Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԿ-Ի ԵՎ ԱԺԿ-Ի ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ

Փետրվար 27,2007 00:00

\"\"Տիգրան Կարապետյանի ցուցակը դարձավ փրկօղակ այն նախկին ՕԵԿ-ականների համար, որոնք չտեղավորվեցին իշխանական այլ ցուցակներում:

Փետրվարի 25-ին տեղի ունեցան ե՛ւ Ժողովրդական կուսակցության, ե՛ւ Ազգային ժողովրդավարական կուսակցության համագումարները:

Կառավարության նիստերի դահլիճում անցկացված ԺԿ 12-րդ համագումարը, թերեւս, մատուցեց ամենաշատ անակնկալները: Եվ ոչ այն պատճառով, որ Տիգրան Կարապետյանը հայտարարեց, թե խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միայնակ: Եվ անգամ այդքան մեծ անակնկալ չէ այն, որ ԺԿ-ն առայժմ միակ կուսակցությունն է, որն իր համամասնական ցուցակում, ինչպես ավելի վաղ՝ ԱԼՄ-ի եթերում, տեղ է տվել ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին՝ երկու եզդու, մի ասորու: Ամենամեծ անակնկալը ցանկում նախկին ՕԵԿ-ականների ներկայությունն է: Ավելորդ է թերեւս նշել, թե ով է գլխավորում ցուցակը: Իսկ 2-րդ տեղում Կոտայքի հանրապետական մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եղբայրն է՝ Սամվել Շահգալդյանը, 4-րդը՝ ՕԵԿ-ից հեռացված եւ հետո ՀՀԿ անդամ դարձած Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), 5-րդը՝ ՕԵԿ-ի կողմից ժամանակին քաղաքաշինության նախարար առաջադրված Արա Արամյանը, 6-րդը՝ ՕԵԿ-ից վերջերս դուրս եկած Գագիկ Մխեյանը:

Մեր հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ցուցակի անցողիկ տեղերը հատկացրեց ոչ թե իր հետ միասին բազում «ադամանդներ» ունկնդրած Պետրոս Քացախյանին եւ ԺԿ այլ գործիչների, այլ նախկին ՕԵԿ-ականներին՝ Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Ո՞վ է որոշում, թե ո՛ր տեղն է անցողիկ: Էդ՝ մեկ: Երկրորդը՝ Քացախյանը ցուցակում է, առաջին տասնյակում: Նույնը՝ Վաչագան Հակոբյանը կամ Գագիկ Ստեփանյանը, որ կառույցի ղեկավար է, ունի ներուժ: Ես, ի վերջո, քաղաքական գործիչ եմ եւ հաշվի եմ առնում յուրաքանչյուրի ռեսուրսը եւ հեղինակությունը»:

Մենք նախապես զրուցել էինք Սամվել Շահգալդյանի հետ, որը ԺԿ ցուցակում իր հայտնվելն այսպես էր բացատրել. «Մենք Տիգրան Կարապետյանի հետ վաղո՜ւց մտերիմ հարաբերությունների մեջ ենք եւ իրար հետ համագործակցում էինք, թեեւ դա չէր լուսաբանվում»: Նա առաջադրվելու է նաեւ մեծամասնական ընտրակարգով:

Իսկ Տիգրան Կարապետյանը հայտնեց, թե ինքն է Սամվել Շահգալդյանին եւ Գագիկ Մխեյանին առաջարկել մաս կազմել իրենց ցուցակին: Մխեյանը նույնիսկ տատանվել է, քանի որ չի ցանկացել լինել 6-րդը: Կարապետիչը բացատրեց, թե ինչ նկատի ունի՝ ասելով, թե հաշվի է առել յուրաքանչյուրի ռեսուրսը. «Մխեյան Գագիկն «ապարատչիկ» է եւ լավ գիտի ԱԺ աշխատանքը: Սամվել Շահգալդյանն այն անձնավորությունն է, որի հետ ես կապում եմ ապագա աշխատանքային ներկայացուցչությունը: Մենք կարգախոս ունենք՝ ստեղծել աշխատատեղեր: Ինքն, ի վերջո, եղել է գործարանի տնօրեն (Չարենցավանի ձուլման սարքավորումների գործարանի, հետո՝ գործիքաշինական գործարանի, իսկ հետո էլ՝ «Արմավտո» ԲԲԸ գլխավոր տնօրեն.- Ա. Ի.), որտեղ ռեալ աշխատատեղեր են ստեղծվել: Եվ այսօր արդեն Չարենցավանում ձեռնարկություն ենք կայացրել, որտեղ ստեղծել ենք 25 աշխատատեղ, եւ այդ ուղղությամբ էլ գնալու ենք: Փաստորեն, ինքն այդ առումով շատ պետքական կլինի մեր նպատակներն իրագործելու համար: ՍԱՍ-ի Արտակն էլ իմ ընկերոջ որդին է՝ մի շենքից ենք մենք: Երբ ՍԱԱ-ի Արտակը դրել էր իր թեկնածությունը՝ մենք իրեն որոշակիորեն աջակցում էինք: Ի գիտություն՝ այսօր մեր այդ երկաթգծի շենքից ԱԼՄ-ում աշխատում է 18 հոգի՝ կարող եք զննել: Այստեղ չկան շահեր, այլ կա ուղղակի քաղաքական նպատակ, որտեղ մենք մեր ջանքերը համալրելու ենք»:

Շավարշ Քոչարյանի գլխավորած ԱԺԿ ցուցակում, որը հրապարակվեց Անի հյուրանոցի սրահներից մեկում անցկացված կուսակցության 7-րդ հերթական համագումարում՝ նույնպես կա իշխանության ներկայացուցիչ՝ Կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանն է: Սակայն նա, մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում իր դիմումի համաձայն ազատվելու է աշխատանքից: Եվ բացի այդ՝ Հրանուշ Խառատյանը չի դառնալու ԱԺԿ անդամ: ԱԺԿ ցուցակում այլ անկուսակցականներ էլ կան, որոնք «Հավատարմություն» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներ են: ԱԺԿ ցուցակում ընդգրկված են 72 հոգի, որոնցից միայն ԱԺԿ վարչության անդամ Դուստրիկ Մխիթարյանի անունն էր ծանոթ, բացակայում էին կուսակցության հայտնի գործիչներից ոմանց անունները: ԱԺԿ համագումարում ցուցակը ներկայացվեց միայն այբբենական կարգով: Եվ համագումարն ընդունեց որոշում. «Լիազորել ԱԺԿ վարչությանը՝ կուսակցության կողմից առաջադրված ԱԺ համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ցուցակի հերթականության ձեւավորումը, նրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը, ինչպես նաեւ՝ ԱԺԿ կողմից մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորության թեկնածուներ առաջադրելու հարցի լուծումը»:

Շավարշ Քոչարյանն իր ելույթում նկատեց. «Այսպիսի ջլատված եւ փոշիացված ընդդիմություն Հայաստանում դեռ չի եղել: Դա շատ ցավալի է»: Նշեց, թե արդեն կորսված է ընդդիմադիր խոշոր դաշինքներ ստեղծելու հնարավորությունը, սակայն ընդդիմադիրները գոնե պիտի մտածեն ԱԺ ընտրությունները միասնաբար վերահսկելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել