Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԿԸ ԲՈՒՐԳՈՍԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՈՒՂԱՐԿԵՑ

Մարտ 06,2007 00:00

\"\"Վանաձորցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 50,802 կգ) IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը շաբաթ օրը՝ մարտի 3-ին, Կալիֆոռնիայի նահանգի Կարսոն քաղաքի «Հոում Դեպո Ցենտր» մարզասրահում հերթական անգամ հաջողությամբ պաշտպանեց չեմպիոնական իր գոտիները՝ մարտն ավարտելով ժամանակից շուտ: Ու այն էլ ինչպե՜ս:

Այս անգամ նրա մրցակիցը մինչեւ 49 կգ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, մեքսիկացի Վիկտոր Բուրգոսն էր: Թեեւ մարտը շարունակվեց մինչեւ 12-րդ ռաունդի կեսերը եւ Բուրգոսը նոկդաունով ռինգի հատակին հայտնվեց ընդամենը մեկ անգամ (երկրորդ ռաունդում), ամբողջ մարտի ընթացքում նա գտնվում էր Վիկի հուժկու հարվածների տարափի տակ: Իսկ երբ մրցավարը 12-րդ ռաունդի կեսին ստիպված դադարեցրեց մարտը, մեքսիկացուն արդեն սպասող շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց եւ արյան ներգանգոսկրային բազմաթիվ զեղումների անհետաձգելի վիրահատություն կատարեցին: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ վիրահատությունն անցել է հաջող: Եվ չնայած Բուրգոսը դեռ կոմայի մեջ է, վիրահատող բժիշկ Փոլ Ուոլլեսը հավաստիացնում է, որ նրա ապաքինվելու հույսերը բավականին մեծացել են:

Դեռ մարտից առաջ բոլորն էին համոզված, որ Վիկի համար մենամարտն առանձնակի դժվարություն չէր ներկայացնելու եւ նրա հաղթանակն ընդամենը ժամանակի խնդիր էր: Մարտը մինչեւ վերջին ռաունդ ձգձգվեց երկու պատճառով: Նախ, Վիկը նախապես հայտարարել էր, որ Բուրգոսին առաջին ռաունդներում նոկաուտի չի ենթարկելու, որպեսզի բոլորին ցույց տա, թե ինքն իրականում ով է: Երկրորդ, այդ օրը մեքսիկացին չափից ավելի դիմացկուն գտնվեց:

Վախթանգի 28-րդ անընդմեջ հաղթանակից հետո, որոնցից 22-ը՝ նոկաուտով է ավարտվել, նրա պրոումոթեր Գերրի Շոն լրատվամիջոցներին տեղեկացրել է, թե Վիկի հետ հանդիպման առաջարկ է անելու մինչեւ 53 կգ քաշային կարգում WBC-ի վարկածով 1-ին համար Խորխե Արսեին, իսկ ինքը՝ Վիկը, հայտարարել է, թե սա իր՝ IBF-ի եւ IBO-ի վարկածներով թեթեւագույն քաշային կարգում գոտիների վերջին պաշտպանությունն էր եւ որ ինքը տեղափոխվում է ավելի բարձր քաշային կարգ:

Նույն օրը հայ մարզասերներին անչափ հետաքրքրող մենամարտ կայացավ նաեւ Պուերտո-Ռիկոյում, որտեղ հանդիպեցին միջին քաշային կարգում IBF-ի չեմպիոնի պարտադիր հավակնորդ Էդիսոն Միրանդան եւ ամերիկացի Ալան Գրինը: Ի տարբերություն անընդհատ առաջ գնացող Միրանդայի, ամերիկացին ընտրել էր պաշտպանվողական մարտաոճ՝ աշխատելով հոգնեցնել մրցակցին: Ութերորդ ռաունդում դա իրեն արդարացրեց: Միրանդայի գործողություններն սկսեցին դանդաղել եւ Գրինը, խլելով նախաձեռնությունը, նրան նոկդաունի ենթարկեց: Սակայն տասներորդ ռաունդում Միրանդան մրցակցին պատասխանեց երկու նոկդաունով եւ միայն գոնգը վերջինին փրկեց երրորդից: Մարտի ավարտից հետո մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Միրանդային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել