Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄՊԻՉՄԵՆԹԻՆ» ԳՐԱՆՑԵՑԻՆ

Մարտ 02,2007 00:00

Երեկ ԿԸՀ-ում համամասնական ընտրակարգով առաջադրում են արել թվով չորս կուսակցություններ

ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով երեկվա դրությամբ ԿԸՀ-ին առաջադրման հայտ էր ներկայացրել ընդամենը 4 կուսակցություն. «Ազգային միաբանությունը»՝ 72 հոգանոց համամասնական ցուցակով, Ժողովրդական կուսակցությունը՝ 44 հոգուց բաղկացած ցուցակով, «Նոր ժամանակները»՝ 62, եւ «Բարգավաճ Հայաստանը»՝ 112 հոգանոց համամասնական ցուցակով: Ի դեպ, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ հույս է հայտնել, որ եթե առաջիկա ընտրությունները չկեղծվեն, ապա իր գլխավորած կուսակցությունը նոր խորհրդարանում 20-25 պատգամավոր կունենա: ԺԿ-ն նաեւ որոշել է, որ մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրումներ չի անելու:

Երեկ ԿԸՀ նիստում միաձայն որոշում կայացվեց գրանցել «Ժողովրդավարական Հայրենիք» եւ Հայաստանի պահպանողական կուսակցությունների ձեւավորած «Իմպիչմենթ» դաշինքը: Հիշեցնենք, որ այս դաշինքի ներկայացվելիք համամասնական ցուցակում ընդգրկված են լինելու նաեւ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչները: Երեկ, սակայն, այդ համամասնական ցուցակը վերջնական տեսքի բերված չէր: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն «Առավոտին» փոխանցեց, որ դրանք առանձին-առանձին քննարկվում են ե՛ւ իր գլխավորած, ե՛ւ «Պահպանողական» կուսակցություններում, նաեւ «Այլընտրանքի» շրջանակներում, եւ, թերեւս, այսօր այն վերջնականապես ձեւավորված կլինի: Նրա ասելով, քննարկման փուլում է նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների հարցը:

Առաջիկա խորհրդարանի ընտրությանը միայնակ մասնակցելու որոշում կայացրած ընդդիմադիր կուսակցություններից մեկն էլ «Նոր ժամանակներն» է: Երեկ այդ կուսակցությունը ԿԸՀ-ին է հանձնել 62 հոգուց բաղկացած իր համամասնական ցուցակը, որտեղ կան նաեւ անկուսակցականներ, եւ որը գլխավորում է կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: ՆԺԿ առաջին տասնյակում հաջորդաբար ներկայացված են Ալեքսան Մինասյանը, Գուրգեն Եղիազարյանը՝ ԱԱՊՎ պետի նախկին տեղակալ, Հրաչյա Սարգսյանը, Վիգեն Հակոբյանը՝ նախկին ՍԻՄ-ական, Էմանուել Մարգարյանը, Աշոտ Թորոսյանը, Ռաֆիկ Խոստիկյանը, Սամվել Խաչատրյանն ու Անահիտ Ցոգոլակյանը: ՆԺԿ-ի փոխանցմամբ, համամաuնական ցուցակում ընդգրկվածների 95 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, 5 տոկոսը՝ միջնակարգ-մասնագիտական, 21 տոկոսն ունի գիտական աստիճաններ եւ կոչումներ, կանայք ցուցակում կազմում են 30 տոկոս, ընդգրկված են ՀՀ ուժային կառույցների նախկին ներկայացուցիչներ, արդյունաբերական գործարանների հիմնադիր տնօրեններ, տարբեր բնագավառների արհեստավարժ մասնագետներ: Ա. Կարապետյանն էլ հույս ունի, որ արդար ընտրությունների դեպքում ՆԺԿ-ն ԱԺ-ում գոնե 10 պատգամավոր կունենա:

Հայաստանի Կոմկուսը եւս ԱԺ ընտրություններին մասնակցելու է միայնակ՝ իր համամասնական ցուցակով, որի ցանկը երեկ ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը չցանկացավ հրապարակել՝ ասելով, որ այն դեռ վերջնական տեսքի բերված չէ: Ընկեր Թովմասյանը միայն ասաց, որ այդ ցուցակը գլխավորելու է Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարը՝ ինքը: ՀԿԿ-ն ընտրություններին կմասնակցի նաեւ մեծամասնական ընտրակարգով: Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում առաջադրվելու է ԿԿ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար Դավիթ Վաղարշակի Հարությունյանը: Նա միակ թեկնածուն է, որ առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով:

Ընտրություններին միայնակ մասնակցելու մասին հայտարարած ԱԺԿ համամասնական ցուցակն արդեն պատրաստ է: Կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի փոխանցմամբ, 77 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը գլխավորելու է ինքը, իսկ առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել հաջորդաբար՝ Հրանուշ Խառատյանը, ով, ի դեպ, ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանի ասելով, նախնական համաձայնություն էր տվել ընդգրկվել ԺՈՒԿ-ի համամասնական ցուցակում, Տարոն Առաքելյանը, Աշոտ Ավետիսյանը, Դուստրիկ Մխիթարյանը, Վահան Գալոյանը, Արտակ Շաքարյանը, Կամո Ադամյանը, Կամո Եփրեմյանը, Գրիգորի Դոխոյանը: Առաջին տասնյակում ընդգրկված այս թեկնածուներից 6-ը ԱԺԿ անդամներ են, իսկ 4-ը ներկայացնում են հասարակական տարբեր կազմակերպություններ: Ինչ վերաբերում է կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրումներին, ապա պարոն Քոչարյանի մատուցմամբ, մեկ առաջադրում արդեն կա. Եղվարդի թիվ 26 ընտրատարածքում ԱԺԿ-ն առաջադրել է կուսակցության համամասնական ցուցակում տեղ զբաղեցրած Վարդան Սեդրակյանին, ով այդ կուսակցության անդամ չէ: Իր՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրման հարցը, Շ. Քոչարյանի ասելով, դեռ որոշված չէ:

Համամասնական իր ցուցակը դեռ չի ձեւավորել ՀՀՇ կուսակցությունը, որը պատրաստվում է ընտրություններին մասնակցել նաեւ մի քանի ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելով: Թե ում թեկնածությունը կարող է առաջադրվել կամ ովքեր են լինելու կուսակցության համամասնական ցուցակում՝ տակավին որոշված չէ:

Նույն անորոշ վիճակն է նաեւ «Ժառանգություն» եւ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությունների դեպքում, թեեւ նրանք եւս հայտարարել են ընտրություններին միայնակ մասնակցելու մասին: Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը, ապա վերջինիս անդամների՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրման հարցը կորոշվի այսօր, բայց որ առաջադրումներ լինելու են՝ հաստատեց նաեւ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել