Լրահոս
Օրվա լրահոսը

Շտաբները ձեւավորվում են

Մարտ 16,2007 00:00

Խոսքը, մասնավորապես, ընդդիմադիր ուժերի մասին է

ՀՀԱԺ ընտրություններին համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով մասնակցող քաղաքական ուժերն ու անհատներն իրենց նախընտրական արշավը, շտաբների ձեւավորումը, ըստ օրենքի, կարող են սկսել ապրիլի 8-ից, երբ ավարտված կլինի թեկնածուների գրանցման փուլը: Այդուհանդերձ, կուսակցություններում այսօր արդեն գոնե մոտավոր կամ հաստատ պատկերացում ունե՞ն, թե ով է ղեկավարելու իրենց նախընտրական շտաբը եւ ՀՀ տարածքում քանի այդպիսի շտաբներ են ունենալու:

Օրինակ, ՀՀՇ-ն նախատեսում է նախընտրական շտաբներ ունենալ բոլոր այն մեծամասնական ընտրատարածքներում, որտեղ կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով առաջադրումներ է արել: Կուսակցությունը նախընտրական շտաբներ կունենա նաեւ մարզկենտրոններում՝ Հրազդան, Աբովյան եւ այլն: ՀՀՇ-ի նախընտրական շտաբի աշխատանքները համակարգելու են կուսակցության վարչության անդամներ Վահագն Հայոցյանն ու Խաչիկ Քոքոբելյանը: Ինչ վերաբերում է ընտրությունների օրը ընտրական տեղամասերում վստահված անձանց ներկայացվածությանը, ապա Վ. Հայոցյանի փոխանցմամբ, կուսակցությունն ունի 7200 անդամ, եւ դա բավարար է ընտրական տեղամասերում ՀՀՇ-ի վստահված անձանց ներկայությունն ապահովելու համար:

«Իմպիչմենթ» դաշինքը ներկայացնող երկու կուսակցություններից մեկի՝ «Ժողովրդավարական Հայրենիքի» նախագահ Պետրոս Մակեյանի ասելով, դեռեւս նախընտրական շտաբներ ձեւավորելու մասին լուրջ քննարկումներ դաշինքում չեն եղել, որովհետեւ իրենք առայժմ զբաղված են հրապարակային՝ հանրահավաքային գործունեությամբ: Պ. Մակեյանի ասելով, «Իմպիչմենթը» նախընտրական շտաբ՝ որպես այդպիսին, երեւի չի ունենա, բայց որ դաշինքի նախընտրական քարոզչությունը, հանդիպումները ՀՀ ազգաբնակչության հետ կազմակերպված բնույթ կունենան եւ կհամակարգվեն՝ միանշանակ է:

ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի մատուցմամբ էլ, ՀԱԱԿ-ն կենտրոնանալու է հատկապես Երեւանում նախընտրական շտաբներ բացելու վրա: Կուսակցությունն արդեն գործող 12 գրասենյակ ունի, որոնք կարող են վերածվել նախընտրական շտաբների, եւ եւս 20-ը կբացվեն օրենքով սահմանված ժամկետում: Ըստ Հովհ. Հովհաննիսյանի, կուսակցությունը մտադիր չէ շատ ծավալվել. «Մենք նախընտրական շտաբներ կբացենք այնտեղ, որտեղ տրամաբանություն կա»: Նրա ասելով, ՀԱԱԿ-ը նախընտրական շտաբներ կունենա նաեւ մերձմայրաքաղաքային բնակավայրերում: Կուսակցության նախընտրական շտաբն, ըստ ամենայնի, կղեկավարի Էդիկ Անտինյանը: Ինչ վերաբերում է վստահված անձանց խնդրին, ապա Հովհ. Հովհաննիսյանը խոստովանեց, թե չի ակնկալում, որ կարող են վստահված անձինք ունենալ բոլոր ընտրատեղամասերում. «Կունենանք այնտեղ, որտեղ ունենք բավարար ռեսուրսներ»:

Արդեն հայտնի է, որ «Հանրապետություն» կուսակցության նախընտրական շտաբը համակարգելու է կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Վերջինս ասաց, որ «Հանրապետությունը» շտաբներ կունենա բոլոր 41 ընտրատարածքներում՝ ներառյալ Երեւանը: «Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են եւ շուտով ավարտին կմոտենան: Սկսել ենք նաեւ վստահված անձանց եւ ընտրական հանձնաժողովներում մեր անդամների հետ կապված աշխատանքները եւ փորձելու ենք ՀՀ ողջ տարածքի ընտրատեղամասերում ունենալ վստահված անձինք»,- ասաց Ս. Այվազյանը: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը համամասնականով առաջադրված այն ընդդիմադիր կուսակցություններից մեկն է, որը թվով 7 ընտրատարածքներում, 3-ը՝ Երեւանում, մեկական ընտրատարածքներ՝ Եղվարդում, Թալինում եւ Իջեւանում, ընտրական հանձնաժողովներում ապահովել է իր ներկայությունը՝ որպես «Արդարություն» դաշինքի անդամ կուսակցություն: «Հանրապետությունը» հանձնաժողովական չունի միայն Վայքում:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Աշոտ Թորոսյանը՝ ՆԺԿ վարչության անդամ եւ կազմբաժնի ղեկավար: Թե թվով քանի նախընտրական ենթաշտաբներ կունենա ՆԺԿ-ն՝ տակավին պարզ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել