Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղամարդիկ հզոր են միայն կանանց կողքին»

Մարտ 09,2007 00:00

\"\"Կարծում է գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցին

«Առանց տղամարդկանց՝ կանայք ո՞ւմ են պետք: Նրանց միտքը միշտ էլ հզոր է եղել, բայց այն ավելի լավ է գործել, երբ աշխատել են կնոջ կողքին»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված «Հայ կինը» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին: Մեր օրերում ավանդական հայ կնոջ կերպար դարձած Ագուլեցին չցանկացավ կանանց նվիրված տոներից առաջ խոսել քաղաքականությունից, ոչ էլ կարծիք հայտնեց, թե որ կին քաղաքական գործչին է համակրում. «Քաղաքականությունից հեռու եմ եւ ոչ ոքի անունը չեմ տա: Բայց գնահատում եմ այն, որ կանայք ձգտում են աշխատել տղամարդկանց կողքին: Չնայած դժվար թե նրանք հեշտ պրծնեն քաղաքականությունից, քանի որ այն շատ բարդ գործ է»: Լ. Ագուլեցին չի խառնվում ոչ քաղաքականությանը, ոչ մեր երկրում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական իրադարձություններին: Նույնիսկ մշակույթի նախարարություն ոտք դրած չկա: «Ես ունեմ իմ նախարարությունը, որն իմ օջախն է, իմ ընտանիքը»,- նշեց նա: Լ. Ագուլեցին չի արդարացնում ոչ մշակույթի նախարարության եւ ոչ էլ արվեստի միությունների գոյությունը: «Նախարարությունը դեռ ցույց չի տվել իրեն: Արվեստի բոլոր գործիչներն էլ իրենք իրենց համար են աշխատում եւ ինքնուրույն կարող են ներկայանալ: Ժամանակին, որ այդ միությունները չկային, մի՞թե հմուտ արվեստագետներ չունեինք»,- նկատեց նա:

Լ. Ագուլեցին հիշեց, թե ինչպիսին էր հայ կինը հնում եւ անդրադարձավ մերօրյա կնոջ կերպարին: «Հայ կինն այսօր ցանկանում է հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերել, կրթվել: Պատահական չէ, որ ամբողջ բուհերը կանայք գրավել են»,- նկատեց նա: Գեղանկարչուհին չկարողացավ մերօրյա մի հայ կնոջ անուն տալ, որի կերպարն ամենից շատ է գնահատում. «Միշտ հիացել եմ դերասանուհի Հասմիկով: Այսօր արարչական ձիրքը քչերի մոտ է նկատելի: Այսօր ունենք նկարչուհիներ, ովքեր փիլիսոփայում են, ոչ թե նկարում»: Չնայած Լ. Ագուլեցին հիմնականում պարփակված է իր փոքրիկ «նախարարությունում», այնուամենայնիվ՝ չի կարող անտարբեր լինել հեռուստատեսությամբ ցուցադրվող շոուների հանդեպ. «Դրանք չափազանց տհաճ են ինձ համար: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ քսան տարեկանը ծաղրի վաստակ ունեցող, իրենից տարիքով մեծ մարդու»,- դժգոհեց նա: Նա խոսեց նաեւ քաղաքականացված արվեստագետների մասին: «Եթե արվեստագետը իր գործին զուգահեռ կարող է նաեւ քաղաքականությամբ զբաղվել, թող զբաղվի: Օրինակ՝ Վազգեն Սարգսյանը եւ քաղաքական գործիչ էր, եւ գրող,- նկատեց Լ. Ագուլեցին եւ ավելացրեց,- բայց որ Ծառուկյանն է մշակույթի մեջ մտնում, դա ծիծաղելի է: Փող տալ՝ չի նշանակում մտնել արվեստի բնագավառ»:

Քննարկման վերջում Լ. Ագուլեցին Մարտի 8-ի կապակցությամբ բարեմաղթեց կանանց. «Ում ինչ պակասում է, նրան այդ էլ ցանկանում եմ: Ամենակարեւորն այն է, որ բոլոր կանայք ճիշտ ծառայեն իրենց ստանձնած գործին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել