Լրահոս
Օրվա լրահոսը

Ր. Հովհաննիսյանը համաձայն է «Այլընտրանքի» հետ

Փետրվար 26,2007 00:00

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը պատրաստ է միանալ «իմպիչմենթի» նախաձեռնությանը

Երեկ «Ժառանգություն» կուսակցության փաստացի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ պատրաստ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածությունը, թեեւ առայժմ հայտնի չէ՝ հատկապես ո՞ր ընտրատարածքում: Ր. Հովհաննիսյանի մատուցմամբ, իրեն մեծամասնականով առաջադրվելու առաջարկներ են արվել ե՛ւ Արագածոտնի մարզից, ե՛ւ Երեւանի կենտրոնից: «Հաջորդող օրերին Նալբանդյան փողոցից (ԱԱԾ-ից- խմբ.) Արագածոտն է գործուղվել մի խումբ՝ հասկանալու համար, թե ովքեր են նախաձեռնողները»,- հավելեց «Ժառանգության» առաջնորդը:

Ինչ վերաբերում է մասնավորապես «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության առաջարկին՝ մասնակցել ընտրություններին ընդդիմադիր բոլոր ուժերի կողմից Ռոբերտ Քոչարյանի «իմպիչմենթի» միասնական համամասնական ցուցակով, ապա Ր. Հովհաննիսյանը հայտարարել է, որ թեեւ ինքն այդ առաջարկի մասին իմացել է մամուլից, բայց հարգանք է տածում այդ նախաձեռնության նկատմամբ եւ համամիտ է նրա առաջարկին: Կուսակցության ղեկավարը հայտարարել է, թե ինքը չի հավակնում այդ համամասնական ցուցակում առաջնային տեղեր զբաղեցնել. «Ես կարիերիստ չեմ եւ կարող եմ իմ սկզբունքների համար հրաժարական տալ եւ իմ խղճի ու արժեքների դեմ որեւէ գործարքի չմասնակցել: Ինձ մոտ ցուցակի ու հերթականության խնդիր չկա: Խնդիրը միայն ընդդիմության գործունեության արդյունավետությունն ու իշխանություններին իրական այլընտրանք ներկայացնելն է»:

Ըստ նրա, Հայաստանում իմպիչմենթի պետք է ենթարկել ոչ միայն Քոչարյանին, որի հիմքերը կան, այլեւ «մեր վերջին շրջանի իշխանաձեւը, կենսաձեւը, այդ իշխանակարգը, որ չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիների իրավունքը, մամուլի ազատությունը, սեփականության իրավունքը: Իմպիչմենթի պետք է ենթարկել այն մտայնությունը, ըստ որի՝ գյուղապետարանների, քաղաքապետարանների վրա փակցվում է կուսակցական ցուցանակ եւ ոչ՝ Հայաստանի Հանրապետության զինանշանը: Իմպիչմենթի պետք է ենթարկել այն հոգեբանությունը, ըստ որի՝ երկրի դատախազությունը փոխանակ ինքը ուզենա, ինքը նախաձեռնի, որ իր պետության քաղաքացու իրավունքները պաշտպանի, փակում է Watergate-ի հետ առնչությունները»:

Ր. Հովհաննիսյանը միաժամանակ նկատել է, որ «Այլընտրանքն» արդարացի է, երբ մասնավորապես ընդդիմությանը կոչ է անում սոսկ իշխանափոխության կոչեր անելու փոխարեն ներկայացնել նաեւ բովանդակային ու ծրագրային այլընտրանք:

«Ժառանգության» ներկայացուցիչը միաժամանակ հայտարարել է, թե ինքն ուրախ կլիներ, եթե ընդդիմադիր դաշտը կարողանար միավորվել եւ առաջիկա ընտրություններում հանդես գար միասնական ճակատով: «Ես հարգում եմ իմ գործընկերների որոշումը՝ առանձին-առանձին մասնակցել ընտրությունների, բայց նկատի ունենալով Հայաստանում ստեղծված վիճակը՝ կարծում եմ, որ դա քաղաքական մարտավարական սխալ է»,- հայտարարել է Ր. Հովհաննիսյանը:

Անդրադառնալով անցած օրերին հնչող այն ակնարկներին, թե՝ ովքեր չեն միանում այդ նախաձեռնությանը, ականներ են, «Ժառանգության» նախագահն ասել է, որ եթե ընդդիմությունը միավորվի մեկ նպատակի շուրջ, ապա ականների գոյությունն էլ կբացառվի: «Ականներին մենք ինքներս պետք է դարձնենք գործոններ»,- եզրակացրել է նա:

Իսկ թե ԱԺ ընտրություններին այս կուսակցությունն ինչ ձեւաչափով է մասնակցելու՝ կհայտարարվի միայն մարտի 2-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել