Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋՈՒՐԸ ՊՂՏՈՐՎԵԼ Է՝ ՁՈՒԿ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ»

Մարտ 13,2007 00:00

\"\"Դատարանում ասաց փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը

Երեկ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում պաշտպանական ճառերով հանդես\"\" եկան Վլադիմիր եւ Զավեն Մկտչյանների, Հրաչ Սահակյանի պաշտպանները՝ փաստաբաններ Աղասի Աթաբեկյանը, Ռուբեն Բալաբանյանը, Ռոբերտ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ նրանց պաշտպանյալները մեղադրվում են 2005թ. օգոստոսի 11-ին Չեխովի փողոցում Մեսրոպ Մաքոյանի սպանության մեջ:

Երեկ դատարանի մուտքը, միջանցքները լցված էին ոստիկաններով եւ երբ «Առավոտը» փորձեց նկարել հենց այդ պահը, ընդառաջ եկող ոստիկանը պահանջեց իրեն տրամադրել մեր լուսանկարչական ապարատը, հայտարարելով, որ ես իրավունք չունեմ նկարել դատարանի ներսը: Պաշտպանական ճառերի ժամանակ դահլիճում ոստիկանների թիվը 20-ից ավելի էր: Վլադիմիր Մկրտչյանի պաշտպան Աղասի Աթաբեկյանը իր ճառը սկսեց դատավորին տեղեկացնելով, որ դատարանի հարակից տարածքում ոստիկաններ են, սակայն նախագահողը՝ դատավոր Գագիկ Խանդանյանը հանգստացրեց նրան, ասելով, թե դատաքննությունն ավարտվել է, իսկ ճառերի վրա ոստիկանները չեն ազդի: Պաշտպանական կողմը համաձայն չէր նախորդ դատական նիստում մեղադրողների միջնորդության հետ, որով նրանք միջնորդել էին 11 տարի ազատազրկում Վլադիմիր Մկրտչյանին, 13 տարի՝ Զավեն Մկրտչյանին եւ 14՝ Հրաչ Սահակյանին: Իրենց ճառերում նրանք պահանջեցին անպարտ ճանաչել եւ դատարանի դահլիճից ազատ արձակել իրենց պաշտպանյալներին:

Ըստ Աղասի Աթաբեկյանի, մեղադրողները հանդես եկան դժգույն մեղադրական ճառով, որը կապ չուներ կատարված իրողության հետ: Նրա կարծիքով, «սապոգային» նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները չեն կարող արժանահավատ լինել եւ նման մեղադրանքը վարկաբեկում է դատաիրավական համակարգի հեղինակությունը: Նա ներկայացրեց հակափաստարկներ, ասելով, որ իր պաշտպանյալի մասին ցուցմունք տված Մարինե Հակոբյանի վրա նախաքննական մարմինը ճնշում է գործադրել՝ նրան 7 օր պահելով Չարբախի ոստիկանությունում, հարկադրանքի արդյունքում կորզելով ցուցմունքներ: Ըստ այս վկայի, իբր ինքը տեսել էր սպանությունը, սակայն դատարանում վկա Մ. Հակոբյանը հայտարարեց, որ սպանությանն ականատես չի եղել եւ որ սպանության գիշերը ինքը խնամելիս է եղել մտերմուհուն՝ Տատյանա Մացեգորային: Պաշտպանը հրապարակեց մեկ այլ վկայի՝ Մելքոն Վարդանյանի եղբոր՝ Գագիկի ցուցմունքից մի հատված, որտեղ նա պատմում է, թե ինչպես ոստիկանության օպեր Գագոն ասում էր. «Եթե չգրես, մե՛նք կգրենք, լավություն արա, փող ենք աշխատում»:

Հրաչ Սահակյանի պաշտպան Ռուբեն Բալաբանյանն էլ հայտարարեց, որ իրենք ականատես եղան այս դատարանում աննախադեպ դեպքերի, մասնավորապես՝ թե ինչպես փորձեցին դատարանում Շենգավիթի ոստիկանները փախցնել ամբիոնի մոտ ցուցմունք տվող վկա Մելքոն Վարդանյանին: Նա հայտարարեց, որ 80-90 վկաների նկատմամբ խախտվել են քրեադատավարական հոդվածների պահանջները: Ըստ Ռ. Բալաբանյանի, այս գործով 26 էջանոց մեղադրանքում շեշտվել են Արտյոմ Արզարումյանի, Միքայել Բուռնաչյանի անունները, որոնք սպանության օրը եղել են Չեխովի փողոցում, սակայն նրանց նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով գործ չի հարուցվել: Նա նաեւ տեղեկացրեց, որ չկարողանալով սպանությունը իր պաշտպանյալ Հ. Սահակյանին վերագրել, նրա նկատմամբ մեղադրանքի ծավալ են ավելացնում, մեղադրելով անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի հարաբերությունների մեջ: Ըստ նրա, զավեշտալին այն է, որ «բռնաբարվողը» Մաքոյանի սպանության դեպքից 4 ամիս անց է հայտարարություն տվել: «Ինչո՞ւ եք վարկաբեկում անչափահասին, ինչո՞ւ եք խախտում նրա իրավունքները»,- հարցրեց պաշտպան Բալաբանյանը:

Ըստ Ռոբերտ Գրիգորյանի, իր պաշտպանյալ Զավեն Մկրտչյանի մասին դատողությունները պետք է սկսել այն հարցի պատասխանից, թե երբ է տեղի ունեցել Մաքոյանի սպանությունը: Ըստ նրա, նախաքննության մարմնի նշանակած ժամը (1-ից 2-ը) չի համապատասխանում իրականությանը, քանի որ Մաքոյանի հեռախոսի վրա 1.56-ին հնչել է հեռախոսային զանգ, լսվել է հայկական երաժշտություն, Մաքոյանն էլ հանգիստ պատասխանել է հեռախոսազանգին (Խաչիկ Մինասյանին): Հետեւաբար, ըստ պաշտպանի, Մաքոյանը կոնֆլիկտային իրավիճակում չի գտնվել: Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը սպանության հաջորդ օրը դատախազությանը տեղեկացրել է վերոնշյալ Արտյոմի եւ Միքայելի մասին, սակայն նրանց մասով գործն ընթացք չի ունեցել, մինչդեռ կասկածը վերջիններիս մասով չի փարատվել: Ըստ փաստաբանի՝ «ջուր են պղտորել՝ ձուկ որսալու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել