Լրահոս
Օրվա լրահոսը

Ասուլիս՝ հանուն ասուլիսի

Մարտ 13,2007 00:00

«Հայաստան եւ Ադրբեջան կատարած իմ վերջին այցերի նպատակը արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի ժնեւյան հանդիպման նախապատրաստումն է, ինչպես նաեւ այն հետագա քայլերի ճշգրտումը, որոնք, ենթադրաբար, պետք է հաջորդեն այդ հանդիպմանը»:

Այս մասին երեկ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Վերջինս ասուլիսի էր ժամանել ԼՂ ղեկավար Արկադի Ղուկասյանի հետ ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում ունեցած հանդիպումից անմիջապես հետո, ուստի լրագրողների հետ հանդիպման հենց սկզբում նա անդրադարձավ այդ հանդիպմանը: Այս առումով Ֆասիեն խոսքաշատ չէր եւ բավարարվեց միայն արձանագրելով, որ «իրենց զրույցը կառուցողական էր ու օգտակար»: Ֆասիեն համանման գնահատականներ տվեց նաեւ Երեւանում եւ Բաքվում ունեցած իր բոլոր հանդիպումներին ու հավելեց, որ կախված այն բանից, թե ինչ արդյունք կունենա երկու ԱԳ նախարարների ժնեւյան առանձնազրույցը, հնարավոր կլինի խոսել ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին: Ֆասիեն անդրադարձավ նաեւ ներկայումս ակտիվ շրջանառության մեջ գտնվող մի քանի այլ թեմաների եւս. կոսովյան զուգահեռներ, հայ եւ ադրբեջանցի փախստականների վերադարձի հնարավորություն, ԼՂ-ի, իբրեւ ինքնուրույն հակամարտող կողմի՝ բանակցություններին մասնակցելու հեռանկար եւ այլն: Ըստ այդմ, Կոսովոն, ինչպես եւ ցանկացած այլ հակամարտություն, իր բնույթով եզակի է, ուստի չի կարելի համեմատել այլ հակամարտությունների հետ: Ինչ վերաբերում է փախստականներին, ապա դա չափազանց նուրբ թեմա է եւ չարժե քարոզչական նկատառումներով անհարկի դիպչել առանց այդ էլ տուժած մարդկանց ճակատագրերին: Եվ վերջապես ԼՂ-ի՝ ինքնուրույն բանակցային կողմ հանդես գալու մասին. այս կապակցությամբ Ֆասիեն հիշեցրեց, որ նախկինում դա տեղի էր ունենում, սակայն հետո ֆորմատը որոշակի փոփոխության ենթարկվեց: Իսկ թե ինչու, ապա «դա արդեն համանախագահների իրավասությանը չի վերաբերում»: Իսկ տարածաշրջանում միայնակ՝ առանց իր ամերիկացի եւ ռուս գործընկերների ուղեկցության շրջագայելու հանգամանքը դիվանագետը բացատրեց «աշխատանքային գրաֆիկով» պայմանավորված զուտ տեխնիկական պատճառներով:

Ի դեպ, վերջին հարցադրման համատեքստում բավական հետաքրքիր է դիտվում Արկադի Ղուկասյանի՝ երեկ իսկ լրագրողներին հայտնած հետեւյալ միտքը. «Հայաստանի եւ ԼՂՀ-ի դիրքորոշումներում գոյություն ունեն ինչպես թեթեւ, այնպես էլ ավելի լուրջ հակասություններ: Սակայն իմ կողմից կոռեկտ չէր լինի խոսել դրանց մասին, քանի որ դա մեր ներքին խոհանոցն է, եւ մենք դեռեւս չենք կորցրել հույսը, որ կկարողանանք համոզել հայաստանյան կողմին այն հարցերում, որոնց առնչությամբ մեր կարծիքները չեն համընկնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել