որը հաստատվել է Սոնյա Վերանյանի կողմից: Կամոյի ընկերներից մի քանիսը, որոնք չցանկացան ներկայանալ, հավաստում են, որ այդ առնչությամբ նրանց ընտանիքում եղել է վիճաբանություն: Եվ որ այդ նոտարական վավերացումները Կամոն համարել է կեղծ:

Ըստ նախաքննությունը վարող քննիչի, հիմնական կոնֆլիկտը, ինչը դարձել է նոտարի սպանության պատճառ, եղել են ավտոմեքենայի շուրջ ծավալված տարաձայնությունները: 1993թ. մարտից Կամոն իր հորը 2 տարվա լիազորագրով տվել էր սեփական մեքենան: 2 տարին չբոլորած՝ հայրը մեքենան վաճառում է դստերը, նույն Անաիդա Պապյանին: Գործարքը կրկին վավերացրել է Սոնյա Վերանյանը: Որդին առքուվաճառքը դարձյալ համարելով ոչ օրինական, իսկ լիազորագիրը՝ ժամկետանց, նոտարից բազմիցս պահանջել է չեղյալ համարել այն: Նոտարը հրաժարվել է կատարել նրա պահանջը:

Ըստ Վանաձորի շրջանառու լուրերի, նոտարական գործարքը վավեր չէր: Նախաքննության մարմինն ուսումնասիրել է նոտարական աշխատամատյանները, ուր որեւէ կեղծիք չի հայտնաբերվել: Քննիչը «Առավոտին» ասաց նաեւ, որ Կ. Պապյանը փորձել է մեկ անգամ ինքնասպան լինել: 2006թ. նա փորձել էր սեփական արհեստանոցում Հիսուսի նման խաչվել, իր ձեռքերով պատրաստված խաչի վրա: Սակայն այն կանխվել է՝ այդ պահին դեպքի վայրում հայտնված մարդկանց կողմից:

Պապյանը չէր զղջացել նոտարին սպանելու համար, գոհ եւ բավարարված էր դրանից: Պապյանը նաեւ ասել էր, որ կարող էր նոտարին սպանել գիշերը, սակայն արել է մարդկանց աչքի առաջ, ցերեկով, «որպեսզի մարդիկ տեսնեն չարիքի վերջը»: Մարտի 2-ին կորոշվի Պապյանի մեղսունակության չափը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել