Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ»

Փետրվար 20,2007 00:00

\"\"Շաբաթ օրը կայացած ՀԺԿ համագումարում այս տրամադրությունն էր տիրում

Կուսակցության 6-րդ համագումարում, ինչպես «Հոկտեմբերի 27-ից» հետո բոլոր նախորդ համագումարների ժամանակ, նախագահության գլխավերեւում տեղադրված էր Կարեն Դեմիրճյանի մեծադիր լուսանկարը: ՀԺԿ-ն իր համագումարին չէր հրավիրել ոչ ընդդիմադիր գործընկերների, ոչ էլ իշխող կուսակցությունների: Միակ «օտարները» Երեւանի կենտրոնի տուժածներն էին, ովքեր եկել էին ողջունելու համագումարը, քանի որ, իրենց ասելով, ՀԺԿ-ն երբեք իրենց չի թողել միայնակ եւ մինչեւ վերջ կանգնած է Բուզանդի տուժածների կողքին:

Իր զեկույցում ՀԺԿ նախագահը կոնկրետ չանդրադարձավ առաջիկա ընտրություններին դաշինքով կամ միայնակ գնալու թեմային, սակայն նրա փոխարեն շարքային ՀԺԿ-ականները հիմնականում պահանջում էին միայնակ գնալ ընտրությունների: Իր մասով ՀԺԿ նախագահը հայտարարեց. «Արդարություն» դաշինքը գործեց ընտրությունից ընտրություն եւ չփլուզվեց՝ ի տարբերություն կոալիցիայի: Մենք պարկեշտ ենք եղել մեր գործընկերների նկատմամբ, ամեն ինչ արել ենք դաշինքի ամրապնդման համար: Եվ եթե ոմանք խախտել են դաշինքի սկզբունքները, ապա դա չի նշանակում, որ համախմբման ճանապարհը ճիշտ չէր: Պարզապես պետք է հետեւություններ, դասեր քաղել անցյալից եւ նայել առաջ: Պատրաստ լինելով առանձին մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին՝ մենք այսօր էլ անհրաժեշտ ենք համարում ծավալել ընդդիմադիր ուժերի լայն համագործակցություն՝ հանուն ժողովրդավարական ընտրությունների: Եվ եթե ընտրությունների արդյունքները նենգափոխվեն, մենք, ինչպես միշտ, կլինենք պայքարի առաջին շարքում»: ՀԺԿ նախագահն անդրադարձավ նաեւ այն հարցին, որ չեն պատժվել նախորդ ընտրությունների կեղծարարները, չի բացվել «Ա1+»-ը: Անդրադարձավ նաեւ իշխանությունների վերարտադրման նպատակին… «Այդ նպատակին հասնելու համար վարչախումբը, հանդես գալով մի քանի դեմքով, առավելագույնս օգտագործում է իշխանական լծակները, ինչպես նաեւ բարեգործության քողի տակ ձեռնամուխ է եղել ընտրակաշառքով ձայներ գնելուն: Իրականացվում է, այսպես կոչված, պարտադիր-կամավոր կուսակցականացում: Ամեն ինչ արվում է քաղաքական պայքարում ոչ քաղաքական մեթոդները վճռորոշ դարձնելու համար: Ստվերային եկամուտների հաշվին վարչախմբի ստեղծած քաղաքական կառույցները ավելի նման են ժամանակավորապես աշխատանքի տեղավորման գրասենյակների կամ օգնություն բաշխող կազմակերպությունների, հեռուստաեթերը դարձել է ընտրակաշառքի քարոզիչ»: Եզրակացությունը սա էր. «Գործող վարչախումբը սպառնալիք է մեր ազգային անվտանգության, պետականության համար»: Ստեփան Դեմիրճյանը նաեւ հայտարարեց, որ «վարչախմբին լիակատար երջանկության համար անհրաժեշտ է քաղաքական դաշտից դուրս մղել իրական ընդդիմությանը՝ այն փոխարինելով իր կողմից վերահսկվող խամաճիկներով. այդ գործին է լծված ամբողջ իշխանական քարոզչական մեքենան»: Հավելեց հետեւյալը. «Ցավալի է, երբ որոշ՝ իրենց ընդդիմադիր համարող գործիչներ, պայքարելու փոխարեն, դատավորի կեցվածք են ընդունում եւ դասեր տալիս ընդդիմությանը: Տեսնում ենք նաեւ բոցաշունչ ելույթներ, որոնց հետեւում են իշխանության հետ գործարքներ: Մենք համոզված ենք, որ ժողովուրդը շատ լավ տեսնում է եւ հասկանում, թե ով է պայքարում եւ ով է անձնական հարցեր լուծում»:

ՀԺԿ Շենգավիթի տարածքային կառույցի ներկայացուցիչ Բաբկեն Ղարդյանի ելույթը բավականին ակտիվ էր, նա միակն էր, որ մի քանի անգամ խոսեց «Հոկտեմբերի 27-ի» մասին. «Բայց այդ դաշինքների անունն անգամ («Միասնություն» եւ «Արդարություն») փշի նման խրվել էին միասնության եւ արդարության թշնամի վարչակազմի կոկորդում, որոնց հանցավոր անգործությամբ էլ իրականացավ «Հոկտեմբերի 27-ը»: Ասաց նաեւ, որ իշխանափոխության հասնելու միակ ճիշտ ճանապարհը սահմանադրականն է. «Եթե մենք իշխանությունը վերցնենք ուժով, ապա ինչո՞վ կտարբերվենք նրանցից, ովքեր նույն իշխանությունը պահում են ուժով: Հասկացեք, սահմանադրական ճանապարհը միակ ճիշտ ճանապարհն է: Ես երախտապարտ եմ ձեզ, պարոն Ստեփան Դեմիրճյան, որ հեռատես եղաք եւ ընտրեցիք այդ դժվարին ճանապարհը»: Այստեղ դահլիճը հերթական անգամ բուռն եւ ոգեւորված ծափահարեց: Բոլոր ելույթ ունեցողները շեշտում էին. «ՀԺԿ-ն ունի բավարար ներուժ՝ ընտրություններին գնալ միայնակ՝ հաղթելու վճռականությամբ»: Դավիթաշենի ՀԺԿ կառույցի ղեկավար Սաթենիկ Խաչատրյանը իր հերթին հայտարարեց. «Ընտրությունների ժամանակ նկարչական արվեստը այնպես է ծաղկում, որ Պիկասոն կնախանձեր»: Ասաց, որ իշխանությունների վերարտադրումը այս անգամ չի ստացվելու. «2007-ի ընտրությունների նախաշեմին սկսվել է սպառազինության մի նոր մրցավազք, տարիներ շարունակ ժողովրդի հաշվին հարստացած իշխանավորներն իրենց ունեցվածքի մի մասը պահեստավորել են, որ հիմա սոված ժողովրդի ձայները խլեն»: Այնքան ոգեւորվեց, որ ասաց. «Իշխանություններից պահանջում եմ վերադարձնել մեր պապենական հողերը՝ Մուշը, Վանը, Կարսն ու Արդահանը»: Վստահ եմ, ցանկացած դաշնակցական կնախանձեր այս ՀԺԿ-ականի հայրենասիրական պաթոսին: Իսկ բոլոր նրանք, ովքեր, ըստ տիկին Սաթենիկի՝ «զբաղված են ՀԺԿ-ին բամբասելով, կասեմ մի բան՝ ամեն մարդ դիմացինին չափում է իր փչացածության աստիճանով»: Դահլիճն այս մտքերից եւս ոգեւորված ծափահարեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728