Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇԸ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԲԱՐՁՐԱՑՎԻ

Փետրվար 21,2007 00:00

\"\"Աշխարհի կատարողական արվեստների հոլիվուդյան ամենամյա առաջնությանը կմեկնեն ոչ միայն հայաստանցի, այլեւ արցախցի արվեստագետներ:«Առավոտը» ժամանակին տեղեկացրել է Աշխարհի կատարողական արվեստների հոլիվուդյան ամենամյա առաջնությունում հայ արվեստագետների հաջողությունների մասին: Առաջնությանը ամեն տարի մասնակցում է շուրջ 50 երկիր:

Հիշեցնենք, որ Հայաստանը առաջին անգամ 2000թ. մասնակցեց 9-րդ առաջնությանը, որտեղ թոփ մոդել Արտակ Բաղդասարյանը շահեց գրան պրի եւ ոսկե մեդալ (նա 2003-ից հանդիսանում է աշխարհի կատարողական արվեստների առաջնության հայկական բաժնի տնօրենը): 2004-ին Անդրեն (փոփ արվեստ) եւ Բակուր Քալանթարյանը (դասական վոկալ) արժանացան բարձր մրցանակների:

2005 եւ 2006թթ. Հայաստանը չմասնակցեց հիշյալ առաջնությանը, բայց մեր սփյուռքահայ հայրենակիցներն այդ տարիներին մրցանակների առատ «հունձք» ունեցան:

Մեր խնդրանքով Աշխարհի կատարողական արվեստների առաջնության հայկական բաժնի տնօրենի հանձնակատար Վազգեն Բաղդասարյանը միջնորդեց հեռախոսազրույց՝ տնօրեն, այժմ ամերիկաբնակ Արտակ Բաղդասարյանի հետ: Վերջինս հայտնեց, որ իր, Վաշինգթոնում Ղարաբաղի ներկայացուցչության եւ այլ ազդեցիկ սփյուռքահայերի շնորհիվ դեռ 2006-ին ԼՂՀ-ն ստացել էր առաջնությանը մասնակցելու իրավունք. «Երբ 2005-ին հրավիրեցինք արցախցի երգիչներ Ռազմիկ Ամյանին եւ Տիգրան Կարապետյանին, ամերիկաբնակ ադրբեջանցիները՝ Աշխարհի կատարողական արվեստների առաջնության ադրբեջանական բաժնի տնօրենի գլխավորությամբ, հասան նրան, որ Արցախը չմասնակցեց առաջնությանը: Այս նպատակով «խառնվեց» նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Մի խոսքով, նրանք կարողացան առաջնության պրեզիդենտ Գրիֆ Օ՚ Նիլը «ապացուցել», որ Ղարաբաղ պետություն գոյություն չունի, այն իբր Ադրբեջանի մի մասն է, հետեւաբար չի կարող առանձին ներկայացուցիչներ ունենալ: Պրն Օ՚ Նիլը այդ հարցն ուսումնասիրելու համար ստեղծեց հանձնաժողով եւ պարզվեց ճշմարտությունը: Ստախոսության համար Ադրբեջանը ոչ միայն զրկվեց առաջնությանը մասնակցելու իրավունքից, այլեւ ադրբեջանցիները հեռացվեցին առաջնության կազմկոմիտեի անդամությունից»:

Մեր հարցին, այդ ինչպե՞ս են 2005-2006թթ. առաջնությունում բարձրացվել Հայաստանի եւ Արցախի պետական դրոշները, երբ ՀՀ-ից ու Արցախից մասնակից չի եղել Հոլիվուդում, Արտակ Բաղդասարյանը պատասխանեց. «Հայաստանը չմասնակցեց, փոխարենը մասնակցեցին արվեստի տարբեր ճյուղերի սփյուռքահայ արվեստագետներ, ովքեր հանդես եկան Հայաստանի եւ Արցախի դրոշների ներքո: Իսկ այս տարի, համոզված եմ՝ Աշխարհի կատարողական արվեստների ամռանը կայանալիք առաջնությանը, շուրջ 50-երկրների կողքին, ոչ միայն կբարձրացվեն Հայաստանի ու Արցախի դրոշները, այլեւ կհնչեն հիմները, որովհետեւ կմասնակցեն հայաստանցի եւ արցախցի արվեստագետներ»: Արտակ Բաղդասարյանը նաեւ տեղեկացրեց, որ մուտքի վիզաներ ստանալիս մասնակիցները խնդիրներ չեն ունենա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, քանի որ դրանք այլեւս լուծված են Աշխարհի կատարողական արվեստների առաջնության պրեզիդենտ Գրիֆ Օ՚ Նիլը մակարդակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728