Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԿՐՔԵՐ

Մարտ 05,2007 00:00

Ի՞նչ կտա Լինարեսը

\"\"Երեկ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից ութը՝ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա). նա վերջին պահին փոխարինել է մասնակցությունից հրաժարված ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, Պետեր Լեկոն (Հունգարիա), Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզեւիչը (երկուսն էլ՝ Ռուսաստան) եւ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Իսպանիայի Լինարես առողջարանային քաղաքում վերսկսեցին պայքարը շախմատի 20-րդ կարգի միջազգային գերմրցաշարում:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի Մորելիա քաղաքում անցկացված մրցաշարի առաջին հատվածում մասնակիցները խաղացել են յոթ տուր եւ մրցաշարային աղյուսակում դասավորվել հետեւյալ հաջորդականությամբ:

1-2. Կարլսեն, Անանդ՝ 4,5-ական միավոր

3. Իվանչուկ՝ 4,0

4-5. Արոնյան, Սվիդլեր՝ 3,5-ական

6-7. Լեկո, Տոպալով՝ 3,0-ական

8. Մորոզեւիչ՝ 2,0

Մասնագետները նշում են, որ Լինարեսի մրցաշարի 2006 թվականի հաղթող Լեւոն Արոնյանը Մեքսիկայում առանձնապես չփայլեց, չնայած շատերի կարծիքով Անանդի հետ պարտիան լավագույնն է եղել Մորելիայում խաղացվածների մեջ:

Շախմատասերներին ի՞նչ է սպասվում Լինարեսում: Անցած տարի, օրինակ, պայքարի իսպանական մասն ամեն ինչ գլխիվայր շրջեց: Արոնյանն առաջին տեղը չգրավելով մրցաշարի միջանկյալ երկու փուլերում, այնուամենայնիվ, վերջնահաշվարկով նվաճեց հաղթողի կոչումը: Այս տարի էլ պատմությունը կրկնվելու բոլոր նախապայմանները կան, եթե հավատանք աստղագուշակ Դանա Ստրելկովայի՝ «64.ru» շախմատային ինտերնետային կայքում «Կշեռք» համաստեղության տակ ծնված Լեւոն Արոնյանին վերաբերող գուշակությանը, որում ասված է. «Մեկնարկում հնարավոր են արգելքներ եւ ամեն ինչ չէ, որ կստացվի: Բայց դա դժվար թե խանգարի նշմարվող ու կանխատեսելի վերելքին: Հավանական է 5-րդ պարտիայում իրադարձությունների հաջող զարգացում (Արոնյանը հենց 5-րդ պարտիայում տարավ իր առաջին ու առայժմ միակ հաղթանակը Անանդի նկատմամբ: Ա. Հ.): Լինարեսում մտածողությունն ավելի կազմակերպված կլինի եւ լիովին կարելի է սպասել վերջին չորս տուրերում նրա վճռորոշ գրոհներին»:

Ընդհանուր առմամբ

գոհ չեն

Փետր վարի 27-ին «Արմա» հյուրանոցային համալիրում, ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալներ ստանալուց առաջ, շախմատի «Aeroflot Open» 6-րդ միջազգային մրցաշարին մասնակցած օլիմպիական չեմպիոն մեր չորս գրոսմայստերները «Առավոտի» առաջարկով գնահատեցին իրենց մրցելույթը:

Արտաշես Մինասյան.- «Բնականաբար, այնքան էլ գոհ չեմ, չնայած «Aeroflot Open»-ի նման հեղինակավոր մրցաշարի ուժեղագույնների խմբում 10-րդ տեղ զբաղեցնելը վատ չէ: Մրցաշարի ամբողջ ընթացքում առաջատարների շարքում էի, բայց 7-րդ տուրում շահած դիրք ունենալով, այնուամենայնիվ, պարտվեցի: Եթե վերջին՝ 9-րդ տուրում նյարդերս դիմանային լարվածությանը եւ մեկ միավոր վաստակեի, ապա հանգամանքների հաջող ընթացքի դեպքում կարող էի նաեւ հաղթող ճանաչվել: Ինչպես ասում են՝ բախտը երես թեքեց»:

Գաբրիել Սարգսյան.- «Հոգնածության պատճառով անհաջող մեկնարկեցի: Մինչ այդ խաղացել էի Վեյկ-ան-Զեեի հյուծիչ մրցաշարում, դրանից հետո հանդես եկել Գերմանիայի լիգայում: Բացի դա, երբ երկար ժամանակ տանը չես լինում, իսկ ես մեկնել եմ հունվարին եւ վերադարձել միայն այսօր, շատ ես հոգնում: Մարտի 15-ին Մադրիդում մասնակցելու եմ բարձր վարկանիշ ունեցող մրցաշարի, որի անունը, ճիշտն ասած, ինքս էլ չգիտեմ: Դրանից անմիջապես հետո՝ ապրիլին, Եվրոպայի անհատական առաջնությունն է: Հուսանք, որ այնտեղ ավելի լավ հանդես կգամ»:

Կարեն Ասրյան.- «Ցույց տված արդյունքս գնահատում եմ միջին, թեեւ (ծիծաղելով) երեք տարի նույն բանն եմ ասում: Մեկնարկը հաջող չստացվեց: Դրան, ինչպես միշտ, հետեւեց ոչ-ոքիների շարքը: Վերջնամասում չնայած հոգնել էի, փորձեցի գործերս շտկել, բայց արդեն ուշ էր»:

Վլադիմիր Հակոբյան.- «Մասնակցությունիցս ոչ շատ գոհ եմ, ոչ շատ դժգոհ: Կարելի էր ավելի բարձր տեղ էլ գրավել: Խաղում էի Ջիբրալթարի ոչ պակաս բարձր կարգ ունեցող մրցաշարում հաղթելուց ընդամենը 10 օր հետո: Միմյանց հետեւից երկու նմանատիպ մրցումներում հաղթել միշտ չի հաջողվում: Բավարարված եմ նրանով, որ Մոսկվայում պահպանեցի ՖԻԴԵ-ի 2700 վարկանիշս, որը հնդիկ գրոսմայստեր Սասիկիրանի հետ միասին ամենաբարձրն էր «Aeroflot Open»-ում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել