Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆՔ ԱՐԵԼ ԱՆՑԱԾ ՓՈՐՁԻՑ»

Մարտ 09,2007 00:00

\"\"Ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը

– Ընդդիմությունն այդպես էլ չմիավորվեց եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին-առանձին, եւ այդ չմիավորման համար ձեր գործընկերները առաջին հերթին մեղադրում են ձեզ: Գրեթե բոլոր ընդդիմադիրները համարում են, որ ընդդիմության չմիավորվելու գործում մեղքի մեծ բաժինը ՀԺԿ նախագահինն է: Ինչո՞ւ այդքան ծանր մեղք վերցրեցիք ձեր ուսերին եւ խափանեցիք ընդդիմության միավորումը:

– Նախ, ճիշտ չէ, որ բոլոր գործընկերները մեզ «մեղադրում» են: Պարզապես՝ ոմանք փորձում են վարկաբեկել ՀԺԿ-ին: ՀԺԿ-ն որեւէ բան ապացուցելու կարիք չունի: ՀԺԿ-ն միշտ էլ եղել է համախմբող ուժ, եւ դրա վկայությունն է թե «Միասնություն» եւ թե «Արդարություն» դաշինքների կազմավորումը: Չնայած կուսակցությունը հակված էր առանձին մասնակցել ընտրություններին, սակայն մենք, ինչպես գիտեք, առաջարկել ենք դաշինք ստեղծել «Արդարություն» դաշինքի կազմավորման սկզբունքներով: Ի դեպ, կուսակցությունը հակված էր առանձին մասնակցել՝ այն պատճառով, որ ոմանք, լինելով դաշինքի անդամ, անվերջ խոսում էին նոր ձեւաչափի ստեղծման մասին: ՀԺԿ-ն ամեն ինչ արել է դաշինքի ամրապնդման համար եւ պարկեշտ է իր գործընկերների նկատմամբ: Ինչ վերաբերում է այդ մեղադրանքներին, նախ ուզում եմ ասել, որ երբեմն մեզ մեղադրում են մարդիկ, ուժեր, որոնք ծառայել են այս ռեժիմին, որոնք կեղծել են այս ռեժիմի համար, պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար: ՀԺԿ-ն այն քաղաքական ուժն է, որը իր ստեղծման առաջին օրից պայքարել է այս ռեժիմի դեմ: Մեղադրում են այն ուժին, որը հաղթելով 99-ի ընտրություններին՝ սկզբունքային տարաձայնությունների պատճառով դուրս եկավ իշխանությունից: Ուղղակի անտրամաբանական են բոլոր այդ մեղադրանքները: Եթե դաշինք է ստեղծվում, ապա այն պետք է գործուն լինի: Շահարկում են նաեւ, թե ամբիցիաների հարցեր կան եւ այլն: Էլեմենտար տրամաբանություն է. եթե դաշինք է ստեղծվում եւ մի քանի ամսից նախագահական ընտրություններ են, եւ եթե չի քննարկվում եւ լուծում չի ստանում այդ հարցը (խոսքը անձի մասին չէ, այլ՝ սկզբունքի), ապա արդեն բանականություն ունեցող ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ նպատակահարմար չէ այդպիսի դաշինքի ստեղծումը: Պետք է այնպիսի դաշինք ստեղծել, որը հետագայում պրոբլեմներ չառաջացնի: Ստիպված եմ կրկնել՝ ամորֆ դաշինքներ ստեղծելը մենք նպատակահարմար չենք համարում: Եվ հետո, ի՞նչ է պատահել, ընդդիմադիր ուժերը կարող են առանձին-առանձին մասնակցել եւ համագործակցել հանուն արդար եւ ազատ ընտրությունների ու միասնաբար պայքարել կեղծիքների դեմ: Եվ, ի վերջո, ի՞նչն էր խանգարում այդ ուժերին առանց ՀԺԿ-ի դաշինք կազմել:

– Հայտնի է, որ 2007-ի ընտրություններից է կախված 2008-ի նախագահական ընտրությունները, եւ եթե ընդդիմությունը հիմա չկարողացավ համախմբվել եւ միասնաբար գնալ ընտրությունների, ապա այդ քայլով տապալեց նախագահականում հաջողությունների հասնելու իր հնարավորությունները:

– Համաձայն չեմ, ոչինչ էլ չի տապալվում: Դուք ասացիք խորհրդարանական ընտրություններով մեծապես պայմանավորված են նախագահական ընտրությունները, ուրեմն, պետք է ոչ թե պիտակներ կպցնել միմյանց, այլ զբաղվել գործով, պատրաստվել եւ գնալ ընտրությունների, հաղթել ընտրություններում եւ միասնաբար պայքարել կեղծիքների դեմ:

– Այնուամենայնիվ, իր չմիավորվելով ընդդիմությունը բարդացրեց շարքային ընտրողի վիճակը, եւ հիմա շատ ավելի դժվար է լինելու 10-15 ընդդիմադիր կուսակցությունների անուններից գլուխ հանել եւ ճիշտ ընտրություն կատարել:

– Շարքային ընտրողին մի թերագնահատեք, նա ունի ընտրության հնարավորություն եւ շատ լավ տեսնում է, թե ով է գործով զբաղվում եւ ով՝ բանսարկություններով, տեսնում է, թե ով է իրապես պայքարել այս ռեժիմի դեմ, ով իր սկզբունքներին չի դավաճանել, եւ ընտրողն իր ընտրությունը կկատարի:

– Ոմանք ձեզ մեղադրում են նրանում, որ իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունքում եք որոշել առանձին մասնակցել ընտրություններին:

– Դա այնքան անհեթեթ է, որ պարզապես լուրջ չէ դրա մասին խոսելը: Մեր համագումարի ժամանակ ասացինք, որ ՀԺԿ-ն մշտապես թիրախ է եղել թե իշխանությունների, թե այն ուժերի համար, որոնք փորձում են ինքնահաստատվել քաղաքական դաշտում: Այդ ամենը չէր լինի, եթե ՀԺԿ-ն իսկապես ուժեղ չլիներ: Իսկ ՀԺԿ-ն իսկապես հզոր կառույց է, եւ եթե մենք ամեն օր չենք թմբկահարում, թե քանի անդամ ունենք, դա չի նշանակում, որ ՀԺԿ-ն թուլացել է, ինչպես խղճուկ փորձեր են արվում այսօր այդպես ներկայացնելու: Այս արշավը ՀԺԿ-ի դեմ նորություն չէ, ամեն ինչ արվել է կուսակցությունը թուլացնելու, պառակտելու համար, բոլոր այդ փորձերը դատապարտված են, շատ լավ հիշում եք՝ ժամանակին այդպիսի փորձեր արվեցին, ՀԺԿ-ն՝ հակառակը, ավելի ամրապնդվեց եւ հաղթեց նախագահական ընտրություններում: Քաղաքականության մեջ կա էթիկայի սահման: Տեսնում ենք, որ հիմա ոմանք այդ սահմաններն էլ են անցնում, բայց այդ ամենը ի վերջո հիմար վիճակի մեջ է դնում նրանց, ովքեր այդ սահմանն անցնում են: Մենք խնդիր չունենք, մեր գործունեությունը ժողովրդի առջեւ է: Խնդիր ունեն նրանք, ովքեր փորձում են վարկաբեկել:

– Իսկ ինչո՞ւ եք ուզում, որ հատկապես ձեր շուրջը համախմբվեն, գուցե պետք էր առա՞ջ նայել:

– ՀԺԿ-ն առաջ է նայում եւ պատրաստ է ընտրությունների ու պայքարի: Մենք որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու, համոզելու խնդիր չունենք եւ ոչ մեկը դատախազի կամ դատավորի կեցվածք թող չընդունի:

– Ձեր կուսակցության՝ Աբովյանի տարածքային կառույցում կարծես հարթ իրավիճակ չէ, ի վերջո, ի՞նչ է կատարվում:

– Ոչինչ էլ չի կատարվում, կառույցն աշխատում է: Այն տեղեկատվությունը, որ իբր սկզբնական կազմակերպությունների ղեկավարներ լքել են կուսակցությունը, հերքվել է հենց նրանց կողմից: Նման բաներ բոլոր կուսակցություններում էլ կատարվում են եւ ցանկացած կուսակցությունում էլ ցուցակի հետ կապված առանձին մարդկանց կողմից դժգոհություններ լինում են, եւ պետք չէ մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքել: Այս աժիոտաժը ՀԺԿ-ի շուրջ ընդամենը հաստատում է, որ ՀԺԿ-ն ամենակենսունակ, ամենահզոր կուսակցություններից մեկն է: Բայց բավական է խոսենք քաղաքականությունից: Ուզում եմ շնորհավորել ձեզ եւ բոլոր կանանց Մարտի 8-ի կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել