Լրահոս
Օրվա լրահոսը

Չսովորողի համար «ռոմանոն» թանկ հաճույք է

Մարտ 13,2007 00:00

ԵՊՀ այս ֆակուլտետում ամեն ինչ իր գինն ունի

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության «սեւ» ցուցակի 7-րդ հորիզոնականում ( 41,8% կոռումպացվածություն) գտնվում է Երեւանի պետական համալսարանը: Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել էր, որ թեեւ բուհում ակտիվորեն պայքարում են կոռուպցիայի դեմ, սակայն համոզված են, որ այն անհնար է իսպառ վերացնել: ԵՊՀ հասարակության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանն էլ ասել էր, թե 5-6 տարվա ընթացքում իրենց բուհից ոչ մի դասախոս կաշառակերության համար չի հեռացվել. «Երբ փաստեր չկան, դժվար է ինչ-որ բան ապացուցել»: Նկատենք, որ ԵՊՀ ռեկտորատ՝ արտասահմանյան գրականության դասախոս Արտեմ Հարությունյանի դեմ դիմում-բողոք էին ներկայացրել համալսարանի հայ բանասիրության եւ ռոմանագերմանական ֆակուլտետների ուսանողները՝ դասախոսին մեղադրելով կաշառակերության մեջ: Նրանցից տեղեկացանք, որ Ա. Հարությունյանը անպատրաստ ուսանողին ստուգարք նշանակում է $150-ով, իսկ քննություն՝ $300-$500: ԵՊՀ հասարակության հետ կապերի եւ լրատվության վարչության պետը այս առիթով հայտնել էր, որ ուսանողների դիմումին արձագանքելը եւ բողոքների իսկությունը պարզելը իրավապահ մարմինների գործն է, որոնցից մինչ օրս ոչ մի արձագանք չեն ստացել եւ առայժմ ապացուցված չէ, որ դասախոսն իրոք կաշառակեր է: Նրա ձեւակերպմամբ, արդեն երկար տարիներ է, ինչ Ա. Հարությունյանի մասին նման լուրեր են շրջանառվում, սակայն մինչ օրս որեւէ ապացույց չկա: Կ. Գրիգորյանը երեկ տեղեկացրեց, որ Արտեմ Հարությունյանը օրերս ազատվել է աշխատանքից, բայց՝ իր դիմումի համաձայն: Նա այժմ աշխատում է ԵՊՀ վրացագիտության կենտրոնում՝ որպես գիտաշխատող: Ըստ Կ. Գրիգորյանի, հավանաբար ԵՊՀ ղեկավարությունը նրան չի հեռացրել՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ա. Հարությունյանը արտասահմանյան գրականության փայլուն մասնագետ է:

«Առավոտի» հետ զրույցում համալսարանի ուսանողները նշեցին, թե կաշառակեր դասախոսներ էլի կան ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնում, իսկ Ա. Հարությունյանը պարզապես քավության նոխազն է: «Արտասահմանյան գրականություն» առարկան բավականին բարդ է, ծավալուն եւ ոչ բոլորն այն լիարժեք սովորելու ցանկություն ունեն: Այդ պատճառով էլ չսովորողները հաճախ ծանոթի միջոցով կամ որոշակի գումարով են գնահատական ստանում»,- կարծում է Կ. Գրիգորյանը:

ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետում սովորող ուսանողներից տեղեկացանք նաեւ, որ քննության կամ ստուգարքի գումարը հիմնականում առձեռն չի տրվում: Դասախոսներն այս հարցում բավականին զգույշ են՝ «մաղարիչը» նրանց փոխանցվում է դեկանատների աշխատակիցների, անգամ համալսարանի «պարետի» միջոցով: Իսկ Կ. Գրիգորյանը գտնում է, որ վերոնշյալ տարբերակները հնացած են. «Ես, լինելով համալսարանական, երբեւէ գումարով քննություն չեմ ունեցել, բայց գիտեմ, որ հիմա գումարների փոխանցման ավելի ժամանակակից մեթոդներից են ուսանողներն օգտվում: Օրինակ՝ կարող են բանկի միջոցով գումարը փոխանցել հենց դասախոսի հաշվեհամարին»:

Ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողներից պարզեցինք նաեւ, որ այստեղ ստուգարքների համար վճարում են շուրջ $50, քննությունների համար՝ $100-150: Պետական քննություններն ավելի թանկ արժեն՝ «3»-ը՝ $300, «4»-ը՝ $400, «5»-ը՝ $500: Պետական քննությունների ժամանակ նաեւ ճոխ սեղաններ են գցվում, ինչի համար նույնպես լրացուցիչ գումար է հավաքվում:

Հ. Գ. Երեկ Արտեմ Հարությունյանի հետ կապվելու մեր փորձերն ապարդյուն անցան. նրա բնակարանի հեռախոսը չէր պատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել