Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՎՈՒՄ

Մարտ 16,2007 00:00

«Այսօր անհամեմատ ավելի մեծ նշանակություն ունի լավ ընտրություններ անցկացնելու խնդիրը՝ հենց Հայաստանի՛ համար,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:- Առաջիկա ԱԺ ընտրություններն ունեն բացառիկ նշանակություն Հայաստանի ապագայի համար, եւ պայմանավորված այն հանգամանքով, թե բոլոր քաղաքական ուժերն իսկապե՞ս սա կգիտակցեն՝ այս գիտակցության չափից է կախված, թե ընտրությունները կլինե՞ն այդպիսին, թե՞ ոչ»: «Առավոտը» նկատեց, որ նման հայտարարություններ անում են ՀՀԿ նաեւ այլ առաջնորդները, բայց նույն ժամանակ արվում են գործողություններ, որոնք թույլ են տալիս կասկածել նման պնդումների անկեղծությանը: Ասենք, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Բեգլարյանի ղեկավարած Կենտրոն համայնքում անձնագրեր են հավաքում: «Եթե ՀՀԿ-ն իրոք ուզում է ազատ-արդար ընտրություններ անցկացնել՝ ինչո՞ւ եք հավաքում անձնագրեր»,- հարցին պրն Թորոսյանը պատասխանեց. «ՀՀԿ խորհուրդը որեւէ մեկին ցուցում չի տվել անձնագրեր հավաքել կամ նման ինչ-որ քայլեր անել: Երկրորդ, կարծում եմ, հայտարարությունների անկեղծությանը կասկածելու հիմքեր չկան: Բացարձակապես չեմ կարող ասել, թե չի լինի որեւէ խախտում կամ խախտման փորձ: Այլ բան է, որ պետք է ամեն ինչ անել, որ եթե անգամ ինչ-որ խախտումներ տեղի ունենան՝ ժամանակին դրանց առաջն առնենք, որ դրանք որեւէ ազդեցություն չունենան ընտրությունների որակի վրա»: Տիգրան Թորոսյանը նաեւ նշեց. «ՀՀԿ-ն ունի մի քանի տասնյակ հազար անդամներ, եւ կարո՞ղ է որեւէ մեկը հայտարարել, թե կարող է վերահսկել այդ մի քանի տասնյակ հազարավոր անդամներից յուրաքանչյուրի գործողությունները: Կարծում եմ, որ ո՛չ: Եվ ես չեմ կարող բացառել, թե կարող է ինչ-որ մի բան լինել, որի մեջ կարող է Հանրապետական կուսակցության ինչ-որ մի անդամ մասնակից լինել, այնպես, ինչպես որեւէ մեկը չի կարող իր կուսակցության համար դա բացառել։ Բայց որ ՀՀԿ-ն վճռական է եւ ամեն ինչ կանի, որ խախտումներ չլինեն, իսկ խախտումների փորձերի դեպքում՝ անկախ նրանից, թե ում կողմից դրանք կլինեն, ամեն ինչ կանենք, որ դրանք որեւէ ազդեցություն չունենան ընտրությունների վրա՝ կարող եք վստահ լինել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել