Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՆՈՒԹՆ ԷԼ ԳՐԱՎԵՑԻՆ

Մարտ 05,2007 00:00

\"\"Տարածքը վաճառել են՝ վարձակալողների բացակայությամբ

Շիրակի մարզի Մարալիկ գյուղի Գործարանային փողոցում գտնվող «Լուսատեխնիկ» գործարանի հանրակացարանի տարածքը 1996թ. վարձակալել են Ղուկաս Ղուկասյանն ու իր երեք եղբայրները: Այն ժամանակ նրանք 4 մլն դրամ ծախսեցին տարածքի վրա: 20 սենյակից վերանորոգեցին 16-ը, որովհետեւ մտադիր էին կարի արտադրամաս բացել, պարենային ապրանքների խանութ, կանանց եւ տղամարդկանց վարսավիրանոց:

Ղուկասյաններին չորս տարի պահանջվեց, որպեսզի աղբանոցը մաքրվի: Այդ ընթացքում գործարանը լուծարվեց, իսկ վարձակալած տարածքը մնաց քաղաքապետարանի հաշվեկշռում:

Ղուկասյաններն աշխատում էին Ռուսաստանում՝ տարածքի վրա ծախսեր անելով: Սակայն Ռուսաստանից վերադառնալիս հայտնաբերեցին իրենց վարձակալած շինության վրա «ՀՀԿ գրասենյակ» ցուցանակը: Չնայած Ղուկասյանի մայրը՝ տիկին Նվարդը տարիներ առաջ դիմել էր Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանին՝ տարածքը մասնավորեցնելու խնդրանքով: Ըստ Ն. Ղուկասյանի, «ձեւական աճուրդ է կայացել եւ 16 սենյակը 365 հազար դրամով վաճառվել է ՀՀԿ անդամ Բաբիկ Սամվելյանին»:

Կուսակցությունը, Ղուկասյանների գնահատմամբ, բռնազավթել է իրենց տնօրինած 16 սենյակը, որի վրա իրենց սեփական գումարներն են ծախսել արտագնա աշխատանքի մեկնած Ղուկասյանի որդիները: Ն. Ղուկասյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին: Դիմումին պատասխանել է Շիրակի մարզի դատախազի օգնական Մ. Մարտիրոսյանը, արձանագրելով. «Առաջ քաշված փաստարկն իր մեջ պարունակում է քաղաքացիաիրավական հարաբերություններ եւ ենթակա է լուծման դատական կարգով: Դուք կարող եք դիմել Շիրակի մարզի 1-ին ատյանի դատարան»: Ոստիկանության Անիի բաժնի պետ Ս. Թովմասյանը նույնպես դուռ ջարդելը եւ ուրիշի տարածք մտնելը համարել է «քաղաքացիաիրավական բնույթի», եւ նա էլ, դատախազի օգնականի նման, խորհուրդ էր տվել՝ դիմել դատարան: Երկաթյա դուռը կոտրելու հետ կապված՝ ոստիկանապետը հայտնել է. «Ոչ ես, ոչ էլ ոստիկանության որեւէ աշխատակից դուռը կոտրելուն կամ բացելուն չեն մասնակցել»:

16 սենյակը՝ 124.32 քմ տարածքը ի՞նչ հաշվարկներով է գնահատվել մեկնարկային գնով՝ 298370 դրամ, ապա վաճառվել 365310 դրամ: Ինչո՞ւ Ղուկասյաններին չի զգուշացվել տարածքային հավակնությունների՝ աճուրդի մասին, չի փոխհատուցվել նրանց գումարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել