Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԽԱՂԵՐ ԵՆ, Ո՞Վ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Մարտ 07,2007 00:00

\"\"Այդպես բնութագրեց ՀԺԿ որոշ կառույցների «կազմալուծման» մասին լուրերը Կամարիս գյուղի կառույցի ղեկավար Սարգիս Խաչիկյանը:

Վերջերս էլ մամուլում հրապարակվեց, որ Կոտայքի մարզի մի շարք գյուղերի կառույցներ դուրս են եկել ՀԺԿ-ից. թվարկվածների մեջ էին Գառնին, Ջրվեժը, Կամարիսը, Գողթնը եւ էլի մի քանի գյուղեր, ընդհանուր թվով՝ 12 գյուղի անուն: Սակայն երեկ այս գյուղերի տարածքային կառույցների ղեկավարները եկել էին Երեւան եւ ՀԺԿ նախագահի հետ հանդիպման ժամանակ փորձել էին հասկանալ, թե ինչո՞ւ է իրենց կառույցների անունները շահարկվում, երբ իրենք մտադրություն չունեն կուսակցությունից դուրս գալու: ՀԺԿ աշխատակազմի ղեկավար Ստեփան Մինասյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ մարդիկ թերթերից են իմացել իրենց «դուրս գալու մասին» եւ եկել են կամ զանգահարել կուսակցության գրասենյակ եւ փորձել են հասկանալ, թե ի՞նչ է կատարվում: Երեկ մենք զրուցեցինք Կամարիս գյուղի ՀԺԿ կառույցի ղեկավար Սարգիս Խաչիկյանի հետ, ով մեզ ասաց, որ այն, ինչ գրվում է իրենց տարածքի մասին, իրականությանը չի համապատասխանում. «Մեր տարածքային կառույցում ամեն ինչ նորմալ է եւ ոչ մի խնդիր այս պահին չկա, որոշ մարդկանց անձնական նկրտումները ի՞նչ կապ ունեն կուսակցական կառույցի հետ: Ես թերթը կարդում եմ եւ տեղեկանում, որ ես, որպես քարտուղար, հրաժարական եմ տվել, ինչպե՞ս թե»:

Պարոն Խաչիկյանը արդեն չորրորդ տարին է կառույցի քարտուղար եւ հարցին՝ իր կարծիքով կուսակցության ղեկավարությունը՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, չի՞ շեղվել ՀԺԿ հիմնական գաղափարախոսությունից, պատասխանեց. «Գիտեք ինչ, ընտրություններից առաջ որեւէ կուսակցության մեջ նման հարց քննարկելը, կարծում եմ, բարոյական չէ, եթե նման բան լիներ, ես չէի գա հասնի Երեւան՝ պարզելու, թե ով ունի բարոյական իրավունք իմ անունից նման կեղծ բաներ ասել, գյուղի կառույցի անունը տպել եւ մարդկանց մոլորության մեջ գցել, եւ չէի խնդրի, որ դուք ինձ լսեք, եւ հուսով եմ՝ ճիշտը կգրեք»: Կատարվածի վերաբերյալ պարոն Խաչիկյանը իր բացատրությունն ունի. «Ամեն ինչ հասկանալի է, ոմանք փորձ են անում այսպիսով ընտրություններից առաջ կազմալուծել մեր կուսակցությունը, բայց դա իրենց չի հաջողվի, ընտրախաղեր են, ո՞վ չի հասկանում»:

Աբովյանի տարածքային խորհրդի անդամները երեկ եկել էին Ստեփան Դեմիրճյանի մոտ եւ հայտնել, որ իրենց մասին տարածվածը ապատեղեկատվություն է, որ իրենք պատրաստակամ են աշխատել եւ ամեն ինչ անելու են խորհրդարանական ընտրություններում ՀԺԿ-ի հաղթանակի համար: Այդ կառույցի խորհրդի անդամ Անժելա Միրզոյանը երեկ մեզ ասաց հետեւյալը. «Ոչ մի արտասովոր բան մեր խորհրդում չի կատարվում, ինչպես թվում է ոմանց, միայն մի բան է կատարվել, մեր խորհրդի նախագահը հեռացվել է կուսակցությունից: Այն ամենը, ինչ ասվել է նրա կողմից, դա իր անձնական կարծիքն է, ես չեմ կիսում այդ կարծիքը եւ չեմ կարծում, որ այդքան տարի լինելով կուսակցության հիմնադիր անդամ, տարածքային կազմակերպության լիդեր՝ նա այդպիսի բաներ պետք է ասեր, կրկնում եմ՝ ես չեմ կիսում այդ կարծիքը, եթե կիսեի, ինքս իմ անդամատոմսը վայր կդնեի»: Տիկին Միրզոյանին հարցրինք՝ իրո՞ք խորհուրդը որոշում էր կայացրել ՀԺԿ-ից դուրս գալու: «Ոչ, ի՞նչ եք ասում, մենք դեռ պետք է նիստ անենք, պետք է նոր քարտուղար ընտրենք եւ շարունակենք մեր գործը»: Մեր հարցը՝ այնուամենայնիվ, կրակն առանց ծխի չի լինում, եւ եթե ինչ-որ բաներ գրում են, ուրեմն մի բան կա, զայրացրեց տիկին Միրզոյանին եւ նա փորձեց մեկ անգամ եւս ճշտել, թե ո՞ր թերթի լրագրողի հետ է ինքը խոսում: Հետո ասաց. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունները անցնեն ազատ եւ արդար, ու ՀԺԿ-ն իր արժանի տեղը ստանա»:

ՀԺԿ-ի եւ նրա շուրջ կատարվածը մեկնաբանելով՝ կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը մեզ փոխանցեց հետեւյալը. «Այս ամենը վատ կազմակերպված արշավ է ՀԺԿ-ի դեմ: Սովորաբար թույլին արհամարհում են, իսկ ուժեղին՝ հարվածում: Մենք բազմիցս ենք նման բաներ տեսել, բայց իրենց ոչինչ չի հաջողվի, ժողովրդին չեն կարող շեղել: Միայն փաստը, որ խոսում են գյուղերում ՀԺԿ սկզբնական կառույցների մասին, նշանակում է, թե որքան մեծ ու ուժեղ կառույց է ՀԺԿ-ն, մինչդեռ, շատ ու շատ մեծ հավակնություններ ունեցողները, որոնք ձգտում էին մեծ համամասնություններ ունենալ, անգամ մարզերում բավարար ներկայացված չեն»:

Երեկ մենք հեռախոսազրույց ունեցանք նաեւ Սմբատ Եղիազարյանի հետ: Վերջինս ասաց, որ այս պահին հարմար չի գտնում որեւէ մեկնաբանություն անել եւ ինքը կխոսի որոշ ժամանակ անց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել